«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2006-04-14 | #69, 2006-04-15 | #70, 2006-04-18


ԼԵԳԵՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՈՐՈՇԻՉ ՉԷ

Երկու հանդիպումներով ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկային տուրը: «Հրազդան» մարզադաշտում «Արարատը» հյուրընկալել էր առաջնության բրոնզե մրցանակակիր «Բանանցին»: Վերջինիս մեկնարկային կազմում ընդգրկված էին յոթ լեգեոնականներ: Առաջ անցնելով նշենք, որ դա որեւէ կերպ չնպաստեց իր կազմում ընդամենը մեկ բրազիլացի ֆուտբոլիստ ունեցող «Արարատի» նկատմամբ առավելության հասնելու: Ավելին, «Բանանցի» խաղը տպավորություն չթողեց: Իսկ ահա արարատցիները կարողացան հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ: Միակ գնդակը խաղի 43-րդ րոպեին խփեց «Արարատի» ավագ Էդգար Սաֆարյանը:

Խաղից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Կիսելյովը դժգոհեց իր ֆուտբոլիստների գործողություններից, որոնք չկարողացան գոլային պահերն օգտագործել: Նա դժգոհ էր նաեւ թիմի լեգեոնականների խաղի որակից, նշելով, որ նրանք երիտասարդ են եւ դեռեւս ժամանակ է անհրաժեշտ կոլեկտիվին մերվելու համար: Ըստ Կիսելյովի, արարատցիները խաղը կառուցելով հակագրոհների վրա, կարողացան պահպանել հաղթական հաշիվը:

«Արարատի» գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանն ուրախ էր իր թիմի հաղթական մեկնարկի համար: Ըստ նրա, հաջող սկիզբը կոգեւորի ու նոր լիցք կհաղորդի ֆուտբոլիստներին հետագա հանդիպումներում: Նա նաեւ նշեց, որ «Արարատը» ձեւավորման փուլում է, ֆուտբոլային նոր կոլեկտիվ է կազմավորվում, որտեղ փորձն ու երիտասարդությունը միաձուլված են եւ հարկավոր է ճիշտ օգտագործել խաղացողների հնարավորությունները:

Տուրի մյուս խաղում «Ուլիսը» հյուրընկալել էր «Կիլիկիային»: Առաջին խաղակեսում ավելի հաջողակ գտնվեցին «Ուլիսի» ֆուտբոլիստները, որոնցից Գոռ Աթաբեկյանը բացեց հաշիվը: Ընդմիջումից հետո «Կիլիկիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց փոխել մրցակցության ընթացքը եւ հաղթանակ տոնել շնորհիվ Սարգիս Մովսիսյանի եւ Արման Մինասյանի խփած գոլերի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4