Այս խոսքերով է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը ներկայացնում Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսի հետկանչը պետքարտուղարության կողմից, ավելացնելով ու շեշտելով նաեւ, որ դեսպան Էվանսը ոչ միայն հետ է կանչվում, այլեւ զրկվելու է իր դիվանագիտական կարիերայից: «Ջոն Էվանսը, գրում է Հ. Սասունյանը, բարեբախտաբար ոչ թե կյանքը, այլ դիվանագիտական իր ողջ կարիերան է զոհաբերում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Նա պետքարտուղարության կողմից հետ է կանչվում անցյալ տարի Մ. Նահանգների տարբեր քաղաքներում շրջագայելիս հրապարակավ Ցեղասպանությունը ընդունելու համար»: Այս կապակցությամբ, շարունակում է տեղեկացնել «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիրը, Հայաստանում բնակվող ամերիկահայերն ու նրանց ընկերներն ապրիլի 24-ին Մեծ եղեռնի հուշարձանի մոտ լար են քաշելու եւ խնդրելու են մարդկանց դրա վրա «դեղին ժապավեն» կապել ի նշան բողոքի դեսպան Էվանսին հետկանչի որոշման դեմ: Մ. Նահանգներում ընդունված բողոքի այս ակցիայով նրանք ցանկանում են հիշեցնել ամերիկացի մեծ հումանիստ Մարթին Լութեր Քինգի խոսքերը. «Մենք հիշելու ենք ոչ միայն մեր թշնամիների խոսքերը, այլեւ մեր բարեկամների լռությունը»: Լռություն Հայոց ցեղասպանության պարագայում, Մ. Նահանգների կառավարության կողմից: