«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2006-04-19 | #72, 2006-04-20 | #73, 2006-04-21


«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԼԻՆԻ ԻՐ ԿԱԶՄՈՒՄ»

Համոզմունք է հայտնում Տիգրան Թորոսյանը

Ղարաբաղյան խնդրի կարգավորման ողջ գործընթացի կարեւորագույն ձեռքբերումն այն է, որ միջազգային հանրությունն այսօր ընդունում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Երեկ այսպիսի գնահատական է տվել ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանըՙ ընդգծելով. «Ադրբեջանը նույնպես սկսել է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղն այլեւս չի լինի իր կազմում եւ մասամբ հենց այդ պատճառով էլ ձգձգում է հիմնախնդրի լուծումը»:

Բարձր գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, ԱԺ փոխնախագահը չի բացառել ՄԽ համանախագահների եռյակումՙ Սթիվեն Ման-Յուրի Մերզլյակով-Բեռնար Ֆասիե, անձանց փոփոխությունը. «Փոփոխությունների են ենթարկվել միջազգային միջնորդական գործընթացների ձեւաչափերը, փոխվել են եւ դիվանագետները, այդ պատճառով էլ ՄԽ շրջանակներում դիվանագետների փոփոխությունը լիովին հնարավոր է»:

Անդրադառնալով ադրբեջանական մամուլում տարածված Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման լուրերին, Տիգրան Թորոսյանը նախ խորհուրդ է տվել չօգտվել ադրբեջանական լրատվամիջոցներից եւ ճշգրիտ տեղեկություն վերցնել այլ երկրների լրատվամիջոցներից, որոնք ավելի անաչառ են: Իսկ պատերազմի վերսկսման առնչությամբ նա առաջարկել է սպասել մի քանի օր եւ եթե սկսվի, ապա մեկնաբանություններ անհրաժեշտ չեն լինի:

Նույն հարցի առնչությամբ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը երկու երկրների նախագահների Ռամբույեում կայացած հանդիպումը տապալում համարելովՙ Ադրբեջանի նախագահի հանդիպմանը հաջորդած հայտարարությունից եզրակացրեց, որ չի բացառվում պատերազմի վերսկսումը:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4