Դեռեւս 2005 թ.-ին Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում իրականացված «Կառուցում է հայ հոգեւորականությունը» ձեռնարկով սկսվեց Հայ եկեղեցու եւ «Հայկական հաբիթաթի» համագործակցությունը: Երեկ այն շարունակություն ստացավ մեկ այլ ոգեւորիչ ձեռնարկով` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանը եւ «Միջազգային հաբիթաթի» ներկայացուցիչ դոկտ. Քեննեթ Բենսնը ստորագրեցին համաձայնագիր, ըստ որի «Հաբիթաթը» իրականացնելու է ամենամյա միջոցառում` «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ շինարարական ծրագիր» անունով: Առաջիկա երեք տարիների ընթացքում նախատեսվում է կառուցել շուրջ 100 բնակարան: Այս տարի Հայաստանի մարզերում տնազուրկների համար կկառուցվի 37 տուն` Հայաստանյայց առաքելական եկեղեցու 36 թեմերի եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի թվի համեմատ: Հիմնական միջոցառումը` «Կառուցենք հավատով» խորագրի ներքո, տեղի կունենա Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 5-9-ը: Տեղի ընտրության մասին իր նկատառումները ներկայացրեց Արշակ եպս. Խաչատրյանը. «Այսօր Հայաստանի թեմերից ամենից աննախանձելի վիճակում է Գեղարքունյաց թեմը` թե՛ տեղի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավիճակի, թե՛ եկեղեցականների եւ եկեղեցական կառույցների սղության առումով»: «Հաբիթաթի» ձեռնարկումները Հայաստանում լիարժեք իրականացնելու նպատակով ԱՄՆ Արեւելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ԱՄՆ-ի ազգային եկեղեցիների խորհրդի նախագահ Վիգեն եպս. Այքազյանը դրամահավաքի խնդրանքով նամակներ է հղել կառույցի անդամ ամերիկյան եկեղեցիների, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի հայ եկեղեցու թեմերի ծխերին, ինչպես նաեւ սփյուռքի բոլոր թեմերի առաջնորդներին: Նամակների արձագանքները ապահովել են «Հաբիթաթի» ծախսերի մեծ մասը: Բացի այդ, ԵՀԽ-ի ազգային եկեղեցիների խորհուրդը վերջին 4-5 տարիների ավանդության համաձայն, կամավորականների խումբ է ուղարկելու Հայաստան, որի կազմում մեծ թիվ կկազմեն սփյուռքահայերը:
Արարողության ավարտին «Հաբիթաթի» ներկայացուցիչներինՙ ուղեկցությամբ Վիգեն եպս. Այքազյանի, ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Վեհափառ հայրապետը, կարեւորելով նման ձեռնարկման իրագործումը, նշեց, որ դա ոչ միայն տանիք է տալիս կարիքավոր ընտանիքներին, այլեւ սերմանում է նմանին սիրելու եւ բարեգործություն կատարելու ոգի:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա էին «Հայկական հաբիթաթի» ազգային գրասենյակի գործադիր տնօրեն Աշոտ Եղիազարյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մարկոս վրդ. Հովհաննիսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, «Հաբիթաթի» ծրագրերի շրջանակներում բնակարաններով ապահովված շահառուներ:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ