«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2006-04-18 | #71, 2006-04-19 | #72, 2006-04-20


ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ

Հայ քաղաքական եւ մտավորական շրջանակներից շատերի համար Թուրքիայի կողմից Հայաստանին պարտադրված շրջափակումը եւ այն փաստը, որ հայ-թուրքական սահմանը դեռեւս փակ է մնալու, Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի եթե ոչ բացահայտ թշնամանքի, առնվազն նրա անտագոնիստական վերաբերմունքի վառ ապացույց է: Սա անհերքելի փաստ է:

Շրջափակման տնտեսական հետեւանքներից բացի, միջազգային հարաբերությունների տեսակետից դիվանագիտական պաշտոնական կապերի բացակայությունը շրջափակման միջոցով առավել սրելու հանգամանքը կարելի է մեկնաբանել որպես պատերազմի հայտարարություն կամ դրան մղող մի քայլ: Այնպես որ Թուքիային խնդրել հարաբերությունները նորմալացնել Հայաստանի հետ սահմանները բացելու միջոցով, հավասարազոր է ներկա «պատերազմական քաղաքականությանը» վերջ դնելու փորձ անելուն:

Բոլորովին էլ պատահական չէր, որ հայաստանյան ԱԺ-ում Մ. Նահանգների պետքարտուղարի օգնական Դանիել Ֆրիդի արտասանած ելույթը ծափահարություններով ընդունվեց, երբ ասաց. «Հույս ունենք, նաեւ ակնկալում ենք, որ ԼՂՀ-ի հարցի լուծմամբ կբացվի Թուրքիայի հետ սահմանը: Անկարայի հետ մեր շփումներում մենք հետեւողականորեն հետամուտ ենք եղել դրան: Անկարայում թուրք կառավարությանը հստակ նշել եմ, որ մենք ցանկանում ենք սահմանը բաց տեսնել եւ ինչքան հնարավոր է շուտ»:

Ամերիկացի պաշտոնատար անձինք եւ ՀՀ-ում իրարահաջորդ դեսպաններ, որոնցից վերջինը Ջոն Էվանսն է, մինչեւ օրս հայտարարել են, որ գոյություն ունեցող շրջափակման պայմաններում իրենք ըմբռնումով են մոտենում Իրանի հետ Հայաստանի հատուկ հարաբերություններին:

Ի դեպ, այս հարաբերությունների կարեւորության մասին նշված է նաեւ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում, որտեղ ասված է, որ տնտեսական փոխադրությունների շրջափակման պայմաններում, չեզոքացնելու համար Հայաստանի մեկուսացումը, Իրանի նշանակությունն առավել մեծանում է որպես մի երկրի, որը կարեւոր մարտավարական ճանապարհ է բացում Հայաստանի առաջ դեպի ասիական եւ Միջին Արեւելքի երկրներ:

Այդուհանդերձ հստակ է, որ Իրանին ներփակելու-օղակելու նպատակը Մ. Նահանգները մասամբ իրականացրել է Իրաքում եւ Աֆղանստանում իր ռազմական ներկայությամբ, Իրանի հանդեպ Ծոցի երկրների տածած անվստահությամբ եւ Ադրբեջան-Իրան հարաբերությունների լարվածությամբ: Դանիել Ֆրիդը Բաքվում նշել է, որ Ադրբեջանի անվտանգությանն ուղղված վտանգը ոչ թե Հայաստանից պետք է ակնկալել, այլ ուրիշ երկրներից (իմա` Իրանից): Այդ իմաստով Ֆրիդն արդարացրել էր Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան օգնությունն ասելով. «Անվտանգության բնագավառի մեր համագործակցությունը եւ Ադրբեջանին հատկացվող օժանդակությունը նպատակ ունեն ամրապնդելու Ադրբեջանի դիրքերը ոչ թե Հայաստանի, այլ նման սպառնալիքների դեմ- հանդիման»:

Իրանի մեկուսացումը ամբողջական կլիներ, եթե Հայաստանի հետ նրա հարաբերությունները զարգացում չապրեին: Ներկա պայմաններում այդ ընթացքը կասեցնել հնարավոր չէ, արդարացված չէ, քանի դեռ շարունակվում է Հայաստանի թուրք-ադրբեջանական շրջափակումը: Այդ շրջափակման վերացումով է, որ Իրանի հետ Հայաստանի հատուկ հարաբերությունները կարող են համարվել Մ. Նահանգների կողմից ոչ միայն չարդարացված, այլեւ խիստ առարկելի:

Ըստ Ֆրիդի, Մ. Նահանգները ըմբռնումով է հետեւում Իրանի հետ Հայաստանի էներգետիկ կապերին, միաժամանակ փորձելով գտնել ինչպես Հայաստանի, այնպես էլ կովկասյան այլ երկրների համար էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Պարզ է, ուրեմն, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը նպատակաուղղված Ամերիկայի շահագրգռվածությունը բխում է Իրանի հետ Հայաստանի հատուկ հարաբերություններին վերջ դնելու պետքարտուղարության ցանկությունից:

Եթե քաղաքական տեսանկյունից Իրանին մեկուսացնելու Ամերիկայի ջանքերը կարելի է հասկանալ, ապա հայ-իրանական հարաբերությունները հայ-թուրքականով փոխարինելու նրա ջանքերը ցույց են տալիս, որ Ամերիկան այնքան էլ ճիշտ չի ըմբռնում վերջինիս (հայ-թուրքականի) պատմական բովանդակությունը: Հայաստանի համար դա սոսկ մի դուռ փակելու դիմաց մեկ ուրիշ դուռ բացելու խնդիր չէ:

Երկու երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, քաղաքականից բացի եւ դրանից ավելի, ռազմավարական նշանակություն ունեն: Թուրքական սահմանի բացումը չի վերացնում Հայաստանի ժողովրդի եւ ընդհանրապես պետության անվտանգությանն ուղղված թուրքական սպառնալիքը: Ավելին, վտանգում է ցեղասպանության գործադրման դիմաց Թուրքիայից արդար ճանաչում եւ փոխհատուցում պահանջելու Հայաստանի ձգտումները:

Այնպես որ հարցը իրանյան 10 խմ բնական գազի դիմաց նույն քանակությամբ Թուրքիայից կամ Ադրբեջանից բնական գազ Հայաստան ուղղորդելը չէ: Այդ հարաբերություններն այնքան պարզ ու հասարակ չեն, որքան պետքարտուղարության ներկայացուցիչն է փորձում հավատացնել մեզ:

Իսկ ամենամտահոգիչն այն է, որ հայկական շրջանակներում կարող են գտնվել մարդիկ, որոնք գայթակղվեն եւ կուլ տան ի վերջո քննարկված բարդ հարաբերությունների շուրջն առաջ քաշված չափազանց պարզամիտ ձեւակերպումների խայծը:

ԽԱԺԱԿ ՄԿՐՏԻՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4