Երեկ Երեւանում գումարվեց ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Փրկարար-2006» զորավարժության վերջնական պլանավորման համաժողովը, որին մասնակցում էին 12 անդամ երկրներից 10: Բացման խոսքով ելույթներ ունեցան Կանզասի ազգային օպերատիվ վարչության պետ, գվարդիայի գնդապետ Ջո Դեւիդ Միլլերը, ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Երկուսն էլ բարձր գնահատեցին համագործակցությունը: «Ազգի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Հայաստանի պատրաստվածությունը, պրն Միլլերը պատասխանեց. «Մեր պլանավորման ընթացքում հայկական զինված ուժերի հետ աշխատանքը գնահատում ենք գերազանց»: Պրն Աղաբեկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «այս պլանավորումը վերջնական է, որի ընթացքում հստակեցվում է այն ամենը, ինչն անցկացվելու է հուլիսին, զորավարժությունների ժամանակ: Զորավարժության անցկացման հիմնական տարածք է ընտրվել մարշալ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտը: Արդեն ընթանում են համապատասխան շինարարական աշխատանքներ, որպեսզի զորավարժության մասնակիցներին ընդունեն պատշաճ ձեւով», ասաց պրն Աղաբեկյանը:
Հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում Հայաստանին կնվիրվի դաշտային շարժական հոսպիտալ, որն էլ կծառայի զորավարժությունների ողջ ընթացքում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ