«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2006-04-14 | #69, 2006-04-15 | #70, 2006-04-18


ՊԱՏՄԱՎԵՊ` ՄԱՍՆԱԿՑԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Երեկ Նարեկացի արվեստի միության դահլիճում քաղաքագետ Արծրուն Պեպանյանի «Այրվելու գնացողը» գրքի շնորհանդես-քննարկումն էր, որին մասնակցում էր սակավաթիվ, բայց խիստ կոմպետենտ լսարան: Քաղաքագետ Արծրուն Պեպանյանի «Այրվելու գնացողը» պատմավեպն ընդամենը 80 էջանոց մի գրքույկ է, որ ընթերցողների ու գրականագետների մեկնաբանությամբ խոհափիլիսոփայական լուրջ ստեղծագործություն է` գրված գիտակցական բարձր մակարդակի ընթերցողի համար: Գրքի հերոսի նախատիպը հանրահայտ հոգեւորական Ջորդանո Բրունոն է, որին ինկվիզիտորները այրում են համարձակ դատողությունների ու հասարակության, աստվածաբանության շուրջ խիստ կարեւոր գաղափարների համար: Ինչպես նշեց Հրայր Ուլուբաբյանը. «Արծրունի գրականությունը փիլիսոփայական հաջողված միջոց է` հասարակության ճղճիմ մտածողությունը վերացնելու համար»: Մեր տխուր իրականությունն ու հասարակությունը բրունոների` այրվելու գնացողների կարիք ունեն, եւ հեղինակը ճիշտ թեմատիկ ընտրություն է արել, ասում էին քննարկման բանախոսները, որոնք գովաբանում էին հեղինակի գրքերի թեմատիկ յուրօրինակ ընտրությունները, խոհափիլիսոփայական խորիմաստությունն ու մատուցման յուրահատուկ ճաշակը: «Արծրունը կարողանում է անցյալով պատասխանել ներկային, բայց խփել դեպի հեռուները», ասում է լրագրող Վրեժ Սարուխանյանը, ով հավատացնում է, որ Պեպանյանի գիրքն ընթերցել է հիվանդանոցում պառկած օրերին եւ գրքի պարգեւած «ժամանակի ու տարածության մոռացությամբ» բուժվել:

Միաժամանակ գիրքը զերծ չէ փոքրիկ մի թերությունից, այն չունի ընթերցողին տրամադրող նախաբան: Այնուամենայնիվ, ներկաները նշեցին, որ Արծրուն Պեպանյանը բերում է գրականության նոր որակ, երբ պատմական ժամանակահատվածի, փոքր ձեւաչափի մեջ ներկայացվում են հասարակության ու մարդու հանապազօրյա խնդիրներ: Նա առաջարկում է լուծումներ, որ իր իսկ հավաստմամբ իրենն էլ չեն, այլ վերերկրային այն ուժերինը, որոնք «տանում են նրան ուրիշ տարածաչափական հարթություններ, երբեմն երազներ են հրամցնում, կամ ուղղակի թելադրում են» գրելիքը: Այսպես թե այնպես Ա. Պեպանյանը ստեղծագործում է նոր ու գեղեցիկ ոճի մեջ` հարստացնելով բարձրաճաշակ ընթերցողի ժամանակը, միտքն ու գրադարանը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4