«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2006-04-19 | #72, 2006-04-20 | #73, 2006-04-21


«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՍԿԻԶԲԸ

Արդեն երկրորդ տարին անցկացվում է «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնը: Նախաձեռնությամբ մշակույթի նախարարության եւ ազգային պատկերասրահի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանու ներքո այս տարվա փառատոնը նվիրված է Հայաստանի ազգային պատկերասրահի 85-ամյակին: Երեկ երեկոյան պատկերասրահի որմնանկարների դահլիճում կայացած փառատոնային առաջին համերգը նվիրված էր Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Բացման հանդիսությանը խոսք ասացին պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, մշակույթի նախարարի ուղերձն ընթերցեց փոխնախարար Կարինե Խոդիկյանը:

Հանդիսավարըՙ Սարգիս Նաջարյանը, տեղեկացրեց համերգային ծրագրում կատարված փոփոխության մասին: Նախապես հայտարարված Էդ. Միրզոյանի «Սիմֆոնիա լարայինների եւ լիտավրների համար» ստեղծագործությանը փոխարինեց Միրզոյանի «Թեմա եւ վարիացիաները» (փոխադրում լարային քառյակից) գործըՙ ֆիլհարմոնիայի ղեկավարությանՙ լիտավրներ (գոսեր) չտրամադրելու պատճառով:

Համերգը բացվեց Էդուարդ Հայրապետյանի «Հայր մեր» հրաշալի գործով, ապա հնչեցին Արվո Պյարտի «Cantus»-ը, Միրզոյանի հիշյալ ստեղծագործությունը եւ «Շուշանիկ» քնարական պատկերը:

Բեմում Հայաստանի պետական կամերային նվագախումբն էրՙ Արամ Ղարաբեկյանի դիրիժորությամբ, որի մասին «Բոստոն գլոբի» երաժշտական քննադատ Ռիչարդ Դայերն ասել է. «Նա կարող է նվագախմբին ոգեշնչել այնպես, որ նրանից ստանա այն, ինչ ցանկանում է»:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4