Ինչպե՞ս կարելի է գնահատել մեր երկրի տնտեսական վիճակը կամ ինչպիսի՞ խնդիրներ են խոչընդոտում գործարարության շրջանակների ընդլայնմանը: Այս հարցերի շուրջը զրուցեցինք այս ոլորտին քաջատեղյակ ընկերություններից մեկի` «Ալֆափլաս քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն եւ Ամերիկյան առեւտրի պալատի խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու Ալեքսանդր Պողոսյանի հետ:
- Հայաստանը տնտեսական բազմաթիվ խնդիրներով լի երկիր է: Գործարարների հետ ունեցած մեր բազմաքանակ հանդիպումների, հարցազրույցների եւ վերլուծությունների արդյունքում բացահայտել ենք, որ հայ գործարարներին բիզնեսում ընդլայնվելու հարցում խոչընդոտում է երկու հիմնական խնդիր, մեկն արտաքին, մյուսը` ներքին:
Առաջին խնդիրը գործարար-պետություն հարաբերություններն են: Հակառակ շատերի պնդումներին, թե մեր օրենքները լավն են, ներկայիս գործող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերի համակարգը բարդացնում են գործարար դաշտում աշխատելը եւ գործարարին հրահրում անազնիվ քայլերի: Եթե գործարարները փորձեն աշխատել ազնիվ պայմաններում, ապա դա կխոչընդոտի նրանց գործունեությանը: Իսկ երկրորդ խնդիրը բիզնեսմենների ոչ լիարժեք գրագետ մոտեցումն է բիզնես ծավալելու տեսանկյունից, այսինքն` գործընկերների հետ ոչ ճշտապահ լինելը, որը հատկապես արտացոլվում է արտահանման ժամանակ: Արտասահմանյան շուկաները հստակության ջատագով են եւ պարտաճանաչ վերաբերմունք են դրսեւորում պայմանավորվածության նկատմամբ: Սակայն չպետք է անտեսել, որ նույն մեր գործարարները շատ ավելի իրատեսորեն եւ արդյունավետ են վարում իրենց բիզնեսը, քան, ասենք, տասը տարի առաջ:
- Նշեցիք, որ արտահանման տեսանկյունից հայ գործարարները դեռեւս խնդիր ունեն: Ինչո՞ւ, ի՞նչ գործոններ են խոչընդոտում:
- Դժվարություններ են առաջանում, որովհետեւ տեղական շուկայի արտադրանքը հիմնականում դեռեւս մրցունակ չէ արտահանելու համար: Նույնիսկ եթե արտադրանքի որակը պատշաճ է, ապրանքային տեսքի, առաջարկվող գնի եւ վերջապես կայուն խմբաքանակներ ապահովելու խնդիրներ կան:
- Այդ խնդիրը կարգավորելու համար ի՞նչ նախապայմաններ են հարկավոր:
- Այդ ամենը կարող է կարգավորվել միայն արտաքին ներդրումների եւ ինովացիայի շնորհիվ, քանզի շուկայում մրցունակ դառնալու համար պետք է բարձրացնել ապրանքատեսակի ներքին որակական հատկանիշները` արտադրության գործընթացը առավել սահուն եւ կայուն դարձնելով: Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել դրսից կապիտալ ներգրավելու համար: Այստեղ պետության դերը բիզնես միջավայրի բարելավման գործում մեծ է:
- Իսկ ներմուծման տեսանկյունի՞ց ինչ կարծիք կհայտնեք: Հավանաբար ներմուծմամբ զբաղվող գործարարների համար պայմաններն ավելի բարենպաստ են քան արտահանման:
- Կարեւոր է, որ մենք դարձանք Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Առաջին հերթին դա հանգեցրեց նրան, որ մենք ընդունեցինք նոր մաքսային օրենսգիրք եւ մի շարք նորմեր, որոնք ընդհանուր առմամբ համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Սակայն քիչ չեն դեպքերը, երբ մաքսային մարմինների միջոցով անարդար մրցակցային պայմաններ են ստեղծվում տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար:
- Ե՞րբ են կազմակերպությունները կամ անհատները բիզնես խորհրդատուի կարիք զգում եւ ինչքանո՞վ է կարեւորվում նման ընկերությունների գործունեությունը:
- Կախված է բիզնեսի բնույթից, չափից եւ բարդությունից: Օրինակ` փոքրիկ տաղավարներում գործունեություն ծավալելու համար գործարար խորհրդատվության անհրաժեշտություն չի ծագի: Խոսքն ավելի խոշոր բիզնես ծավալելու մասին է, եւ նման խորհրդատվությունը խիստ կարեւորվում է:
- Մի փոքր խոսեք նաեւ ֆինանսական ոլորտում կատարած ձեր կանխատեսումների մասին:
- Ֆինանսական կանխատեսումները առնչվում են կոնկրետ բիզնեսի դրամական հոսքերին: Նոր բիզնես սկսելու կամ ծավալներն ընդլայնելու համար պետք է կանխատեսումներ կատարել դրա արդյունավետությունն ու շահութաբերությունը պարզելու համար: Կարող եմ ասել, որ ֆինանսական շուկայում ինստիտուտներն օրեցօր զարգանում են, մեծանում է պահանջարկը նվազագույն կապիտալի նկատմամբ: Խստանում է բանկային եւ ֆինանսական այլ կառույցների վերահսկողական դաշտը, որը իրականացնում է ԿԲ-ն:
Մենք որոշակի ուսումնասիրություններ ենք կատարում նաեւ բանկային համակարգում` պարզելու համար, թե բանկային համակարգն ինչ ուղղությամբ կզարգանա: Կատարում ենք նաեւ տնտեսագիտական հետազոտություններ:
ԼՈՒՍԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ