Նման կարծիք հայտնեց «Արդշինինվեստբանկի» վարչության նախագահը
«Արդշինինվեստբանկի» բաժնետերերը որոշել են 4,5 մլրդ դրամով (10 մլն դոլար) ավելացնել բանկի կանոնադիր կապիտալըՙ հասցնելով մինչեւ 7,5 մլրդ դրամի: Այս մասին, երեկ, ներկայացնելով բանկի 2005 թ.-ի տարեկան եւ 2006 թ.-ի առաջին եռամսյակի ցուցանիշները, հայտնեց վարչության նախագահ Արամ Անդրեասյանը: Նա նշեց, որ այդ գումարը ներդրվել է բանկի զուտ շահույթից եւ ցույց է տալիս, որ հիմնադիրները կարեւորում են բանկի կապիտալիզացիան:
Անցյալ տարին «Արդշինինվեստբանկի» համար վարչության նախագահը հաջողված համարեց: Նա նշեց, որ բոլոր կարեւոր ցուցանիշներովՙ ակտիվներ, ընդհանուր կապիտալ, պարտավորություններ, զուտ շահույթ եւ չբաշխված շահույթ, վարկային ներդրումներ, բանկի արձանագրած աճի տեմպերն ավելի բարձր են եղել բանկային համակարգում արձանագրված աճի միջին տեմպերի համեմատ: Նա հատկապես ընդգծեց այն հանգամանքը, որ «Արդշինինվեստբանկը» երկրորդն է Հայաստանի բանկերի մեջ իր ակտիվների մեծությամբ: Դրանք գերազանցում են 100 մլն դոլարի սահմանը, կազմելով 53 մլրդ դրամ կամ մոտ 125 մլն դոլար: Բացի այդ, բանկը համարվում է ամենախոշոր հարկատուն բանկերի մեջ եւ ընդգրկված է առաջին 50 խոշոր հարկատուների մեջ: Անցյալ տարի տարբեր հարկատեսակների գծով պետական բյուջե է մուծվել գրեթե 1 մլրդ դրամ:
Ըստ Արամ Անդրեասյանի, բանկն առաջինն է նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների գծով: Վարկառուների թիվը հասել է 73 հազարի: Շարունակվել է սպառողական վարկերի տրամադրումը: Բանկի վարչության նախագահի հավաստմամբ, սպառողական վարկերն ավելացել են 23 տոկոսով: Այդ հանգամանքը նա բացատրել է բնակչության մի մասի, իր հաշվարկներով, մոտ 30-35 տոկոսի կենսամակարդակի բարելավմամբ:
Հիպոթեկային շուկայում «Արդշինինվեստբանկը» դեռեւս ակտիվ քաղաքականություն չի վարում, սակայն մտադիր է ակտիվացնել իր գործունեությունը: Այդ նպատակով բանկը նաեւ նպատակ ունի մասնակցել գերմանական KfW-ի մրցույթին, քանի որ բավարարում է սահմանված պայմաններին: Բանկը նաեւ իրականացնում է բանկային փոխանցումներ, թողարկում քարտեր, որոնք հասել են 15 հազարի:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Հայաստանում կորպորատիվ կառավարման հայեցակարգի ներդրմանը, որտեղ սահմանազատվում են բանկի սեփականատերերի եւ կառավարիչների լիազորությունները, Արամ Անդրեասյանը պատասխանեց, որ ընդհանուր առմամբ ողջունում է կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդնումը: Նա այն կարծիքը հայտնեց, որ դա պետք է ներդնել նաեւ տնտեսության մյուս ճյուղերում, քանի որ, ի տարբերություն բանկային համակարգի թափանցիկ գործունեության, մյուս ճյուղերում մեծ ստվերայնություն կա եւ այդ հայեցակարգի ներդնումը կնպաստի ստվերայնության նվազմանը: Բանկի վարչության նախագահը հայտնեց, որ մինչեւ հուլիսի 1-ը այդ սկզբունքները կներդրվեն «Արդշինինվեստբանկում»: Նա միաժամանակ նշեց, որ կորպորատիվ կառավարման համակարգում կան կետեր, որոնք առողջ չեն: Օրինակ, ըստ նոր օրենսդրության, բանկի միջին օղակի աշխատակիցների կատարած գործարքները պետք է հաստատի բանկի բաժնետերերի խորհուրդը, ինչը, Արամ Անդրեասյանի կարծիքով, ճիշտ կլինի լիազորել բանկի վարչությանը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ