«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2006-04-18 | #71, 2006-04-19 | #72, 2006-04-20


ՏԵԽՆԻԿԱՆ ՆՈՐԱՑՎՈՒՄ Է ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

«Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը դեռեւս վերազինման եւ այժմեականացման կարիք ունի», ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սպասարկումների բաժնի պետ Արամ Միքայելյանը: Մասնագետի գնահատմամբ, նորագույն տեխնիկան աչքի է ընկնում մի շարք առավելություններով. բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը, նվազում է բերքի կորուստը, աշխատանքի խափանումներ հազվադեպ են լինում: Հանրապետությունում առկա տեխնիկայի ընդամենը 2,7 տոկոսն է ներկրվել 1991 թ. հետո: Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակայանը բաղկացած է 1400 միավոր հացահատիկահավաք կոմբայնից, 15000 տարբեր հզորության տրակտորներից, շուրջ 700 կերահավաք կոմբայններից: Նշված քանակությունը հիմնականում ներկրվել է նախկին վարչակարգի օրոք, դրանց մաշվածությունը վաղուց գերազանցում է նորմատիվային ցուցանիշը: Գյուղատնտեսական տեխնիկան նորացվում է տարբեր երկրների (Հնդկաստան, Ճապոնիա եւ այլն) դրամաշնորհների հաշվին: Համաձայն ՀՀ եւ Հնդկաստանի կառավարությունների պայմանավորվածության, հնդկական կողմը Հայաստանին, որպես անհատույց նվիրատվություն, կհատկացնի 5 մլն դոլար արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա: Նշված գումարով գնվելու է 300 տրակտոր` համալրված չորս կցորդիչներով: Ի դեպ, հնդկական «Սոնալիկա» ընկերության թողարկած տրակտորների առաջին խմբաքանակը արդեն ներկրվել է հանրապետություն: Նախարարության տվյալներովՙ տրակտորների հաջորդ խմբաքանակը (60 միավոր) Հայաստան կհասցվի երեք ամիս հետո: Իսկ մինչեւ տարեվերջ հանրապետություն կառաքվի ամբողջ խմբաքանակը: ՀՀ կառավարության որոշման համաձայն, տեխնիկան վաճառվելու է աճուրդային եղանակով:

ՆԵԼԼԻ ՍԱՀԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4