Այս տարվա առաջին եռամսյակում կատարվածը եւ կարեւոր կատարվելիքը երեկ ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ամենշաբաթյա ճեպազրույցում: Բնականաբար, առանձնացվեցին քաղաքի համար խոցելի խնդիրները, որոնք ներկա պահին քաղաքային իշխանությունների գլխավոր գլխացավանքն են` տրանսպորտ, իրացվող տարածքներ, աղբահանություն:
Չինական ավտոբուսներ Երեւանում
Միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների քանակն անցյալ տարի Երեւանում ավելացել է 14 հազարով: Այդ թիվն աճման միտում ունի: Դա ակնհայտորեն կենսամակարդակի բարձրացման նշան է, միայն թե այդ բարձրացումից շարքային երեւանցիների նյարդերը քայքայվում են: Երթուղիների գերհագեցածության պատճառով Երեւանում դժվարացել է հասարակական փոխադրամիջոցներով տեղաշարժվելը: «Առաջիկա տարիներին փողոցների վերակառուցումն ու ավտոտրանսպորտը երկրի իշխանությունների համար առաջնահերթ հարցերը կլինեն: Արդեն հաշվարկվել է քաղաքի կենտրոնական մասից հանել 350 միկրոավտոբուս եւ բեռնաթափել քաղաքի այդ հատվածը, ճշտվել են նաեւ երթուղիները»: Բեռնաթափումների սուրբ գործին կծառայեն նաեւ Սարալանջի փողոցի, գլխավոր հատակագծով նախատեսված շրջանցիկ մագիստրալ մայրուղիների կառուցումները:
Միկրոավտոբուսային տիրապետությունից Երեւանն ազատագրելու համար մյուս տարի նախատեսվում է եւս 100 ավտոբուսի ներկրում, մինչեւ հասնեն 380-400 նոր ավտոբուսների սահմանագծին: Մյուս տարի նախատեսվում է թարմացնել ու վերակենդանացնել նաեւ տրոլեյբուսային պարկը: Ավարտվել են բանակցությունները չինական ֆիրմաների հետ, եւ առաջիկա 2-3 ամիսներին 100 նոր ավտոբուսներ կներկրվեն Երեւան: Նախատեսված է, որ սրանց երթուղիները պիտի անցնեն քաղաքի կենտրոնական մասով: «Ուղեւորավարձերի փոփոխություն չի նախատեսվում առաջիկայում», գազի գնի մասնակի թանկացումը նկատի առնելով, նաեւ այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:
Կոզեռնը` կոզեռնցիներին
Հայտնի է, որ քաղաքապետարանն արդեն գույքագրումներ է անում այս թաղամասում, եւ «յուրաքանչյուր քաղաքացու պարագայում առանձին լուծումներ են առաջարկվելու»: Իրացումը նախատեսվում է սկսել հենց այս տարվանից:
Կոզեռն թաղամասում բարձրահարկ շենքեր չեն կառուցվի, որովհետեւ անվտանգության գոտի է համարվում ԱԺ-ի, նախագահի նստավայրի եւ մյուս հաստատությունների համար: Այստեղ կլինեն միայն 4-5 հարկանի շենքեր: Կոզեռնի բնակիչներին հավանաբար կառաջարկվի կառուցապատման ակտիվ մասնակիցներից դառնալ, որ հենց իրենց ձեռքով կառուցեն իրենց բնակարանը (ասենք, մի քանի ընտանիքներ միանալու սկզբունքով), եթե, իհարկե, 4-5 հարկանի շենք կառուցելու ֆինանսական հնարավորություններ կունենան: Այնուամենայնիվ, Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ անկախ այս կարգի բոլոր ծրագրերից ու առաջարկներից, մինչեւ յուրաքանչյուր կոզեռնցու հետ չհստակեցվեն բոլոր խնդիրներն ու փաստաթղթերը, այստեղ կառուցապատում չի սկսվի:
«Ես բոլորովին այն կարծիքին չեմ, որ բոլոր դեպքերում մենք 100 տոկոսանոց իրացումներ ենք արել: Եղել են եւ բացթողումներ, ոչ ճիշտ մոտեցումներ, բայց դրանք շատ չնչին են եւ շատ քիչ: Հետագայում, իրացման աշխատանքների ժամանակ մենք բոլոր քաղաքացիների շահերն ու ցանկությունները հաշվի կառնենք», մինչ այժմ եղածին անդրադարձ անելով, խոստացավ քաղաքապետը:
Հյուսիսային պողոտայի կառուցապատումը կավարտվի 2007 թվականին: Արդեն մայիսին կշահագործվի պողոտայի առաջին հատվածը` Թումանյան փողոցից մինչեւ Լալայանց: Գլխավոր պողոտայի աշխատանքները կավարտվեն 2008 թվականին:
Մրցույթ է հայտարարվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքի կառուցապատման համար: Այս տարի կսկսվի նաեւ հանրահայտ «Ֆիրդուսնոցի» իրացումը: Այստեղ կկառուցապատվի շուրջ 5 հա տարածք, նախատեսվում են նաեւ սոցիալական ենթակառուցվածքներ` մանկապարտեզ, դպրոց եւ այլն: Կոնդի իրացման համար նոր մրցույթ է հայտարարվելու, որին կարող են մասնակցել նաեւ կոնդեցիները:
Քաղաքապետարանն արդեն 1300 պայմանագիր է կնքել իրացման տարածքների բնակիչների հետ: Իրացումներից բողոքողները հիմնականում Հյուսիսային պողոտայի բնակիչներն են: Ըստ քաղաքապետի, սակայն, Հյուսիսային ու Գլխավոր պողոտաների բողոքողների թիվը 28-ից չի անցնում:
Անդրադառնալով ապրիլի 15-ի ծառատունկին, քաղաքապետը նշեց, որ նախատեսված 80 հազարի փոխարեն Երեւանում արդեն տնկվել է 90 հազար ծառ: Ծառատունկն իրական դարձնելու համար եւ ծառերի գոնե 60-70 տոկոսի կպչողունակություն ապահովելու համար ոռոգման համակարգի վերակենդանացման աշխատանքները շարունակվում են:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ