Այսօր Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել է եռօրյա ցուցահանդես` նվիրված հայկական պատմամշակութային այն կոթողներին, որոնք հարեւան պետություններում են: Ի տարբերություն Իրանում գտնվող հուշարձանների, Ադրբեջանի, Վրաստանի, Նախիջեւանի եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում այս հուշարձանները ոչնչացման եզրին են: «Իրանի Իսլամական Հանրապետությունում հայկական հուշարձանները պատշաճ հոգածության ներքո են: Դրա վկայությունն է վերջերս ԻԻՀ հուշարձանների պահպանության վարչության առաջարկով ի թիվս 5 այլ հուշարձանների Ս. Թադեւոս առաքյալ վանքի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ գտնվող հուշարձանների շարքում», կարդում ենք Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ինտերնետային էջում:
Ինչպես «Ազգին» տեղեկացրեց ուսանողական միության ղեկավար Իշխան Սաղաթելյանը, ցուցադրվելու են հուշարձանների նախկին եւ ներկա վիճակը ներկայացնող Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության քառասուն զույգ լուսանկարներ:
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ մինչեւ ապրիլի 24-ը շրջիկ ցուցահանդեսի լուսանկարները ներկայացվելու են պետական բուհերի Վանաձորի, Գյումրու եւ Իջեւանի մասնաճյուղերում:
Թ. Մ.