«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2006-04-18 | #71, 2006-04-19 | #72, 2006-04-20


ՀԻՆ ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ ՊԱՀՎԵՑԻՆ «ԽԶՎԱԾ ՄԵՂԵԴԻՙ ՋՈՒՂԱ» ՖԻԼՄՈՒՄ

Հայկական խաչքարային արվեստի սքանչելագործ նմուշներըՙ Հին Ջուղայի խաչքարերը, որպես պատմության համր ու լուռ վկաներ ու անմեռ նահատակներ մնացին Արգամ Այվազյանի «Ջուղայի խաչքարերը» գրքում ու «Խզված մեղեդիՙ Ջուղա» ֆիլմում: Երկու մասից բաղկացած նրա ֆիլմը երեկ ցուցադրվեց Հայաստանի ամերիկյան համալսարանի մեծ դահլիճումՙ եւս մեկ անգամ ալեկոծելով մեր միտքն ու սիրտը: «Անիծվեք դուք, որ ոչնչացնում եք մեր մշակույթը, ջնջում եք մեր պատմությունը: Թող Աստծո անեծքը թափվի ձեր գլխին: Ով մարդկային արդարություն, ես ամբողջ սրտով թքում եմ քո ճակատին», կադրից դուրս հնչում է հայ հոգեւորականի ձայնը, իսկ կադրում Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերը ջարդուփշուր արած ադրբեջանցի զինվորները քարակույտի վերածած խաչքարերի բեկորները լցնում են Արազ գետը: Այդ անեծքը կրկնվում է կադրերը դիտող յուրաքանչյուրիս շուրթերին, քանզի անիծյալ է մարդու կերպարանքով գազանի այն տեսակը, որն իր մեջ ուժ ու կարողություն ունի ոչնչացնելու հայ մարդու քարակերտ ասեղնագործությունըՙ մեկը մյուսից կատարյալ ու նրբին, հայկական զարդանախշերով հյուսված խաչքարերը: Հեռվից նրանք նման են գլխահակ կանգնած մարդկանց, որ կանխազգում են իրենց գլխին եկող վտանգը. մի քանիսը թեքվել են ուս ուսի, կանգնել մեջք մեջքի ու աղոթում են այս աշխարհի մաքրության ու փրկության համար, մյուսները ընդվզում են, աղաղակում, մարտնչում.... Բայց եղեռնագործի ձեռքը հասել է նրանց ու չի կշտանա, քանի դեռ չի վերացրել պատմության հազարավոր անխոս վկաներից վերջինին:

Ֆիլմը պատմում է Հին Ջուղայի անցյալի ու ներկայի մասին, ամենայն հոգածությամբ ներկայացնում մշակութային առանձնահատկության երանգները, հնչեցնում այնտեղ առաջին անգամ այցելած օտար ճանապարհորդների ու հայոց մեծերի ազդեցիկ խոսքը: Հնչում են նաեւ Արգամ Այվազյանի դատապարտող խոսքերը բոլոր նրանց դեմ (այդ թվում մեր իշխանավորների), ովքեր իրենց անտարբերությամբ ջուր լցրեցին մշակութային այս զարհուրելի ջարդը կազմակերպած Թուրքիայի եւ Ադրբեջանի ջաղացին եւ բավարար հանդգնություն չունեցան նրանց սանձելու:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4