«Տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը ցանկանում է շատ բան պոկել ի նպաստ իրեն, նոր առաջարկներ անել, ինչը մեզ համար ընդունելի չէ: Եթե մեզանից յուրաքանչյուրը փորձի իր համար ավելի շատ բան պոկել ակնհայտ, բացահայտ նպատակով, ապա դժվար թե մենք կարողանանք ընդհանուր հայտարարի գալ», հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտին Ղարաբաղում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության վերաբերյալ նախարարը նշեց. «Չեմ կարծում, որ մոտ ապագայում փոփոխություններ կլինեն: Իհարկե, ցանկալի է, որ ԼՂՀ-ն նույնպես մասնակցի բանակցություններին, բայց ամեն ինչ չէ, որ մեր ցանկությամբ է ընթանում»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այցին ԱՄՆ, Սերժ Սարգսյանը կարծում է, որ դա նախ նորմալ է (երկրների նախագահները կարող են եւ պետք է հանդիպեն միմյանց- Գ. Գ.), հետո էլ յուրաքանչյուր երկրի համար կարեւոր է ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպումը: «Վստահ եմ, որ ԱՄՆ-ի նախագահը հորդորելու է Ալիեւին հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով», ասաց պաշտպանության նախարարը:
Գ. Գ.