Երեկ գրողների միության դահլիճում ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ բանախոս Մելս Սանթոյանը (բան. գիտ. դոկտոր-պրոֆեսոր) ներկաներին ծանոթացրեցին ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհի Թամարա Հովհաննիսյանի «Կինը» բանաստեղծությունների ժողովածուին ու գրողի անցած ուղուն: «Երկու տասնամյակ օտար ափերում ապրող Թամար Հովհաննիսյանը բանաստեղծության քրմուհի է»- այսպես է բնորոշել գրքի խմբագիր Ռոմիկ Սարդարյանը Թամարա Հովհաննիսյանին, որը 1975-ին ավարտելով ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, 88-ին մշտական բնակության մեկնեց ԱՄՆ: Թ. Հովհաննիսյանը այդ տարիներից ի վեր դարձել է գաղութի մշակութային եւ գրական ասպարեզներում ծանոթ անուն` հանդես գալով շուրջ 143 գրական ուսումնասիրություններով եւ հոդվածներով: 1992-ին նրան են վստահում Հյուսիսային Կալիֆոռնիայի Մոնթերեյ քաղաքի Միջազգային հարաբերությունների համալսարանը պաշտոնավարելու: Երեք տարի անց նա հայրենիքում «Վահան Թեքեյանի սիրերգությունը» աշխատության համար ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում:
Շուրջ մեկ տասնամյակ է, ինչ Թ. Հովհաննիսյանը Հյուսիսային Կալիֆոռնիայի բոհեմական Քարմել քաղաքում ներկայացնում է ժամանակակից եվրոպական արվեստի գործեր իր տնօրինած երեք հոյակերտ ցուցասրահներում, մշտապես հայ գեղարվեստի ներկայացուցիչների ստեղծագործությունները եւս ներկայացնելով: Ամերիկյան գործարար աշխարհի հարգված եւ լրջորեն գնահատված ներկայացուցիչներից է մեր հայրենակցուհին, որին շնորհվել է Ռոնալդ Ռեյգանի անվան ոսկե մեդալը ու համարվել ԱՄՆ-ի Կոնգրեսի գործարար խորհրդի անդամ: Գրողին բարձր է գնահատել նաեւ գրականագետ Երվանդ Ազատյանը, նշելով «Թ. Հովհաննիսյանը անկեղծ ու վճիտ թափանցումը ունի Թեքեյանի քերթողության եւ մանավանդ անոր սիրերգության: Իր ներկայ հատորը սեր մըն է` Թեքեյանի սիրերգության, քնքուշ, գունային, թախծոտ ու նաեւ առույգ... կը վստահեցնեմ թե ան նոր պատուհան մը կը բանա` արեւելահայ գրականութենեն դեպի արեւմտահայ գրականություն` Թեքեյանը լիովին ճանչցած ըլլալու իր փաստով»:
Հուզված էր օրվա հերոսը, որը մեր զրույցի ընթացքում անկեղծացավ, որ այս հավաքական ժողովածուն իր վերջին 10 տարիների տվայտանքներն են, որ կարողացավ ի վերջո ի մի բերել ու հայրենիքում հրատարակել, որպեսզի աշխատի նոր 4-րդ գրքի վրա, հայրենիքի հողից ու ջրից ստացած նոր լիցքերը համադրելուց հետո:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ