Երեկ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում հուշագիր ստորագրվեց ՀՀ սոցներդրումների հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ: Հանրապետության քաղաքային համայնքներում (Մասիս, Դիլիջան, Վեդի, Աբովյան եւ Իջեւան) կիրականացվի սոցիալական ուղղվածության համատեղ ծրագիր` ըստ խնդիրների առաջնահերթության ու հրատապության: Խնդիրների տեսականին հիմնականում նույնն է` փողոցային լուսավորություն, մանկապարտեզների, դպրոցների, բնակելի շենքերի վերանորոգում, փողոցների բարեկարգում, սոցիալական ենթակառուցվածքների վերականգնում ու վերակառուցում: Թե որ համայնքում կոնկրետ ինչ է արվելու, կհստակեցվի 1 տարի հետո, երբ անելիքը կքննարկվի կոնկրետ տեղերում: Յուրաքանչյուր համայնքի համար մոտավոր հաշվարկներով նախատեսված է ծախսել 100 հազար դոլար: Ծրագրի իրականացման ժամկետը 2007-2008 թվականներն են:
«Ծրագիրը ինչ-որ չափով կնպաստի համայնքների թափանցիկ կառավարմանն ու ապակենտրոնացմանը: Համայնքում իրականացվող աշխատանքների մասին ինֆորմացիան բաց կլինի: Գործնական միջոցառումների անցնելուց առաջ մենք համայնքում ժողովներ կանենք, եւ համայնքն ինքը կորոշի, թե նախ ինչ պրոբլեմ պիտի լուծել», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Սոցներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը: ՄԱԿ-ի կողմից հուշագիրը ստորագրեց Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը:
Կ. Դ.