«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2006-04-14 | #69, 2006-04-15 | #70, 2006-04-18


ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԲԱՐՁՈՒՆՔՈՒՄ

Ցեղասպանության հուշարձանից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա

Անհայտ նշանակության կղմինդրածածկ տնակներ եւ ավտոտնակներ են կառուցվում Երեւանի մարզահամերգային համալիրի հարեւանությամբ, ինչից միայն կարելի է ենթադրել, որ շատ շուտով այստեղ կկառուցվի հերթական ռեստորանային համալիրը կամ զվարճանքի այլ օբյեկտ: Արդեն այսօր ակնհայտ է, որ այդ կառույցն ապօրինի է ոչ միայն այն պատճառով, որ դրա շինարարության թույլտվություն չի տվել Երեւանի քաղաքապետարանը, այլեւ որ կառուցվում է երկու այլ կառույցներիՙ ցեղասպանության թանգարան-ինստիտուտին եւ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին երկարաժամկետ իրավունքով օրենքով սահմանված կարգով տրված հողատարածքների վրա:

Այս մասին մեզ առաջինը տեղեկացրեց «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» տնօրեն Ստեփան Ստեփանյանը: Նա ներկայացրեց կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի որոշումները, համաձայն որոնց մարզահամերգային համալիրին է տրվել Ծիծեռնակաբերդի զբոսայգու հողօգտագործման իրավունքըՙ գնման նախապատվությամբ: Տնօրենը ներկայացրեց նաեւ վերոնշյալ փաստաթղթերի հիման վրա Երեւանի քաղաքապետարանի տված գլխավոր հատակագիծը եւ կադաստրի մարմինների տված սեփականության վկայականը: Ո՞րն է խնդրի էությունը:

Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Երեւանի խմելու ջրի ավազաններից մեկը, որի մի մասն ընկած է մարզահամերգային համալիրին, մյուս մասըՙ ցեղասպանության ինստիտուտին պատկանող տարածքներում: Ջրավազանը գտնվում է Երեւանի ջրմուղ-կոյուղու «Կենտրոն» տարածքային բաժանմունքի տնօրինության տակ եւ որպես կառույց չունի սեփականության վկայական: Այսինքն, նույնպես ապօրինի կառույց է: Ընդ որում, ոչ միայն ջրավազանի մի մասն է գտնվում մարզահամերգային համալիրին պատկանող տարածքում, այլեւ այսպես կոչված «սանիտարական գոտին» է խորանում դեպի այդ տարածքըՙ խախտելով տնտեսվարողին օրինականորեն տրամադրված սեփականության իրավունքը: Այս իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին Երեւանի քաղաքապետարանն է: Վերջինս նույն տարածքը մի քանի տարբեր մարդկանց կամ իրավաբանական անձանց հատկացնելու, ինչպես նաեւ առանց խորամուխ լինելու, թե ինչ նշանակության կառույցներ կան տվյալ տարածքում, հողահատկացումներ կատարելու տարիների հարուստ ավանդույթներ ունի: Այս անգամ եւս բացառություն չի արվել, ինչի պատճառով վեճ է առաջացել երկու կազմակերպությունների միջեւ: Սակայն ավելի վրդովեցուցիչն այն է, ինչ կատարվում է ջրավազանի մյուսՙ ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տարածքում գտնվող հատվածում:

Առաջին իսկ հայացքից երեւում է, որ դատարանի որոշմամբ կասեցված, ապա նույն դատարանի որոշմամբ ինչ-ինչ պատճառներով կասեցումը դադարեցրած, որից հետո լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքները նման չեն ջրավազանի նորացման եւ բարեկարգման աշխատանքներին: Արդեն կառուցվել են քոթեջանման շինություններ կանաչ տարածքների հաշվին եւ հենց դրանց կենտրոնում: Երեւանի քաղաքապետարանն իր հերթին օլիմպիական հանգստությամբ է վերաբերվում այս ամենին, չնայած բազմիցս հայտարարել է, որ ապօրինի կառույցների շինարարություն, առավել եւս կանաչ տարածքներում, չի թույլատրվելու: Առավել եւս, որ այս անգամ հերթական օբյեկտը կառուցվում է ցեղասպանության հուշարձանի հարեւանությամբ, այլ կազմակերպություններին տրված հողատարածքների վրա: Սակայն, ինչպես տեսնում ենք, հայտարարություններն այլ բան են, իրականություննՙ այլ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4