Կովկասյան երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման նպատակով ապրիլի 27-ին Մոսկվայում կհանդիպեն քառակողմ կոնսորցիումի (Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Աբխազիա) ներկայացուցիչները: Այս մասին, «Ռեգնումի» հաղորդմամբ, տեղեկացրել է ՀՀ Աժ պատգամավոր, հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի համանախագահ Վլադիմիր Բադալյանը:
Շինարարական աշխատանքների մեկնարկման հիմքը կազմող տեխնիկատնտեսական հարցերն են քննարկվելու հանդիպման ընթացքում: Ներդրումների ապահովման հարցերն էլ օրակարգային են: Բադալյանի կարծիքով, չի բացառվում ինչպես գործարար շրջանակների ֆինանսական միջոցների, այնպես էլ բանկային վարկերի ներգրավումը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն միայն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելուց հետո: «Աբխազական երկաթուղու շուրջն առկա քաղաքական հարցերը, կարելի է ասել, հարթեցված են, արդյունավետ աշխատանքի դեպքում 2-2,5 տարի անց հնարավոր կլինի լիովին վերականգնել երկաթուղային կապը», գտնում է Վլադիմիր Բադալյանը: