«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2006-04-15 | #70, 2006-04-18 | #71, 2006-04-19


ՄԻՔԱՅԵԼ ԹԱԴԵՎՈՍՈՎՆ ԱԶԱՏՎԵՑ ԿԱԼԱՆՔԻՑ

Նորից Արա Աբրահամյանը հարթեց միջադեպը

«Ազգի» ընթերցողներին տեղեկացրել ենք, թե ինչպես Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի միջնորդությամբ, երկար քաշքշուկներից ու տառապանքներից հետո իրենց ընտանիքներին միացան հայ օդաչուներն ու ռուս նավաստիները: Արա Աբրահամյանի մշտական ուշադրության կենտրոնում են մարդկային ճակատագրերը: Դրա վառ ապացույցներից է նաեւ մի քանի ամիս առաջ ձերբակալված Թբիլիսիի թիվ 98 դպրոցի տնօրեն Միքայել Թադեւոսովին կալանավայրից ազատման փաստը: Մ. Թադեւոսովը, ի դեպ, նաեւ Թբիլիսիի հայերի միության նախագահն է եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամ: Բնական է, որ վերջինիս ճակատագրի հանդեպ առավել եւս չէր կարող անտարբեր մնալ Արա Աբրահամյանը, որի ակտիվ միջամտությամբ Միքայել Թադեւոսովը ազատվեց կալանքից: Պրն Թադեւոսովը այդ առիթով «Ազգի» թղթակցի հետ զրույցում խորին շնորհակալություն հայտնեց առաջին հերթին Արա Աբրահամյանին եւ բոլոր այն անձանց, ովքեր հեռախոսով եւ էլեկտրոնային փոստով աշխարհի տարբեր երկրներից իրեն շնորհավորել են «ոդիսականի» ավարտման առթիվ: Դա Համաշխարհային հայկական կոնգրեսի մեծ հեղինակության եւ ՀՀԿ-ի հանդեպ մարդկանց վստահության վկայությունն է, ասաց նա:

Թբիլիսիի նահանգային բանտում իր 4,5 ամսվա բանտարկությունը Թադեւոսովը համարում է «ցավալի թյուրիմացություն», որը չի ազդի հայ-վրացական դարավոր բարեկամության վրա: Նա արդեն տուն է վերադարձել եւ վերսկսել է աշխատանքը: ՀՀԿ միջամտության շնորհիվ հարցը լուծվել է առանց դատարանի:

Թբիլիսիի 98-րդ ռուսական դպրոցում սովորում են գլխավորապես հայեր, բայց կան նաեւ 18 այլ ազգությունների երեխաներ: Վերջին տարիներին դպրոցը մնում է Վրաստանի լավագույն կրթօջախներից մեկը: Երկրի իշխանությունները բարձր են գնահատել դպրոցի մանկավարժական նորամուծությունները:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4