Մհեր Մկրտչյանը նոկաուտի ենթարկեց EBU-ի վարկածով Եվրոպայի չեմպիոնին
Նախկին գյումրեցի բռնցքամարտիկ, ներկայումս Սանկտ Պետերբուրգում բնակվող Մհեր Մկրտչյանը ֆրանսիական Ռեյմս քաղաքում կայացած մենամարտում 11-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով EBU-ի վարկածով Եվրոպայի ներկայիս չեմպիոն, ֆրանսիացի Ջեքսոն Շանեին, արժանացավ պատվավոր տիտղոսին: Այդ հաղթանակը 29-ամյա հայ բռնցքամարտիկի համար պրոֆեսիոնալ ռինգում 23-րդն էր, որից 17-ը նա տոնել է նոկաուտով: Առայժմ Մհերը պրոֆեսիոնալ ռինգում ընդամենը երկու պարտություն է կրել: Դրանցից մեկում նա 2004 թ. փետրվարի 21-ին զիջել էր հանրահայտ Ջո Կալզագեին: Այդ մենամարտը WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար էր:
Իսկ առաջին պարտությունը Մհերը կրել էր պրոֆեսիոնալ գործունեության սկզբում` 2001 թ. զիջելով Դենիս Ինկինին: Հայ բռնցքամարտիկի մարզական կենսագրությունում երկու նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել: 2002 թ. նա նվաճեց IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը` Սանկտ Պետերբուրգում պարտության մատնելով աֆրիկացի Ջոզեֆ Նգանդուին: Նույն տարում նա արժանացավ նաեւ WBO Asia-Pacific վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսին` դժվարին մենամարտում միավորներով առավելության հասնելով իր հայրենակից Վահե Քոչարյանի նկատմամբ: Հիշարժան էր նաեւ Ֆլորիդայի նահանգում կայացած մենամարտը, որտեղ Մհերը նոկաուտի ենթարկեց անվանի Ֆրիման Բերին: Այդ հաղթանակի շնորհիվ հայ բռնցքամարտիկը WBO-ի վարկանիշային ցուցակում առաջին տեղը զբաղեցրեց եւ իրավունք ստացավ հետագայում մենամարտել Ջո Կալզագեի հետ:
Ինչպես հայտարարել է նորընծա չեմպիոնի մարզիչ Վլադիմիր Վիդովը, բռնցքամարտի մասնագետներից եւ սիրահարներից շատերի համար Մհեր Մկրտչյանի հաղթանակն անսպասելի էր: Հետաքրքրական է, որ Շանեն այնքան վստահ էր իր հաղթանակի հարցում, որ նույնիսկ մենամարտի անցկացման վերաբերյալ կնքած պայմանագրում չէր նշել ռեւանշի հասնելու համար անցկացվելիք հնարավոր մենամարտի պայմանները: Այնպես որ, որոշ ժամանակ անց Մհերն ինքը կարող է տիտղոսի պաշտպանության համար մրցակից ընտրել: Նշենք, որ Մհերի հաջողությունում իր ներդրումն է ունեցել նաեւ Հայաստանի վաստակավոր մարզիչ Մանվել Գաբրիելյանը` աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուեւի ներկայիս մարզիչը, որի մոտ Մկրտչյանը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին քայլերն է կատարել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ