Հայաստանի լրագրողների թիմը բրոնզե մրցանակակիր դարձավ Օդեսայում ԱՊՀ երկրների լրագրողների մինի ֆուտբոլի թիմերի չորրորդ միջազգային մրցաշարում, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 61-րդ տարեդարձին:
Հայ թղթակիցների թիմն ապրիլի 14-16-ը երկօրյա մրցաշարին մասնակցում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ: Օդեսայի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Նիկոլաեւի, Երեւանի եւ Մինսկի լրագրողական 6 թիմեր միմյանց հետ խաղացին շրջանաձեւ մրցակարգով: Գրչի հայ վարպետները վոլգոգրադցիների հետ անցկացրած առաջին իսկ խաղում շատ մոտ էին հաղթանակին: Նրանք հաղթում էին 3-2 հաշվով, բայց վերջին րոպեին գոլ բաց թողեցին, մրցակցին թույլ տալով հանդիպումն ավարտել ոչ-ոքի:
Չեմպիոններ դարձած օդեսացիները, որոնց թիմը հիմնականում կազմված էր պրոֆեսիոնալներից (ինչը մրցակարգի կոպիտ խախտում է), երկրորդ խաղում երեւանցիներին հաղթեցին 4-0 հաշվով: Բայց հետագա խաղերում հաջողությունն ուղեկցեց Հայաստանի հավաքականին: Նրանք սկզբում կամային հաղթանակ տարան բրյանսկցի երիտասարդների նկատմամբ (4-3), ապա միեւնույն 1-0 հաշվով հաղթեցին Նիկոլաեւի եւ Մինսկի թղթակիցներին` մրցաշարում զբաղեցնելով պատվավոր երրորդ տեղը: Երկրորդ տեղում է Վոլգոգրադի թիմը, որը երեւանցիների հետ հավասար միավորներ ունենալովՙ մեր թիմից առաջ անցավ խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերության շնորհիվ: Դրանով իսկ հայկական թիմը կրկնեց իր անցյալ տարվա ձեռքբերումը:
Հայ թղթակիցների թիմին հանձնվեցին գավաթ, մեդալներ եւ պատվոգրեր: Մրցաշարի լավագույն հարձակվողի մրցանակին արժանացավ հայկական թիմի անդամ, «Путеводительвремени» թերթի թղթակից Դավիթ Նազարյանը: Նրանից բացի, մեր լրագրողների հավաքականում խաղում էին Գեւորգ Շեկունցը («Շողակաթ» հեռուստաալիք), Յուրի Մանվելյանը (ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայություն), Արամ Արոյանը («Ռեգնում» լրատվական գործակալություն), Վահան Ղարիբյանը («Հայ FM» ռադիոկայան), Միսաք Կրկյաշարյանը («Ազատություն» ռադիոկայան), Արմեն Հակոբյանը եւ Տիգրան Հովհաննիսյանը (երկուսն էլՙ «ԸՐՎÿվրՍՏ-ՐՏրրՌռրՍՌռ ՊպսՏՉՏռ ՋցՐվՈս»-ից):
Հայաստանի թիմին այս անգամ մեծ աջակցություն ցույց տվեց Օդեսայի հայ համայնքը: Հայաստանցի թղթակիցների շեֆությունն ստանձնեց «Վեսելկա» կոնցեռնի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, որը հայրենակիցներին օգնում էր բոլոր հարցերում:
ԱՊՀ երկրների լրագրողների մրցումներն անցկացվում են 1999 թ.-ից: 2001 թ.-ից Հայաստանի լրագրողների թիմին հովանավորում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Պատվիրակության ղեկավար, Հայաստանի լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ