«Ռուս-հայկական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ապրիլի 24-ին, ժամը 19-ին Մոսկվայի «Էրմիտաժ» այգում տեղի կունենա «Արաքս» բելգիական խմբի բարեգործական համերգըՙ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդմամբ, «Արաքս» համույթի ելույթի ցանկում ավանդական հայկական երաժշտությունն է ժամանակակից մեկնաբանություններովՙ դասական կիթառի, ֆլեյտայի, թավջութակի, շվիի եւ դուդուկի օգտագործմամբ:
Համերգի նպատակն է Ռուսաստանի քաղաքական եւ հասարակական շրջանակների ուշադրությունը հրավիրել հայերի ցեղասպանության թեմայի վրա, ինչպես նաեւ նպաստել հայ համայնքի, հատկապես երիտասարդության համախմբմանը: Համերգի տեղեկատվական հովանավորներն են մի շարք ռուսաստանյան ԶԼՄ-ներ, իսկ համերգին հրավիրված են Հայաստանի եւ Ռուսաստանի հայտնի քաղաքական գործիչներ: