«Հայաստանի բնակչության համարյա 10 տոկոսըՙ 300-350 հազար մարդ ներառվել է աղանդների ցանցի մեջ: Դա տասնապատիկ ավելի է, օրինակ, Ռուսաստանի ցուցանիշից եւ ամենաբարձրն է ԱՊՀ բոլոր երկրներում», երեկ «Հայելի» ակումբում կազմակերպված քննարկմանը հայտարարեց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Քննարկմանը մասնակցում էին նաեւ տեր Ղեւոնդ քահանան Էջմիածնից եւ տեր Մխիթար քահանան Արտաշատից: Տեր Մխիթար քահանան աղանդների դեմ պայքարելու հավաստի միջոցը համարում է ամեն գյուղում գոնե մի քահանայի առկայությունը: Բայց նրանց հետ դեմ-դիմաց բանավիճելն ու բանակցելը եկեղեցու սպասավորներն անիմաստ են համարում, քանի որ «կրոնական անվտանգության մասին պիտի մտահոգվեն բոլորը, անկախ սահմանադրությունից ու օրենքներից»:
Ալեքսանդր Ամարյանը տրամաբանությունից դուրս հայտարարեց այն իրողությունը, որ 6 դար շարունակ, մահմեդականների տիրապետության տակ անգամ հայերը պահպանեցին իրենց հավատը, բայց անկախություն ձեռք բերելուց հետո ընդամենը 10 տարվա ընթացքում երկրում սկսեց վխտալ այլադավանների հոծ բազմությունը:
Աղանդների ակտիվության ու բնակչության` դրանց հանդեպ հակվածության պատճառներն Ամարյանը միայն սոցիալականը չի համարում: Սատանիստներն, օրինակ, սոցիալական աջակցության հետ ոչ մի կապ չունեն: «Աղանդների միջոցով հնարավոր է գումարներ լվանալ, աղանդների միջոցով կարելի է հարվածել երկրի ազգային անվտանգությանը, մասնակցել քաղաքական խաղերի», հավատացած է Ամարյանը: Սակայն փոխանակ պայքարելու եւ պատժամիջոցներ կիրառելու նրանց դեմ, պետությունը նույնիսկ բարյացակամ որոշումներ է ընդունում նրանց համար, ինչպես «աղանդավորական կառույցների բարեգործական կազմակերպություններին մաքսային ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» որոշումը: Ոչ ոք չի վերահսկում, թե ուր են գնում այդ «բարեգործական գումարները»: Աղանդների գործունեությունը վերահսկող կառույցի ստեղծումը նաեւ Եվրոխորհրդի պահանջներից է:
Ըստ բանավիճողների, բոլոր աղանդները ամենաբազմազան տարբերակներով ֆինանսավորվում են արտասահմանից` անձնական հաշիվների վրա փողի փոխանցում, բարեգործականի անվան տակ ապրանքների առաքում (որոնք սովորաբար հետո հայտնվում են տոնավաճառներում) եւ այլն:
Աղանդների ավերիչ գործունեության արտահայտությունն ինքնասպանությունների թվի աճն է: Ըստ Ամարյանի, հանրապետական դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ, հակառակ վիճակագրական համեստ տվյալների, հանրապետության դատախազը նշել է բավական պատկառելի թիվ` անցած տարի Հայաստանում ինքնասպանությունների թիվն անցել է 400-ից: Իհարկե, հնարավոր չէ հաստատապես պնդել, որ դրանց բոլորի դրդապատճառները կրոնական են, բայց ինքնասպանների մեծամասնությունը հարել է աղանդներին:
Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցված են 57 աղանդավորական կազմակերպություններ, որոնք գործում են 14 հիմնական ուղղություններով: Հայաստանի բոլոր մարզերը վարակված են աղանդներով: Ամենից ակտիվ գործում են Երեւանում, աղանդավորական խմբերի 80 տոկոսն աշխատում է այստեղ: Ակտիվ են սահմանամերձ շրջաններում, ուր բնակչությունն ավելի խոցելի եւ անպաշտպան է, եւ սահմաններն իսկապես վտանգվում են նրանց գործունեությունից: Ըստ Ամարյանի, Հայաստանում որոշակի քանակ են կազմում նաեւ այն քաղաքական գործիչները, որոնք հարում են տարբեր կրոնական աղանդների: Բայց քանի որ «դա իրենց խղճի գործն է», անուններ չտրվեցին:
Եվ վերջում ուշագրավ մի փաստ եւս. ինչպես Արմենպրեսի թղթակցին հայտնել է հանրապետական զինկոմի տեղակալ Հենրիկ Մուրադյանը, եհովականներից բացի զինվորական ծառայությունից ակտիվորեն խուսափում են նաեւ հիսունականներն ու կրիշնյականները: Լինում են դեպքեր, որ նրանք հրաժարվում են նույնիսկ այլընտրանքային ծառայությունից, համարելով, որ դա նույնպես զինվորական ծառայություն է: Զինկոմի տեղակալը նշել է, որ ծառայելուց բացահայտորեն հրաժարվող երիտասարդների մեծամասնությունը բարձրագույն կրթությամբ, օրենքներին ու որոշումներին հիանալի տիրապետող երիտասարդներ են:
Ինչո՞ւ առաքելական քահաննաները չեն թակում մեր դռները
Ինչո՞ւ մեր քահանաներն այնքան ակտիվ չեն, օրինակ, ինչպես եհովականները: Մխիթար քահանան այս հարցադրմանն ի պատասխան հետաքրքրական միջադեպ պատմեց: Զատկից հետո մեր քահանաներից մեկը գնում է իր հոտի անդամներից մեկի տուն` տնօրհնեքի ծես կատարելու: Տանտերը տանը չի լինում եւ վերադառնալուն պես հարձակվում է քահանայի վրա, մեղադրելով նրան, թե ի՞նչ գործ ունի իր տանը եւ ի՞նչ է անում իր բացակայությամբ: Այս զավեշտական դեպքից հետո, ըստ Մխիթար քահանայի, մեր հոգեւորականները զգուշանում են նման «անկանխատեսելի» միջոցառումներից: Ի վերջո, հայտնի չէ նաեւ, թե տվյալ ընտանիքում նրանք անհավատների՞, աղանդավորների՞, թե՞ առաքելական եկեղեցու հետեւորդների կհանդիպեն:
Իսկ եհովականները նման փաստերի բախվելուց չեն վախենում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ