Անցյալ տարի Ազգային պատկերասրահի երաժշտական անդրանիկ փառատոնը հայ ունկնդիրները ըմբոշխնեցին գերագույն հաճույքով: Ուրախալի է, որ այդ երաժշտական փառատոնը դարձավ ավանդական եւ ահա ապրիլի 20-ից մինչեւ հունիսի 15-ը` ութ համերգից բաղկացած համերգաշարը, «Ազգային պատկերասրահ» 2-րդ երաժշտական փառատոնը նվիրվում է պատկերասրահի 85-ամյակին: Պատկերասրահի որմնանկարների սրահը իր հյուրընկալ դռները կբացի արվեստի սիրահարների, երաժշտական կոլեկտիվների, միջազգային համբավ վայելող երաժիշտ-կատարողների առջեւ, ինչպիսիք են Վարդան Մամիկոնյանը (Ֆրանսիա), Սերգեյ Բաբայանը (Ռուսաստան), Արաքս Դավթյանը, Սվետլանա Նավասարդյանն ու Բարսեղ Թումանյանը: Իսկ մայիսի 5-ին փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15-րդ նստաշրջանին եւ դասական երաժշտության բնագավառում երիտասարդությանը ՀՀ նախագահի մրցանակաբաշխությանը նվիրված համերգը, տեղեկացրեց պատկերասրահի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոնա Հովհաննիսյանը:
Մ. Մ.