Ջիմ Թորոսյանի 80-ամյակի առիթով
«Երբ 60 տարիս լրացավ, շատ տխրեցի հանկարծ, ընկերներիս հավաքեցի, «Անի» ռեստորանում լավ քեֆ արեցինք: Հիմա 83 տարեկան եմ, այս տարիքիս հասկացա, որ ժամանակ գոյություն չունի իրապես, գոյություն ունեն հիշատակներ ու թե` կյանքը որքանով լեցուն է գեղեցիկ հիշատակներով: Ջիմ Թորոսյանը շատ բախտավոր մարդ է, որովհետեւ իր կյանքը լեցուն է գեղեցիկ հիշատակներով` այս շենքը (քաղաքապետարանը), Սպիտակի հրապարակը, Կասկադը», պարզ խոսքեր, որով նկարիչ Հակոբ Հակոբյանը իմաստավորեց ճարտարապետ Ջիմ Թորոսյանի եւ առհասարակ մարդու երկրային կյանքի ուղին` թողած հետքը:
Որ Ջիմ Թորոսյանը 80 տարեկան է, մտքովս երբեք չէր անցնի: Փաստորեն նա իր ստեղծագործական մտահղացումների գլուխգործոցը իրագործեց 80-ամյակի շեմին` Երեւանի նոր քաղաքապետարանի` հայոց 12 մայրաքաղաքներիՙ ճարտարապետորեն խորհրդանշող դետալների զուգորդումներով ստեղծագործական իր հղացումների երազանք- այս հոյակերտ կառույցը, որ նաեւ իր 80-ամյա հոբելյանի մեծարման վայրը եղավ շաբաթ` ապրիլի 15-ին:
Շնորհավորանքի բազմաթիվ ուղերձներից առանձնացրի Ջիմ Թորոսյան մտավորականի ու արվեստագետի` իմ ընկալումներին համապատասխանող տողերը: Երբ քաղաքապետարանի նորակառույցի առիթով հանդիպեցի հարցազրույցի նպատակով, արագ հասկացա, թե որոշակի հարցեր ուղղելն իրեն որքան է անտեղի: Ես գտա մի զրուցակցի, որի ուշադիր ունկնդիրը կյանքի շատ հետաքրքրական եւ ուսանելի գիրք կբացի իր համար, անգամ եթե դա միայն հիշողություն-պատմությունների միջոցով լինի` դրանց մեջ հայտնաբերելով մարդկային ջերմ նկարագիր ու խորունկ ներաշխարհ ունեցող անձնավորություն: Ճարտարապետության հրաշալի տեսաբան, նաեւ պրակտիկ կիրառող, դասական երաժշտության սիրահար ու գիտակ, բանաստեղծության, կերպարվեստի ճաշակավոր գնահատող, կյանքը ճանաչող եւ այդ կյանքը փիլիսոփայորեն ապրող մտավորական, հայ մարդ իր կեցվածքով, վերաբերմունքով, տղամարդկային հմայքով: Միայն հուշերից արդեն կարելի է պատկերացնել մոսկովյան, մերձբալթյան մշակույթների, մասնավորապես իտալական ճարտարվեստի հետ ունեցած իր աղերսներն ու մտավորական առնչությունները:
«Ճարտարապետությունը Ջիմ Թորոսյանի առանձնահատուկ շնորքհն է, որին նա կատարելապես տիրապետում է: Թեեւ զուսպ է եւ չի սիրում իր գործերից խոսել, բայց իր գործը կարողանում է խոսուն դարձնել` խոսելով համեստ, հակիրճ ու նրբագեղ» (Եվգենի Ռոզանով-ճարտարապետ):
«Մեր հիացմունքն առ բացառիկ ստեղծագործ բնույթի տեր անձին` Ջիմ Թորոսյանին, իր սիրելի հայրենիքի ճարտարապետության պոետին ու նկարչին, որ հերթական տասնամյակը թեւակոխում է կյանքի հսկայական փորձով, որ հույս է տալիս ճարտարապետական միջազգային մեր ծրագրերում նրա հետ ստեղծագործական հետագա համագործակցության» (Յուրի Պլատոնով-Մոսկվայի միջազգային ճարտարապետական ակադեմիայի նախագահ):
Ջիմ Թորոսյանի 80-ամյակի հանդիսության մթնոլորտը` իրեն պատշաճ բարեկիրթ միջավայրում էր. արվեստային նրբերանգներով, շնորհավորանքի բազում խոսքերով, ուղերձներով, գնահատականներով, բազում ծաղիկներով. մեր ճարտարապետության նահապետը` վաստակաշատ գործիչ Վարազդատ Հարությունյան, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան, Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյան, ճարտարապետ Սարգիս Գուրզադյան, Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյան, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյան, գեղակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյան. «Հայրս ասում էր. երանի էն ժամանակներին, որ Երեւանում կարող էինք տեսնել Սարյանին, Քոչարին, Փափազյանին: Բայց այսօր էլ մեր կողքին ապրում է մեր դասականը` Ջիմ Թորոսյանը»: Գեղակադեմիայի անունից Գետիկ Բաղդասարյանը հոբելյարին նվիրեց իր քանդակներից մեկը: Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը տեղեկացրեց, որ ճարտարապետի ծննդյան օրը` ապրիլի 18-ին, համալսարանի գիտխորհրդի նիստում Ջիմ Թորոսյանին կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում:
ՀՀ վարչապետի որոշմամբ հայ ճարտարապետության մեջ ունեցած ծառայության համար Ջիմ Թորոսյանը պարգեւատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը նվիրեց գեղանկարչական մի գործ, վստահ, որ Ջիմ Թորոսյանի հետ Երեւանում դեռ շատ բան ունեն կառուցելու գեղարվեստի այն լեզվով, որի ջերմությունը ճարտարապետը փոխանցում է իր ստեղծագործություններին: Տեղեկացանք նաեւ, որ առաջիկա օրերին ճարտարապետին շքանշանով պարգեւատրելու է Գարեգին Բ կաթողիկոսը:
Հոբելյարի շնորհակալական խոսքերի հիշողության երախտիքը նախ եւ առաջ իր ուսուցիչներին էր ուղղված` Ռաֆայել Իսրայելյան, Սամվել Սաֆարյան, Գրիգոր Աղաբաբյան, Վարազդատ Հարությունյան եւ ճարտարապետական կարեւոր մտահղացումների իրագործմանը աջակցած` անցյալի եւ ներկայի պետական գործիչներին, պրոֆեսիոնալ որակներով օժտված այսօրվա Երեւանի հմուտ շինարարներին, իր ընկերներին, ընտանիքին:
«Ո՞րն է Ջիմ Թորոսյանի հանդեպ խորին հարգանքի պատճառը», ասված էր ուղերձներից մեկում եւ պատասխանած. «Ամենից առաջ այն ներքին կուլտուրան, որ երեւում է թե՛ իր ստեղծագործության մեջ, թե՛ նվիրվածության` իր երկրի, ողբերգականորեն զոհված հոր, թե՛ իր մասնագիտության հանդեպ ունեցած վերաբերմունքում» եւ թե՛ առհասարակ դեպի կյանքը, իր շրջապատը, մարդիկ. այսպիսին է բարեհոգի, ներողամիտ, արտիստորեն հմայիչ Ջիմ Թորոսյանը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ