1000 դրամ թոշակների ավելացման պատճառով նրանք զրկվեցին նախ ընտանեկան նպաստներից, ապա խորհրդային ավանդների փոխհատուցումից
Թե ինչ տեղի ունեցավ, երբ կենսաթոշակառուների թոշակները բարձրացան 1000 դրամով, արդեն գրել ենք: Մեկ անգամ եւս հիշեցնենք: Այդ բարձրացումը թոշակառուներից շատերի համար դաժան հարված եղավ, քանի որ 1000 դրամ ավելի թոշակի պատճառով նրանք դուրս մնացին ընտանեկան նպաստի համակարգից եւ 7 հազար դրամ նպաստ ստանալուց: Երբ կոնկրետ դեպքի առնչությամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանին հարց ուղղեցինք, թե սոցիալական քաղաքականության ինչ հասցեականության մասին է խոսքը, եթե 81-ամյա միայնակ կենսաթոշակառուն դուրս է մնում ընտանեկան նպաստի համակարգից, ստանալով ընդամենը ամսական 10-11 հազար դրամ կենսաթոշակ, փոխնախարարն, ըստ էության, ոչ մի առարկայական բացատրություն չտվեց, ասելով, որ աղքատության աստիճանը սահմանելը բարդ գործընթաց է եւ այստեղ կան խնդիրներ: Ապա ավելացրեց, որ կոնկրետ դեպքը պատրաստ են քննարկել: Այն, որ մեր մատնանշած կոնկրետ դեպքի առնչությամբ ոչ մի լուծում չգտնվեց, կարելի էր ենթադրել ի սկզբանե, բայց որ ինչպես վերոնշյալ կենսաթոշակառուին, այնպես էլ հազարավոր նրա բախտակիցներին շուտով վիճակված էր երկրորդ դաժան հարվածը ստանալ «հարազատ» կառավարությունից, ինչ-որ տեղ անսպասելի էր:
Անսպասելի էր, որովհետեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը, մանրամասնելով կառավարության որոշումը ավանդների փոխհատուցման կարգի մասին, հայտնեց, որ դրանք ստանալու առաջնահերթ իրավունք ունեն 2005 թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2006 թ.-ի ապրիլի 1-ը ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված հետեւյալ սոցիալական խմբերը. 70 տարին լրացած եւ դրանից բարձր տարիքի թոշակառուները, մինչեւ 70 տարեկան թոշակառուները, միայնակ թոշակառուները եւ այլն:
Ի պատասխան մեր հարցին, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, որ մինչեւ հունվարի 1-ը ընտանեկան նպաստի համակարգում գտնվողները եւ թոշակների բարձրացման հետեւանքով ընտանեկան նպաստից զրկվածները զրկվում են նաեւ խորհրդային ավանդները ստանալու առաջնահերթ իրավունքից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Նախարարության տրամադրած տեղեկությունից պարզ դարձավ, որ խորհրդային ավանդներն առաջնահերթ ստանալու իրավունք ունեն 2005 թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2006 թ.-ի ապրիլի 1-ը «անընդհատ» ընտանեկան նպաստի համակարգում գտնվողները:
Ինչը նշանակում է, որ այդ համակարգում մինչեւ 2006 թ.-ի հունվարի 1-ը, այսինքն մինչեւ կենսաթոշակների 1000 դրամով չարաբաստիկ բարձրացումը գտնվողները մեխանիկորեն դուրս են մնում ավանդներն առաջնահերթ ստացողների ցանկից:
Ինչպե՞ս կարելի է բնութագրել կառավարության եւ սոցիալական քաղաքականություն իրականացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության այդ որոշումը սոցիալապես ծանր եւ անօգնական վիճակում գտնվող ծերերի հանդեպ, եթե ոչ անտարբերություն եւ ցինիզմ: Ինչպե՞ս կարելի է ծեր մարդուն նախ մատնել սովամահության, պարտադրելով նրան ապրել ամսական 11 հազար դրամը չգերազանցող թոշակով, ապա զրկել նաեւ խորհրդային ավանդների փոխհատուցումից ակնկալվող գումարների շնորհիվ որոշ ժամանակ «յոլա գնալու» հույսից: Գուցե նման իրավիճակը կառավարությունն ու նախարարությունը վաղօրո՞ք էին նախատեսել եւ գուցե «անընդհատ» բառը հենց այդ նպատակով էլ դրվել էր կառավարության որոշման մեջ, որպեսզի թոշակներ բարձրացնելով շատերին զրկեն ե՛ւ նպաստից, ե՛ւ ավանդների փոխհատուցումից: Գուցե:
Համենայն դեպս ակնհայտ է, որ հազարավոր թոշակառուներին նման անմարդկային կացության մեջ գցած եւ նյարդային ցնցումներ «պարգեւած» իշխանություններն այլեւս բարոյական իրավունք չպետք է ունենան խոսելու Հայաստանում աղքատության նվազման, սոցիալական քաղաքականության բարձր հասցեականության եւ նման դատարկ ու բարձրագոչ բաների մասին: Բավական է միայն պատկերացնել, որ այդ պահին նրանց կարող են տեսնել եւ լսել նրանց զոհ թոշակառուները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ