Մինչեւ տարեվերջ անվանումների վերահայկականացումը կավարտվի
Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող 52 բնակավայրեր երեկ կառավարության որոշմամբ անվանափոխվել են: Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Բնակավայրերն անվանափոխվում են, եթե դրանք օտարալեզու են եւ օտարահունչ, անբարեհունչ են եւ նույն մարզի տարածքում կրկնվող: Այդ նպատակով ստեղծվել էր հանձնաժողով, որն աշխատել է 7-8 ամիս: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են համապատասխան ոլորտի գիտնականներ: Հանձնաժողովը անվանափոխության համար առաջնորդվել է նախ պատմական անվանումների վերականգնման, ապա տեղի աշխարհագրական պայմանները, ազգային փոքրամասնությունների շահերը նկատի ունենալու սկզբունքներով:
Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ անվանափոխված 5 համայնքների նոր անվանումներն առաջարկել են դրանց բնակիչները, 4-ը եղել են կրկնվող, 37 համայնքներում վերականգնվել են պատմական անվանումները եւ դարձել հայեցի, իսկ 6-ում փոփոխվել են անբարեհունչ անվանումները: Ինչպես հայտնեց կադաստրի կոմիտեի նախագահը, վերջիններս հիմնականում եղել են այսպիսինՙ թռչնաբուծարանին կից, կայարանին կից եւ այլն: Նա նաեւ հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կվերանվանվեն եւս 27 համայնքներ իրենց պատմական անվանումներով, 21 օտարալեզու, 10 անբարեհունչ եւ 12 կրկնվող անվանումներով համայնքներ: Բնականաբար, աստիճանաբար պետք է փոփոխվեն նաեւ կնիքները, անձնագրերը, ծննդյան վկայականները:
«Ազգի» այն հարցին, թե անվանափոխված համայնքները գյուղակա՞ն են, թե՞ կան նաեւ քաղաքներ, Մանուկ Վարդանյանը պատասխանեց, որ անվանափոխվածները միայն գյուղեր են, բայց քննարկվում է երկու քաղաքներիՙ Ալավերդու եւ Ախթալայի վերանվանման հարցը: Ինչ վերաբերում է աշխարհագրական անվանումներինՙ դաշտերի, գետերի, լեռների եւ այլն, ապա հաշվառվել են շուրջ 40 հազար անվանումներ, որոնց շուրջ 60 տոկոսը օտարահունչ է: Դրանք եւս պետք է վերանվանվեն: Առաջինը դա կարվի Կոտայքի եւ Արագածոտնի մարզերում:
Մանուկ Վարդանյանը երեկ հայտնեց անվանափոխման հանձնաժողովի եւս մեկ հետաքրքրական առաջարկի մասին: Այն էՙ հայտնի հասարակական-քաղաքական գործիչների անունով անվանակոչումներն իրականացնել նրանց մահվանից 10 տարի հետո, որպեսզի հետագայում դրանց հերթական անվանփոխման հետ կապված խնդիրներ չառաջանան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ