«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2006-04-13 | #68, 2006-04-14 | #69, 2006-04-15


ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ

Երեկ երկու հանդիպումներով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 15-րդ առաջնությունը: «Հանրապետական» մարզադաշտում երկրի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալել էր բարձրագույն խմբի նորեկ Կապանի «Գանձասարին»: Խաղից առաջ թիմերի ավագներ Սարգիս Հովսեփյանն ու Արմեն Տատինցյանը Հայաստանի օրհներգի ուղեկցությամբ բարձրացրին հանրապետության դրոշը:

Խաղն անցավ երկրի չեմպիոնի որոշակի առավելությամբ, որը շնորհիվ ֆուտբոլիստների ավելի լավ պատրաստականության եւ բարձր վարպետության, խոշոր հաշվով հաղթանակ տոնեց: Առաջին խաղակեսում «Փյունիկը» փաստորեն վճռեց հանդիպման ելքը` մրցակցին ստիպելով երկու անգամ գնդակը դուրս բերել ցանցից: «Փյունիկի» հարձակման գծում իրենց ակտիվությամբ աչքի էին ընկնում երկարատեւ ընդմիջումից հետո հարազատ կոլեկտիվ վերադարձած Արսեն Ավետիսյանը, ինչպես նաեւ նորեկներ Տիգրան Ղարաբաղցյանն ու Բորիս Մելքոնյանը: Առաջին վտանգավոր պահն էլ հյուրերի դարպասին ստեղծվեց հենց նշված եռյակի ջանքերով: Աջից ստանալով փոխանցում, Արսեն Ավետիսյանը շրջադարձ հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Առաջ անցնելով նշենք, որ «Փյունիկի» 33-ամյա փորձառու ռմբարկուն, որ վերջին տարիներին արդյունավետ խաղով աչքի էր ընկնում նաեւ ռուսաստանյան թիմերում հանդես գալիս, բնավ էլ չի կորցրել իր նշանառությունը: Այս խաղում նա երկու անգամ հասավ հաջողության, ընդ որում երկու դեպքում էլ դարպասը գրավեց գլխի հարվածներով:

Առաջին գոլը գրանցվեց 31-րդ րոպեին, երբ աջից ստանալով Լեւոն Փաչաջյանի փոխանցումը, Արսենը գլխի հարվածով բացեց հաշիվը` դառնալով ընթացիկ առաջնության անդրանիկ գոլի հեղինակ: Մինչեւ ընդմիջում Լեւոն Փաչաջյանը երկրորդ անգամ ստիպեց խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: «Գանձասարի» ֆուտբոլիստները ձգտում էին սպառնալ մրցակցի դարպասին, սակայն նրանց գրոհներում բացակայում էր սրությունը: Առջեւի գծում հյուրերի կազմում գործում էին փորձառու Արթուր Քոչարյանը եւ թիմի անցյալ տարվա լավագույն ռմբարկուներից մեկը` Վիլեն Հարությունյանը: Վերջինս ընդմիջումից քիչ անց մեն-մենակ հայտնվեց դարպասապահի դիմաց, սակայն չկարողացավ գրավել դարպասը: Իսկ ահա փյունիկցիները ավելի հաջողակ գտնվեցին: 71-րդ րոպեին թիմի ձեռնարկած հերթական գրոհը դիպուկ հարվածով ավարտեց Ալեքսանդր Պետրոսյանը: Դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը հետ մղեց գնդակը եւ վրա հասած Արսեն Ավետիսյանը գլխի հարվածով երրորդ գոլը խփեց: «Փյունիկի» առավելությունը նկատելի էր եւ խոշոր հաշվով տարած հաղթանակը (3-0)` օրինաչափ:

Այսպիսով, երկրի չեմպիոնը հաղթանակով սկսեց առաջնությունը, իսկ թիմի ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանը երկու գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը: Իսկ ահա նախորդ առաջնության արծաթե մրցանակակիր Աշտարակի «Միկան», որն ընթացիկ մրցաշրջանում համալրվել է մի խումբ լեգեոնականներով, Գյումրիում չկարողացավ հաղթել վերջին երկու տարիներին անհաջող հանդես եկող շիրակցիներին: Դարպասը գրավելու երկու թիմերի ջանքերն էլ ապարդյուն անցան:

Այսօր տեղի կունենան առաջնության մյուս երկու հանդիպումները: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Հրազդան» մարզադաշտում «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ կայանալիք մրցավեճը: Երկու թիմերն էլ նոր մրցաշրջանը դիմավորել են նոր գլխավոր մարզիչների գլխավորությամբ, իսկ ֆուտբոլային կոլեկտիվները համալրվել են նոր ֆուտբոլիստներով: Մյուս խաղում` «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափեն «Ուլիսն» ու «Կիլիկիան»: Այս երկու թիմերն էլ առաջնությունը կսկսեն նոր մարզիչների գլխավորությամբ: Թե ինչպիսի արդյունք կտան այդ փոփոխությունները, ցույց կտա առաջնության ընթացքը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4