«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2006-04-18 | #71, 2006-04-19 | #72, 2006-04-20


ԿՐԿԻՆ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Մեկ տարվա ընդմիջումից հետո կրկին հայրենիք են ժամանել տեր եւ տիկին Արմեն եւ Միմի Հարությունյանները: Հանդիպեցի բարեհամբույր ամուսիններին, զրուցեցի նրանց հետ ու տեղեկացա այս անգամվա այցի նպատակներին: Այնթապցի գործարար, բարերար, բազմաթիվ գրքերի մեկենաս Արմեն Հարությունյանը իր տիկնոջ հետ Լիբանանից ժամանել է Երեւան հատուկ մասնակցելու Սուրբ Զատիկի արարողությանը Մայր աթոռ Ս. Էջմիածնում: Այնուհետեւ ամուսինները հանդիպում ունեցան Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի հետ, զրուցեցին համագործակցության ու հետագա ծրագրերի շուրջը: Ի դեպ, տիկին Միմին մեկ տասնամյակ արդեն Լիբանանի Կրոնասեր տիկնանց հանձնախմբի ատենապետուհին է եւ սերտորեն համագործակցում է Մայր աթոռի հետ: Տեր եւ տիկին Հարությունյաններն այս մեկ շաբաթվա ընթացքում հասցրեցին հանդիպել իրենց բարեկամներին, «Բնօրրան» ամսագրի տնօրեն Ժ. Ավետիսյանին եւ հովանավորեցին ամսագրի մեկ ամբողջական համարը, որը նվիրվելու է Այնթապին: Անջնջելի տպավորություններ են ստացել Հարությունյան ամուսինները, երբ այցելել են Խորեն Պալյանի հոգեւոր դասընթացներին եւ ուսանողներին միանալով երգել են շարականներ:

Իսկ թե ի՞նչ փոփոխություններ են նրանք նկատել մեկ տարի անց, պրն Հարությունյանը պատասխանեց. «Առաջինը, որ աչքի է ընկնում, խոշոր շենքերն են, 5 աստղանի հյուրանոցները... բայց դրանց կողքին արդյոք ուրիշ առաջնահերթ բաներ չկա՞ն ժողովրդին ավելի պետքական` աշխատատեղերի ստեղծման համար: Երբ շրջում էինք քաղաքում, 10-15 երիտասարդ տղաներ, ծխախոտը բերաններին պարապ-սարապ ժամեր կանցկացնեն, դա չեղավ, պետք է նրանց մասին էլ հոգ տանել: Մենք Լիբանանում Հայաստանի հանրային հեռուստատեսության ծրագիրը կդիտենք, շատ դժգոհ ենք հատկապես լուրերը կարդացող արագախոսներից, որոնք հնչյուններն ու շեշտերը ճիշտ արտաբերել չեն կարողանում, բան չենք հասկանում: Կամ էլ սկսել են շատ էժանագին, անհամ ու անհետաքրքրական ֆիլմեր ցուցադրել, որը բնավ մեզ պետք չէ, շատ ենք ցավում, որ այդ ալիքը դիտելով որեւէ համ չենք առներ ու կանջատենք»: Իսկ տիկին Միմին ուրախ էր, որ այս անգամ շատ մարդկանց դեմքին ժպիտ է նկատել:

Հրաժեշտից առաջ պրն Հարությունյանը ավելացրեց, որ «զարմացած եմ այսքան սուղ (թանկարժեք) մեքենաներ տեսնելով, բայց կարծում եմ, որ այդ մարդիկ մեկ-մեկ էլ իրենց մթնեցված մեքենաների ապակիները պիտի իջեցնեն ու տեսնեն ով կա, ժողովրդի վիճակն ինչ է եւ փորձեն օգնել»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4