«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2006-04-15 | #70, 2006-04-18 | #71, 2006-04-19


ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՎՏԱՐՎԵԼ ԵՆ ԱՆՕՐԻՆԱԲԱՐ

Մարդու իրավունքների պաշտպանի առաջին հաղթանակը

Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչները երեկ բավականին սթափ էին նայում իրականությանն ու միանգամայն բնական համարեցին թե՛ մարդու իրավունքների պաշտպանի, թե՛ կառավարության դիրքորոշումն արտահայտող արդարադատության նախարարի ելույթները: Նրանք անհամբեր սպասում էին, թե ի վերջո ի՞նչ որոշում կկայացնի սահմանադրական դատարանը, եկել էին իրենց նեղված սիրտը թեթեւացնելու վերջին հույսով. «Այստեղ գալուս նպատակը մեկն էՙ տեսնել արդարությունը հաղթելու է, թե՞ ոչ: Երկար ամիսներ մնացել եմ անտուն, բայց չեմ դադարել ստեղծագործելուց: Իմ գրաֆիկական աշխատանքներից երկուսը հանձնեցի Արմեն Հարությունյանին, խնդրելով մեկը փոխանցել Դավիթ Հարությունյանին: Դրանցից մեկում պատկերել եմ մեզ վտարելու մեխանիզմներըՙ մսաղացը, որով ջարդեցին մեզ, իսկ մյուսումՙ Երեւանի տոհմածառը տեղից հանելը: Հիմա անհամբեր սպասում եմ դատարանի որոշմանը: Շատ եմ ուզում իմանալՙ արդարություն կլինի՞ մեր կյանքում», ասաց նկարչուհի Սաթենիկ Դավթյանը:

Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվեց նիստի ավարտից մոտ 6 ժամ անց: Ըստ որոշման, սեփականությունը կարող է օտարվել միայն հանրային գերակա բացառիկ շահի դեպքում, ասել է թեՙ կառավարությունը Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչներին իրենց սեփականությունից զրկել է առանց օրենսդրական հիմնավորման: Քաղաքացիական եւ հողային օրենսգրքերի որոշ դրույթների վրա հիմնված կառավարության որոշումը փաստացի չի համապատասխանում Հայաստանի սահմանադրությանը: Մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է ընդունեն անհրաժեշտ օրենսդրական ակտեր, որոնցով Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականությունը օտարելու կառավարության որոշումը կճանաչվի ուժը կորցրած:

Իսկ մինչ որոշման հրապարակումը դատարանը լսեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումի քննությունը, որը նպատակ ուներ պարզելու, թե որքանով է Երեւանի Կենտրոն համայնքի վարչական տարածքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու կառավարության որոշումը համապատասխանում ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածին: Նախորդՙ մարտի 21-ին կայացած նիստն ընդմիջվել էր սեփականության օտարման վերաբերյալ հիմնավոր փաստաթղթեր պահանջելու եւ անկախ փորձագետների եզրակացությունները ներկայացնելու միջնորդության պատճառով: Ու քանի որ նշյալ միջնորդությունը բավարարված էր, դատարանը լսեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եւ պատասխանող կողմիՙ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթները: Ինչպես ակնկալելի էր, նրանցից յուրաքանչյուրը փորձեց հարցը մեկնաբանել եւ հիմնավորել ի պաշտոնե. մարդու իրավունքների պաշտպանը վերստին հայտարարեց, որ Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականության իրավունքը ոտնահարելու վերաբերյալ փաստարկները եւս մեկ անգամ հաստատեցին բնակիչների սեփականությունն օտարելու կառավարության գործողությունների հակասահմանադրական լինելը, իսկ արդարադատության նախարարը դրանք համարեց միանգամայն արդար ու սահմանադրական դատարանին կոչ արեց խուսափել հուզական որոշում կայացնելուց:

Վերջինս պնդեց, որ սահմանադրության մեջ գոյություն չունի սեփականության օտարումը հիմնավորող հոդված, իսկ դա նշանակում է, որ քաղաքի կառուցապատման ընթացքում կարելի է առաջնորդվել գլխավոր հատակագծով, որը բավարար հիմք է տալիս սեփականության պարտադիր օտարման համար: Խիստ զարմանալի էր նախարարի այն միտքը, թե սեփականության դիմաց բնակիչներին տրված գումարը եղել է փոխհատուցում, որից գանձված եկամտահարկը եղել է անօրինական: Պատասխանող կողմի մյուս ներկայացուցիչըՙ հանրապետության նախագահի օգնական Գեւորգ Մհերյանն իր ելույթում ասաց, որ սեփականության օտարումը կատարվել է օրենքով ու բոլորովին չի հակասում ՀՀ սահմանադրությանը:

«Պատասխանողի ելույթն ու հարցերը ոչ թե ժխտեցին, այլ ամրապնդեցին իմ համոզմունքը, որ վիճարկվող իրավական ակտերը հակասահմանադրական են», ասաց մարդու իրավունքների պաշտպանը:

Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը վերջնականապես հաստատեց Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականությունը օտարելու կառավարության որոշման անօրինական լինելու վերաբերյալ նրա պնդումները:

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ հաղթեց կառավարությանը, Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչները հավատացին արդարության հաղթանակին, մեր իրականության մեջ վերջին ժամանակներս անսովոր դարձած դրական երեւույթ տեղի ունեցավ: Միայն թե վաղվա օրը հուսախաբություն չբերի....

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4