«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2006-04-14 | #69, 2006-04-15 | #70, 2006-04-18


ԵԹԵՐԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՒՄ Է ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅԱՆ ԻԴԵԱԼ. ԹԻՐԱԽԸ ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԵՆ

Լինել ագրեսիվ նշանակում է լինել ուժեղ: Այս սկզբունքն ամեն օր բոլոր հեռուստակայաններով ցուցադրվող ֆիլմերի եւ մուլտֆիլմերի միջոցով երեխային մատուցվում է որպես ճշմարտություն: Հոգեբանները նշում են, որ առաջին հայացքից գուցե ոչինչ չնշանակող այս երեւույթը խոր հետք է թողնում երեխայի ներաշխարհի վրա, դառնում է գործելաոճի, բնավորության հիմք: Մեծանալուց հետո երեխան ինքնահաստատման համար ընտրում է բռնության ուղին:

Երեխան ընդհանրապես չէր կարողանում քնել, գիշերն անընդհատ վեր էր թռչում, երազում աչքեր էր տեսնում, ագրեսիվ հերոսների դեմքեր: Մանկական հոգեբան Ինեսա Պողոսյանի աշխատանքում նման դեպքերը հազվադեպ չեն, դրանց զգալի մասը հեռուստաեթերի տպավորություններից է, իսկ եթերն այսօր պարզապես ողողված է բռնության տեսարաններով: «Ագրեսիա տեսնելով երեխան կարող է նույնացնել իրեն ագրեսիվ հերոսի հետ, դաժանությունը կիրառել ինքն իր կամ ավելի փոքր երեխաների նկատմամբ, հեռուստաէկրանից տեսածը երեխայի համար դառնում է օրինակելի», շարունակում է Ինեսա Պողոսյանը:

Իհարկե, ամբողջությամբ երեխային զերծ պահել ագրեսիա կոչվող երեւույթից ճիշտ չէ, պարզապես խնդիրը մատուցման ձեւի մեջ է: Հոգեբան Կարինե Նալչաջյանն ահազանգում է, որ այսօրվա ֆիլմերում եւ մուլտֆիլմերում ուժն ու ագրեսիան նույնացվում են, լինել ագրեսիվ նշանակում է լինել ուժեղ: Էկրանից մատուցվում է ագրեսիվության իդեալ:

Ֆիլմերն ու մուլտֆիլմերը հաճախ ընդհատվում են գովազդով (մեծ մասամբ անորակ), դրանց թիրախը կրկին մանուկներն են: Մայրաքաղաքի թիվ 6 դպրոցի տնօրեն Օվսաննա Բաբայանի խոսքով, գովազդը դարձել է մանկխորհրդի նիստերի քննարկման առարկա: Առաջին հայացքից ծիծաղելի թվացող գովազդային մանրապատումները երեխաների հոգեբանության վրա մեծ ազդեցություն են թողնում. երեկոյան դիտում են, առավոտյանՙ կրկնում: Սակայն գովազդ պատրաստող գործակալություններն ու գովազդատուներն այս մասին ամենավերջում են մտածում կամ չեն մտածում ընդհանրապես. գուցե խնդիրը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է, թե՞ պրոֆեսիոնալիզմը հուշում է բավարարել առկա պահանջարկը:

Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4