«Ազգային լոբբի» վրացական ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Գեորգի Անդրեաձեն գտնում է, որ Վրաստանը ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյական իրավունք ունի պահանջելու Հայաստանի տարածքում գտնվող «վրացական» եկեղեցիների, ինչպես նաեւ Իսրայելում գտնվող եկեղեցու փոխանցումը վրացական եկեղեցուն: Նա կարծում է, որ այդ քայլը կլինի արժանի պատասխան հայկական կողմի բարձրացրած համապատասխան քայլին:
Ինչպես տեղեկանում ենք «Ռեգնում» գործակալությունից, «Ազգային լոբբիի» ղեկավարը համարում է, որ ներկայիս Հյուսիսային Հայաստանի տարածքում են հիմնականում գտնվում «վրացական» եկեղեցիները եւ, ըստ նրա, այդ տարածքները վաղ անցյալում պատկանել են Քվեմո Քարթլիին: Հուսանք, որ այդ եզրակացությունը հավասարազոր չէ տարածքային պահանջների եւ չի համապատասխանում պաշտոնական Վրաստանի մոտեցմանը:
Մյուս կողմից, երեկ գիշեր Արմինֆոն հաղորդեց, որ Վրաստանի ռազմական ոստիկանությունը մտել է Ախալքալաքի շրջան: