Գրողների շենքը չի քանդվելու
Հայաստանի գրողների միության շենքը երրորդն էր ստեղծագործական միություններից, որի կառուցապատման շուրջ ծավալվող խոսակցությունները օրինաչափորեն ունեցան մամուլի եւ հասարակության արձագանքներ: Որովհետեւ Երեւանում քանդման ենթակա որեւէ կառույցՙ պատմական, գեղարվեստական թե զուտ հնարժեքության նշանակությամբ, ունենում է նմանաբնույթ արձագանք: Քիչ այլ էր գրողների պարագայում, երբ բուն խնդիրներին ածանցվեցին զանազան այլաբնույթ խոսակցություններ, որոնց տուրք տվեց նաեւ մամուլը: Սա էլ օրինաչափ է, եթե նկատի ունենանք հայկական այսօրվա մթնոլորտը, նաեւ գրողների ներքին հակասություններն ու ծայրահեղությունները:
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, որ Անթիլիասից ուրբաթ օրը պատվիրակության հետ վերադարձավ Երեւան, երեկ արդեն հրավիրել էր մամուլի ասուլիս` օր առաջ, որովհետեւ Բեյրութում Հանրային հեռուստատեսությունից արդեն տեղյակ էր գրողների տան եւ իրենց շուրջ արդեն ձեւավորված կարծիքներին: Անանյանը նախՙ ընդհանուր ներկայացրեց Անթիլիասում անցկացված գրողների համաժողովը (որին «Ազգը» անդրադարձել էր նախապես, ըստ Անթիլիասից ստացված հաղորդագրությունների): Մեր նախընթաց անդրադարձին հավելենք, որ Արամ Առաջին կաթողիկոսը Լեւոն Անանյանին պարգեւատրել է «Սբ. Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Ամփոփելով համաժողովի արդյունքները` Անանյանը կարեւորեց մի քանի առաջարկներ` սկսած 2006 թվականից ամեն տարի Հայաստանից Բեյրութ կհրավիրվեն երկուական գրող` հանդիպումներ ունենալու սփյուռքահայ գրական, կրթական շրջանակների հետ: Որոշվել է մանկապատանեկան գրականության մրցանակ սահմանել, բացել համահայկական հիմնադրամի Բեյրութի բանկային մասնաճյուղ, առաջարկվել է աշխատանքներ տանել հայ գրականությունը միջազգայնացնելու ուղղությամբ` առավել ընդգրկուն դարձնելու հայաստանյան եւ սփյուռքյան գրողների համատեղ կայքէջը: Համաժողովի որոշմամբ հերթական չորրորդը կայանալու է Երեւանում, իսկ հինգերորդը` Հալեպում:
Գրողական ընտանիքի «խռովահույզ» հարցերից մեկը Անթիլիաս մեկնողների կազմն էր (գրականագետների գերակշռող եւ երիտասարդներին չընդգրկող մասերով), որն առաջադրողները, ամենայն հավանականությամբ, հյուրընկալող կողմը չէր, քանի որ ըստ մեր տեղեկության, Արամ Առաջինը հանդիպումներից մեկի ժամանակ խնդրել էր մեր գրողների մասին տեղեկություններ տալ: Ըստ Անանյանի, մեկնող կազմի մեկ երրորդը գրականագետներ էին, երկու երրորդը` գրողեր: Ինչ վերաբերում է երիտասարդներին, նրանք էլ շուտով համահայկական հավաք կունենան: Այս հարցերում չխորանալով, մեր տեղեկություններով, մեկնողների մի մասը այնքան էլ չի «փայլել» բարեկրթությամբ` չկարողանալով դիմադրել իր վաղեմի սովորություններին, դրսեւորելով ծանոթ որակներ ու հատկանիշներ:(*)
Ասուլիսի հաջորդ` կարեւոր մասը վերաբերում էր գրողների շենքի ճակատագրին: Լեւոն Անանյանը զանգվածային լրատվամիջոցների, մասնավորապես հեռուստատեսության այդ օրերի արձագանքները որակեց լրագրողական էթիկայի եւ բարոյականության սահմաններից դուրս: Անանյանը հայտարարեց, որ գրողների միության շենքը չի քանդվելու եւ որեւէ առաջարկ շենքի քանդման հետ կապված, իրականություն չի դառնալու, հակառակ պարագայում նույն օրը ինքը հրաժարական կտա: Գրողների 2005 թ. XIV համագումարը որոշում է ընդունել ինչպես շենքի վերակառուցման, նաեւ հարակից տարածքի կառուցապատման մասին: Այդ ընթացքում եղել են երեք առաջարկ` ներդնողներից մեկը պարսկահայ է, մյուսըՙ ԱՄՆ-ից մտավորական մի խումբ եւ երրորդը` վերջին աղմուկ հարուցողը: Վերոհիշյալ առաջարկը մինչ Բեյրութ մեկնելը, քննարկվել է վարչության նիստում: Առաջարկված երկու նախագծերից առաջինի համաձայն, ՀԳՄ ներկա շենքը ներառվում է (քանդվում է) նոր բարձրահարկ համալիր կառույցի կազմում` ճարտարապետական հետաքրքրական մտահղացմամբ նորակառույցի ճակատային մասում գրողների խորաքանդակներով, անշուշտ, նաեւ ՀԳՄ ցուցատախտակով: Առաջարկը մերժվել է` նկատի ունենալով Բաղրամյան փողոցի ընդհանուր նկարագիրը (բարձրահարկերի բացակայությունը), շինարարական անհամոզիչ նախագիծը եւ բացի դա կառուցապատման 2-3 տարիների ընթացքում գրողների միության աշխատանքները կկազմալուծվեն: Երկրորդ նախագիծը, թերեւս, ըստ. Լ. Անանյանի, առավել օպտիմալ է` պահպանելով ներկա շենքը, տարածքում բարձրանում է կցակառույց (փայատիրական սկզբունքների, դրանցից ածանցվող հետեւանքների եւ քաղաքաշինական հարցերի մասին` ավելի ուշ):
Շենքի վերակառուցման խնդիրը ակտուալ է, Լինսի ծրագրի շրջանակների մեջ չի կարող մտնել, քանի որ մշակութային օջախներ այս անգամ ներգրավված չեն: Սակայն շենքի վերանորոգման ծրագիրը քննարկվում է կառավարությունում, Գյուլբենկյան հիմնարկությունը խոստացել է հոգալ դահլիճի վերանորոգման ծախսերը: Անանյանն անդրադարձավ նաեւ մամուլում արծարծված Վահան Թամարյանի բնակարանի, Ծաղկաձորի, Սեւանի ստեղծագործական տների հետ կապված խնդիրներին (վերջինս բոլորովին ապահով վիճակում է, շուտով կվերանորոգվի, կողքն էլ կտեղադրվի Ավ. Իսահակյանի արձանը): Ինչ վերաբերում է համահայկական գրական հիմնադրամի` 200.000 դոլարից վերականգնման համար հատկացումներ անելուն, ապա դա այնքան էլ մեծ գումար չէ եւ բացի այդ կան գրողների սոցիալական հարցեր, հրատարակչական ծախսեր եւ այլն:
Այսպես ուրեմն, Անանյանի հավաստիացմամբ, գրողների շենքը չի քանդվելու, իսկ ՀԳՄ պատկան շրջակա տարածքում նպատակահարմարությամբ փորձելու են հրատարակչական, տպագրական, գրախանութային համալիր ցանց ստեղծել:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
(*) Բեյրութից մեր ստացած տեղեկությունների համաձայն, Հայաստանի գրողների պահվածքն Անթիլիասում հաճախ եղել է անլուրջ, թափթփված: Շատերը չեն մասնակցել նիստերին, փոխարենը նախընտրելով անձնական ծանոթների հետ թրեւ գալ այստեղ-այնտեղ: Ոմանք հարց են տալիս, թե ի վերջո համահայկական ի՞նչ լավ նպատակի ծառայեց այս ամենը: Ուրիշներն ասում են, որ համաժողովի կազմակերպման համար ծախսված շուրջ 100 հազար դոլարը, թերեւս, կարելի էր ծառայեցնել օգտակար մի այլ նպատակի, ասենքՙ Հայաստանի գրողների տան վերանորոգմանը... ԽՄԲ: