«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2006-04-20 | #73, 2006-04-21 | #74, 2006-04-22


ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Մեզանում քիչ է ուսումնասիրված Հայոց ցեղասպանության համատեքստում թուրքական ծրագրերի կիրառումը Արեւելյան Հայաստանում եւ ամբողջ Կովկասում: Թուրքական հաջորդական իշխանությունները, ընդհուպ քեմալականը, մինչեւ 1921 թ. ցեղասպանական բազմաթիվ գործողություններ են իրականացրել ներկա ՀՀ տարածքում, Ջավախքում եւ Արցախում: Նրանք հետապնդել են հայերին ամեն տեղ, ներառյալ Օսմանյան կայսրությունից դուրս գտնվող տարածքներում, եւ ուր որ հնարավորություն են ունեցել ցեղասպանել են հայ ժողովրդին: Ցեղասպանության դասական սահմանմանՙ ցեղի՛ ոչնչացման տեսակետից այդ փաստերը նույնպես կարեւոր են: Ահա, մասնակիորեն, միայն Արցախյան կտրվածքով, այս կարեւոր հարցին է անդրադառնում նշանավոր պատմաբան, գրող, արցախյան ընդվզման կերտիչներից Բագրատ Ուլուբաբյանը ստորեւ առաջին անգամ տպագրվող հոդվածում, որը մեր թերթին է տրամադրել հանգուցյալ պատմաբանի որդինՙ պատմաբան Հրայր Ուլուբաբյանը:

Խմբ.

Մինչեւ այսօր էլ, երբ մեր ժողովուրդը կառավարական մակարդակով նշում է թուրքերի կողմից պետականորեն ծրագրած ու իրականացրած հայկական ցեղասպանության 80-ամյակը, հավանաբար պատմագիտության մեղքով, սույն խնդրի կապակցությամբ հասարակական շրջաններում իշխում են մի շարք թյուրատեսություններ, որոնցից առանձնապես երկուսի մասին չի կարելի չխոսել: Առաջինը դա ցեղասպանության ժամանակն է, որը, հենց այս 80-ամյակ արտահայտության զորությամբ, հաշվում են 1915-ից, երբ այն սկսվել է դրանից առնվազն երկու տասնամյակ առաջ եւ, պարբերաբար գործի դրվելով, հասել է 15-ին ու հետագա տարիներին: Ճիշտ է, պատմական ուսումնասիրություններում խոսք է լինում, այն էլ հանգամանալից խոսք, նաեւ անցյալ դարի վերջին, ավելի ճիշտՙ 90-ականների կեսին սուլթան Աբդուլ Համիդի կազմակերպած զանգվածային ջարդերի մասին: Այդ ցեղասպանությանը զոհ են գնացել շուրջ 300 հազար հայեր: Ամբողջ մի տարի, 1895 թ., գործել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի կառավարությունների կողմից կազմված հեղինակավոր մի հանձնախումբ, որը քննում էր հայկական ջարդերի ընթացքը, միջոցներ մտմտում թուրք ջարդարարների սեւ ծրագրերը խափանելու եւ ողջ մնացած հայերի փրկությունն ապահովելու համար: Եթե նկատի առնենք, որ երեք մեծ տերությունների ներկայացուցիչներն այդ թվականին ճանաչել եւ աշխարհի առաջ դատապարտել են արեւմտահայության այս ջարդերը, հայության իրավունքների պաշտպանության մեծ փաստաթուղթ են ստորագրել (տե՛ս Լեո, Հայոց հարցի վավերագրերը, էջ 213-234), ապա այսօր մենք պետք է նշեինք Եղեռնի ոչ թե 80, այլ 100-ամյակը...

Երկրորդ մեծ թյուրատեսությունը վերաբերում է հայկական ցեղասպանության ընդգրկած տարածքներին ու ծավալներին: Ուշադրություն դարձնենք, որ միշտ էլ հայկական ցեղասպանություն ասելով հասկացել են Օսմանյան կայսրության մեջ, ավելի ստույգՙ Արեւմտյան Հայաստանում, կազմակերպված ջարդերն ու բռնագաղթեցումները եւ անտեսվել են նույն Օսմանյան Թուրքիայի նախաձեռնությամբ կամ հրահրումով իրականացված նմանատիպ զանգվածային ջարդերն ու բռնագաղթեցումներն Արեւելյան Հայաստանում: Իրականացվել են հատուկ ծրագրով, թրքության նվաճողական, բռնատիրական, վայրագ տիրապետության հաստատման նպատակով: Օսմանաթրքական պարագլուխները երբեք էլ չեն թաքցրել ոչ այդ նպատակները, ոչ էլ դրանք իրականացնելու համար գործադրած իրենց հրեշավոր միջոցները: Հիշենք, թեկուզ, 1918 թ. Բաթումի բանակցությունների օրերին Թուրքիայի պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշայի խոստովանությունը, որ գրի է առել հայկական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Խատիսյանը: «...Մենք պետք է տարածվինք դեպի արեւելք,- ասել է թուրքը,- հոն են մեր արյունը, մեր կրոնքն ու լեզուն: Մենք պետք է ճամփա ունենանք դեպի հոն: Եվ դուքՙ հայերդ, կանգնած եք մեր այդ ճամփուն վրա... Դուք պետք է մեկ կողմ քաշվիք եւ մեզի ճամփա տաք: Ահա թե ուր է մեր հիմնական վեճը»: Վեճը, որ թուրքը սովոր է լուծել իր հետ վիճողին ոչնչացնելով: Բաթումի խորհրդաժողովում այդ գործողության անունը մի կողմ քաշվել եւ ճամփա տալ էր: Իսկ մի քանի ամիս հետո, երբ արդեն ծնվել էլ Հայաստանի Հանրապետությունը Բաթումում ձեւված 9 հազար քառ. կիլոմետրի սահմաններում, Պոլսի բանակցություններին մեծ վեզիր Թալեաթ փաշան խոսեց իրեն վայել բացսրտությամբ, իսկ ավելի ճիշտՙ լկտիությամբ: Ասաց. «Էնվեր փաշան կը գտներ, որ քանի հայերը եղած են եւ պետք է միշտ ըլլան մեր թշնամիները ու հանգիստ պիտի չթողուն մեր Անատոլուի նահանգները, ավելի լավ է, որ հիմնապես բնաջնջվին անոնք նաեւ Կովկասի մեջ, ինչպես եղած են Թուրքիոյ մեջ: Իսկ փոքրիկ Հայաստան մը Կովկասի մեջ պատճառ պիտի դառնա, որ միշտ ձգտի ընդարձակելու իր սահմանները եւ դառնա հավիտենական վտանգ Թուրքիո համար»1:

Ուրեմն, Սարդարապատի հերոսական ճակատամարտը նրանց հարկադրել էր առժամապես համաձայնել, որ ստեղծվի «փոքրիկ Հայաստան մը Կովկասի մեջ»: Հետո այն էլ վտանգավոր համարեցին իրենց համար եւ լծվեցին նրա կործանման ծրագրին, ինչպես որ առաջները, երբ այդ փոքրիկ Հայաստանն էլ չկար, եւ իրենք, տեղաբնիկ ցեղակիցների հետ լծված էին այն հիմնական ծրագրին, որով պետք է մաքրվեր դեպի Կովկաս ու Արեւելք տանող իրենց ճամփան:

Ուրեմն, Թուրքիայի կառավարողները գտնում էին, որ հայերն իրենց տիեզերական տիրապետության խանգարողներն են, հետեւապես եւՙ հավերժական թշնամիները, նրանց վերացրել են իրենց կայսրության սահմաններում, պետք է «հիմնապես բնաջնջեին անոնց նաեւ Կովկասի մեջ», այսինքնՙ Արեւելյան Հայաստանում:

Ուրեմն, կար հայերին Կովկասում եւս կոտորելու, բնաջնջելու թրքական պետական ծրագիր, որին հայկական շրջաններում տեղյակ դարձան 1918 թվականին, այսինքնՙ երբ պետություն էին ստեղծել եւ, այսպես կոչված, քաղաքական հարաբերությունների մեջ էին շրջապատի հետ: Սակայն, բարեբախտաբար, պահպանվել են ժամանակի ամենաբազմազան աղբյուրագիտական նյութերը, եւ նրանք ցույց են տալիս, որ այդ ծրագիրը կար, գործում էր նաեւ նախորդ տասնամյակներին, սկսած Աբդուլ Համիդի ժամանակներից: Ուրեմն, չի կարելի Կովկասում իրականացված հակահայկական ջարդերը մեկուսացնել Արեւմտահայկական տարածքներում իրականացված եղեռնից: Մեկուսացնել ու անտեսել:

Ուրիշ են, իհարկե, ուժերի հարաբերակցությունը: Սա այլեւս ուրիշ խոսքի նյութ է: Սակայն որ նշված շրջանի Կովկասում անդադար գործել է թուրք կառավարող շրջանների ծրագիրը, դա պատմական իրողություն է, եւ մենք կլինենք մեր այդ մերձավոր նախնիներիՙ նահատակվածների, դիմադրության կազմակերպիչների, վերջապես այստեղ մեր ազգային գոյատեւումն ապահոված հերոսների ապիկար ժառանգները, եթե չստեղծենք իրական պատմությունը, չգնահատենք իրողությունները եւ չանմահացնենք այդ ժամանակը:

Հայասպան ջարդերը 1905-ի սկզբից իսկ բռնած էին ողջ Կովկասը: Նրանք սկսվել էին Բաքվից, տարածվել գավառներումՙ Գանձակ, Նուխի, Ղարաբաղ ու Նախիջեւան... Հրահրողները Օսմանյան Թուրքիայի քարոզիչ գործակալներն էին, որոնք կարողանում էին հայերի դեմ գրգռել նույնիսկ ցարական պաշտոնյաներին: Ասում էինՙ նրանք հիմա Թուրքիայում են ապստամբել, պահանջում են ինքնավարություն, որով թունավորել են ողջ կայսրությանը, վաղն էլ այստեղ են նույնն անելու, Բաքվում, Ղարաբաղում ու մյուս վայրերում: Եվ թուրք ու թաթար ջարդարարների թիկունքում կանգնում էին կաշառված ցարական պաշտոնյաները: Այսպես էր, որ Բաքվում, ուր հայկական ինքնապաշտպանություն կար քաջահմուտ Նիկոլ Դումանի գլխավորությամբ, այնուհանդերձ, ջարդարարները մեծ վնասներ հասցրին հայությանը, որովհետեւ իրենց կողմն էր հայատյաց գեներալ-նահանգապետ Նակաշիձեն: Մայիսի 11-ին Դրոյի վրիժառու ռումբից սատակեց Նակաշիձեն, արժանի պատիժ ստացան նաեւ ջարդերի ուրիշ կազմակերպիչներ եւ գազանների ախորժակը առժամապես թմրեց... Թուրքերի ծրագիրը տապալվեց բոլոր այն վայրերում, ուր հայերը պատրաստ էին ինքնապաշտպանությանՙ Շուշիում, Ջրաբերդում, Գյուլիստանում ու Գետաշենի կողմերում:

Շուշիում ինքնապաշտպանությունը գլխավորում էր Խանասորի հերոս Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), որը գիտեր թուրք խուժանը զսպելու եղանակը: Ասկերանի ձորում ու շրջականերում գործում էին Համազասպ Սրվանձտյանի ջոկատները, որոնք Վարանդայի Ավդուռ ու Մյուրիշեն գյուղերում ավերածություններ արած թուրքերին հետապնդեցին մինչեւ իրենց Աբդալն ու Գիլափլուն, ապա այս ավազակաորջերն այնպես հողմացրիվ արին..., որ Համազասպի մասին հյուսված հայկական փառաբանական երգերին գումարվեցին թաթարների սգո մուղամներն իրենց ավազակների դատարկ գլուխներին իջած երկնային պատժի մասին... Սակայն մի շարք գավառներում անզեն հայության դեմ գործած թուրք ավազակախմբերն այնպես կատաղի էին գործել, որ դատարկվեցին տասնյակ ու տասնյակ գյուղեր: Իր ողբերգականությամբ հայտնի է Մինքենդիՙ շուրջ հազար շունչ ունեցած հայության կոտորածը, որի մասին ժամանակի մամուլը շատ էր գրել: Օգոստոսի 23-ին թուրքերն ու քրդերը հանկարծակի հարձակվեցին եւ, Ա-Դոյի վկայությամբ, այս ու այնտեղ խմբերով թաք կացած անմեղներին կոտորեցին անխնա: Գրել է. «Գյուղում գտնվող միակ ընդարձակ շենքում (...) պատսպարված ավելի քան երկու հարյուր հոգուն մի առ մի հանեցին եւ սկսեցին սրերով, կացիններով եւ հազար ու մի բութ գործիքներով կոտորել անխնա...

Թշվառ մարդկանց տանջանքներն ավելի եւս տեւական դարձնելու համար, նախքան մահացնելը, մաս-մաս կտրտում էին նրանց մարմնի անդամները: Այդպիսի տանջանքների ենթարկվեցին 20 տարեկան Խաչատուր Դավթյանը, 60 տարեկան Մանուշակ Հայրյանը, որի նախ ծծերը կտրտեցին եւ ապա ձեռքերը:

22 տարեկան Համբարձում Գալստյանի մազերից բռնելովՙ կոկորդը կտրեցին ճիշտ այնպես, ինչպես ղասաբըՙ ոչխարի գլուխը:

65 տարեկան Աննա Դավթյանցին եւ իր երեք թոռներինՙ 6 տարեկան Գյուլնշանին, 5 տարեկան Սառային եւ չորս տարեկան Անդրեասին, մեկը մյուսի ետեւ շարք կանգնեցնելովՙ Ջաբրայիլ Շախսուրվարովը փորձեց մեկ գնդակով չորսին միանգամից սպանել:

Մանուչար Գրիգորյանի հղի կնոջՙ Նավոմի փորը պատռեցին եւ երեխան սրի ծայրին մեխած դուրս բերին արգանդից»2:

Կարելի է զարմանալ թուրքի հնարամտության վրա, եթե օսմանցի ցեղակիցները հետագայում, նրա հետ մրցության մեջ մտնելով, նվաճած չլինեին գերազանցությունը:

Օրինակ, սա ինչո՞վ թրքական ձեռագիր չէ, մի՞թե նրանով, որ եղել է Մեծ եղեռնից տասը տարի առաջ... Բայց չէ՞ որ թուրքն էլ նրանով է թուրք, որ ամենուրեք փորձարկում, կատարելագործում է վայրագության իր եղանակներըՙ միշտ էլ իրեն վայել, անպայման այնքան իրենը, որ նույնիսկ հեռավոր ու անծանոթ եվրոպացին էլ տեսնի ու բացականչի. «Այստեղով թուրք է անցել»:

***

Թրքական ծրագիրը, համարյա առանց տեւական ընդմիջումների, գործել է նաեւ հետագա տարիներին: Գործել է, չնայած հայկական ինքնապաշտպանությունը միշտ էլ նրա դեմ պատրաստ է ունեցել իր հայրենիքը պաշտպանելու, այնտեղ տեր-տնօրեն մնալու բարոյական ու քաղաքական իր վճիռը:

Սաՙ մինչեւ 1918-ի մայիսը, երբ, Սարդարապատում հայոց տված հերոսական ճակատամարտից հետո, Բաթումում լուծվում էր Այսրկովկասի քաղաքական բաժանման հարցը, եւ բաժանողն էլ Թուրքիայի կառավարական պատվիրակությունն էր:

Ուրեմն, Այսրկովկասը բաժանվում էր վրացիների, հայերի ու թաթարների (հետագայում կոչված ադրբեջանցիներ) միջեւ, եւ բաժանողն էլ օսմանյան թուրքն էր:

Ես ժամանակին ամենայն ուշադրությամբ ուսումնասիրել եմ այդ խորհրդաժողովի նյութերը, նույնիսկ բանակցությունների մասնակից հայերի օրագրերն ու այլազան գրառումները: Կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ Թուրքիայի հակահայկական գործարքը (բանակցությունները եւ ընդունված պայմանագիրն իսկապես ամենասառը գործարքն էինՙ ուղղված կովկասահայության իրավունքների ու ճակատագրի դեմ, երկու հարեւանների, ինչպես նաեւ Օսմանյան Թուրքիայի օգտին) եւ, այս ամենը ցավալիորեն անմռունչ, նույնիսկ ցնծության ցույցերով ընդունվել է հայ պատվիրակների կողմից, իսկ շահող վրացիներն ու թաթարներն անընդհատ նոր պահանջներ են ներկայացրել, քաշքշել ու ձգձգել վերջնական համաձայնությունը:

Հայերին բաժին հասած հանրապետություն կոչվածը, ինչպես հետագայում Լեոն էր նկատել, բավական չէր նույնիսկ իբրեւ գերեզմանատեղի3: Իսկ ամենակարեւորըՙ հայկական պատվիրակության անմռունչ համաձայնությամբ, արցախյան աշխարհը հանձնվել է թաթարներին:

Թաթար պատվիրակները հետագայում պատմում էին, թե այդ Արցախ-Ղարաբաղը յուրացնելու համար իրենք ինչ խաղեր են արել հովանավոր թուրքերի հետ: Վրացի պատվիրակը զարմացած էր, թե այդ հայերն ինչպես համաձայնեցին Ղարաբաղի կորստյան հետ... Իսկ իրենցՙ հայերի թղթերի մեջ առհասարակ ոչ մի խոսք չկա այդ Ղարաբաղի վերաբերյալ: Զո՞ւր չէ, որ դարձյալ Լեոն էր կշտամբում նրանց այդ հանցավոր անգիտությունը. «Եվ ահա Քաջազնունին, Խատիսյանը եւ Պապաջանյանը, մարդիկ, որոնք ոչինչ հասկացողություն չունեին... Ղարաբաղի մասին, Բաթումի չարաղետ բանակցությունների միջոցին, համաձայնություն են տալիս թուրքերին, որ Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին...»4:

Զարմանանք, որ Հայաստանի համար Արցախ-Ղարաբաղի դերը հրաշալի հասկանում էին թուրքն ու թաթարը, վրացին ու ռուսը (հիշենք Ս. Գորոդեցկու ոգեշունչ մարգարեությունը), իսկ հայոց ղեկավարները «ոչինչ հասկացողություն չունեին» այն օրերին եւ չպետք է ունենային նաեւ հետագա ժամանակները:

Մեն-մենակ մնաց Արցախ-Ղարաբաղը, մնաց իր հույսին, եւ այստեղ էր, որ հայկական ինքնապաշտպանությունը դարձյալ ծառս ելավՙ ցուցադրելով չեղած-չտեսնված որակներ, ներքին ուժերի անպարտելիության փորձն ու հմտությունը:

Բարեբախտություն էր, որ այն ժամանակ Արցախում արդեն կար ու գործում էր Հայ հեղափոխական դաշնակցության նահանգային կազմակերպությունը, որն անմիջապես ինքնապաշտպանության գլուխն անցավ, ստեղծեց Ազգային խորհուրդՙ մարզն առնելով իշխանության մի այսպիսի ճկուն ու գործունյա մարմնի իրավասության ներքո, եւ սկսվեց հերոսական գոյապայքարը:

Երկուս ու կես տարվա այս անհավասար, հաճախ պարզապես օրհասական պայքարը, որի յուրաքանչյուր ժամը պահպանվել է վավերագրերում եւ հայտնի է ամենայն մանրամասնությամբ, տվել է դասեր, որոնք ուսանելի են եւ ուղեցույց պիտի դառնային հետագա տասնամյակներին, մանավանդ պայքարի նոր եւ աննախադեպ պոռթկումի վերջին յոթնամյակին: Դասերից ամենակարեւորը սա էր. թրքության դեմ այս աշխարհի հայության կռիվը հավերժական է, եւ դադար կունենա միայն մի դեպքումՙ երբ մենք պաշտպանենք մեր հողը, արժանի հակահարվածներրով ջարդենք հակառակորդի մռութը, նրա գլուխը մտցնենք այն համոզումը, թե պատերազմի դաշտում ինքն է, որ պետք է պարտվի: Ապա. դիմադրության եւ ինքնապաշտպանության ընթացքում թույլ տրված յուրաքանչյուր վրիպակ դուռ պիտի բացի նոր ձախողանքների համար, եւ այն ժամանակ հեռու չպիտի լինի նաեւ պարտությունը, մանավանդ, երբ մենք այլեւս նահանջելու տեղ չունենք, եւ ամեն մի ձախողանք մի քայլ է դառնալու դեպի մեծ ողբերգությունը:

Այս կողմերում եւս հայկական ջարդերի կազմակերպիչներն ու գլխավոր գործող անձինք արեւմտահայության եղեռնի կազմակերպիչներն էինՙ տխրահռչակ Էնվերը, Նուրի փաշան եւ ուրիշ փաշաներ ու բեկեր, որոնք որոշել էին կովկասահայության վախճանի գործում ճակատագրական դարձնել այն ջարդերը, որոնք տեղի էին ունենալու Բաքվից մինչեւ Արաքսի ափերը: Այո, հայկական զանգվածային ջարդեր էին կատարվում այդ ամբողջ տարածքի վրաՙ Բաքվում, Գանձակում եւ մյուս խոշոր բնակավայրերում, գավառներում: Սակայն վճռականը Ղարաբաղում պիտի լիներ, եւ դրա համար թուրք էմիսարների գլխավորությամբ, ոտքի էր կանգնել ամբողջ Ադրբեջանը:

1990 թ. ամռանը Լոնդոնում տեղի ունեցավ մեծ գիտաժողով 18-20 թվականների Այսրկովկասի քաղաքական վիճակի վերաբերյալ, եւ այնտեղ Ադրբեջանի նոր պատմաբանները վավերագրական հարուստ ու համոզիչ նյութերով ցույց էին տալիս, թե 1920-ի գարնանամուտին Ադրբեջանի ամբողջ ռազմական ուժը, ավելի քան 80 հազար զինվոր, քշվել էր Ղարաբաղՙ այնտեղ հայ-ադրբեջանական խնդրին վերջնական լուծում տալու համար: Այստեղ էր Ադրբեջանի ամբողջ զորությունը,- պնդում էին նրանք,- այդ պատճառով էլ հյուսիսից ռուսական կարմիր զորքն անարգել մտավ անպաշտպան Ադրբեջան եւ, առանց մի գնդակ իսկ արձակելու, տիրացավ այդ երկրին: Ուրեմն, երկրի ողջ զորությունը Ղարաբաղում էր, եւ այնտեղ ավերում էր Շուշին եւ բազմաթիվ գյուղերՙ համարյա բոլոր գավառներում: Հայաթափվել էին հարավ-արեւմտյան Դիզակը, Բերդաձորի մի շարք գյուղեր... Իսկ հյուսիսային Արցախում ու հարեւան գավառներում թշնամին հայերի մասին հուշ իսկ չպետք է թողներ. բնակչությունը կոտորելուց հետո էլ հնավանդ հուշարձաններն էր ավերում, վանքերը, բերդամրոցները:

Բաքուն, Շիրվանն ու Գանձակը նվաճած ռուս կարմիր բանակն այս ժամանակ էլ, ապրիլ-մայիսին, հասավ Արցախ, եւ թրքության ծրագրած հայաթափումն այստեղ դադար առավ: Փակվեց կովկասահայության եղեռնի այս մի շրջանը եւս մեր պատմության մեջ թողնելով անպատվաբեր մի այնպիսի էջ, որպիսին Շուշիի հայ բնակչության բնաջնջումն էրՙ քաղաքի հայկական մասի հետ միասին (չէ՞ որ այդ մասն էր, որ Շուշին ժամանակի Կովկասի ամենաշքեղ ոստաններից մեկն է դարձնում եւ Արեւելյան Հայաստանի առաջնակարգ մշակութային կենտրոնը):

Շուշիի ողբերգությունը եթե ոչ արդարացնող, ապա գոնե մեր խոցված արժանապատվությունը շոյող հիմքեր ու պատճառներ են հիշում: Սակայն, ամեն պարագայի, ոչ մի արդարացում չկա այն անխոհեմության համար, երբ ապստամբ մարզի եւ մանավանդ Հայաստանի Հանրապետության լուռ համաձայնությամբ թրքությունը կարողացավ բավական մեծ զորաբանակ մտցնել Խանքենդի, ապա եւ Շուշիՙ իբր թե այնտեղ իր բնակչությունը պաշտպանելու գավառներում տիրություն անող հայ զինվորությունից եւ Զանգեզուրից, իբր, հակաթրքական ծրագրեր որոճացող դաշնակցական ուժերից:

Հետագա տասնամյակների իրականության բծախնդիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս, իբր, խաղաղ ստեղծագործական շրջանում եւս գործել է կովկասահայության հաշիվը մաքրելու թրքական ծրագիրը: Երբ 1988-ի փետրվարի 2629-ը տեղի էր ունեցել Սումգայիթի հայ բնակիչների եղեռնը, գտնվեցին կարճամիտ մարդիկ, որոնք եթե այն չէին էլ արդարացնում, ապա փորձում էին բացատրել իբրեւ ադրբեջանցի տհաս տարրերի պատասխանը ԼՂԻՄ-ի մարզխորհրդի նույն փետրվարի 20-ի որոշման:

Սակայն հայտնի են նախընթաց տասնամյակների վայրագությունները, որ Ադրբեջանում կիրառվում էին ծայրահեղորեն իրավազուրկ, նույնիսկ իր ազգային պատկանելությունը համարյա մոռացած հայության դեմ: Ադրբեջանի նոր խալիֆ Հեյդար Ալիեւն ինչպես հպարտանում էր, որ իր տիրապետության տասը տարիներին (1960-70 թվականների միջոցին) ինքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կազմում հայերի թիվն իջեցրել է տասը տոկոսովՙ այդքան տոկոսով էլ բարձրացնելով իր ցեղակիցների քանակը: Հպարտանում էր, որովհետեւ դա աջողացրել էր պնդակող, կրակի մեջ անգամ իր ազգային դիմագիծը պահող-պաշտպանող արցախահայության դեմ... Իսկ Նախիջեւանում, Նոյի ժամանակներից հայկական, հիմա էլ Երեւանի քթի տակ իր ազգային ինքնությունը պահելու հնարավորություն ունեցող այդ մարզում, մի հայ էլ չի մնացել:

Հիշենք նաեւ ուրիշ փաստեր: Լեռնային Գանձակում Քարհատի շրջանի Բանանց գյուղի հայ բնակչությունը Հայրենական պատերազմում նահատակված հարազատների հիշատակին կանգնեցրել էր կոթող, այն էլ հայ երկու մեծ արվեստագետներիՙ ճարտարապետ Ռաֆո Իսրայելյանի եւ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակությամբ: 1969 թ. հուլիսին, հենց այդ ժամանակները նոր խալիֆ դարձած Ալիեւի կարգադրությամբ, շրջանի ղեկավարները գիշերային մի արշավ են կազմակերպում եւ հզոր տեխնիկայով ոչնչացնում հուշարձան-կոթողը: Հաջորդ օրը ողջ գյուղը թափվում է շրջկենտրոն կուս. շրջկոմի առաջին քարտուղարից բացատրություն պահանջում կատարված վայրագության համար: Եվ նա, խնդիրը հաջողությամբ լուծած-ավարտած մարդու հանգստությամբ, իսկ ավելի ճիշտՙ լրբությամբ բացատրում է: Ասում է. «Մենք հնուց ի վեր որոշած ունենք ձեր ցեղը վերացնել, որ այս կողմերում չապրեք-չերեւաք, իսկ դուք նոր եք հուշարձան կանգնեցնում, ձեր գյուղը շենացնում... Ոնց կլինի՞, դա ներելո՞ւ բան է:

Ադրբեջանի ղեկավարներն այս խաղը փորձեցին նաեւ հայահոծ ուրիշ գյուղերիՙ Գետաշենի, Չարդախլվի եւ ուրիշների վրա, երեւի մտածելով, որ հին Արցախական աշխարհը ոչնչացնելու համար, նախ նրա եզրերը պիտի բնաջնջել, ապա գլխավոր հարվածն ուղղել խեղճացած ինքնավար մարզի վրա: Գետաշենում ձախողվում է այս ծրագիրը: իսկ Չարդախլվում 1987-ի ամռանը մի այնպիսի շախսեյ-վախսեյ են սարքում, որ մարշալների ու գեներալների գյուղը քրքրվում է ամիսների ընթացքում:

Այնպես որ 88-ի փետրվարի 20-ի որոշումը լոկ հուշել է, որ արցախահայությունն այլեւս չի կարող հանդուրժել, եւ սկսվում է ամենաճակատագրական պայքարը հայկական մարզում հայավարի ապրելու իրավունքի համար:

Ինչ էլ որ լիներ, Ադրբեջանը, մեծ եղբայր Թուրքիայի հետ միասին, նրա քաղաքական, դիվանագիտական ու ռազմական խորհրդատուների ամենօրյա աջակցությամբ, լծվեց արցախահայության բնաջնջմանը:

Անմոռանալի է շարժման սկզբում ակադ. Անդրեյ Սախարովի հայտնի զրույցն Ադրբեջանի ղեկավար Վեզիրովի հետ: Ակադեմիկոսն ուզում էր հարցը լուծել մարդկայնորեն: Ասացՙ Ղարաբաղի հայության համար կենաց ու մահու հարց է, իսկ ձեզ համարՙ միայն պատվախնդրության առարկա: Եվ Վեզիրովը հերսոտվեց. ո՜նց թե, Ղարաբաղ են ուզում: Իսկ գիտեն, որ նման հարցերն արյամբ են լուծվում: Եվ այդ հայերն ունե՞ն այդքան արյուն...

Վեզիրովը, ապա եւ նրա հաջորդներըՙ Մութալիբով, Էլչիբեյ, մինչեւ նորից խալիֆ դարձած Ալիեւը, խոստանում էին հայի արյուն թափել ու թափում էին: Ապացույցըՙ Բաքվի 1990-ի հունվարը, նրան նախորդած ու հաջորդած արյունահեղությունները բոլոր այն վայրերում, ուր որ հայեր էին բնակվում: Այսպեսՙ յոթ երկար տարիներ:

Եվ այսօր, յոթ տարի հետո, ինչպիսի՞ն է իրականությունը, ինչպե՞ս է երեւում թրքական ծրագրի կատարումը կամ դրա հեռանկարը:

Թրքությունն Այսրկովկասում հայությունը ոչնչացնելու իր ծրագրին էր լծված եւ այն հաջողությամբ կենսագործելու համար սկսել էր Արցախիցՙ սակայն չմոռանալով նաեւ մնացած, վերջին կտոր Հայաստանը: Հայտնի է, օրինակ, որ նա, Արցախի հարցը դեռ չլուծած, գրպանում դրած է համարում Զանգեզուրը, որի համար արդեն պատրաստած ունի միացյալ թրքական կառավարություն, որի մի մասը Բաքվում է սպասում իր օրվան, մյուսն Անկարայում...

Եվ այսպես, Արցախում էր լուծվում հայության հարցը: Փրկարար բարեբախտություն էր, որ դրա էությունը հասկանում էր ողջ հայ ժողովուրդըՙ Արցախում, Հայաստանում, աշխարհի բոլոր ծագերում: Հասկանում էր եւ ոտքի էլ ելել պաշտպանելու իրե՛ն: Ո՛չ թե Արցախը, այլ իրե՛ն, որտեղ էլ այն կա:

Որ այս գիտակցությունը համազգային էր, համահայկական, եւ այդ էլ պիտի դառնար հաջողության գրավականը, փաստ է, վերջին ժամանակների մեր մեծագույն հաղթանա՜կը... Սակայն չի կարելի մոռանալ նաեւ այն օրերի ներքին թուրքին: Այո՛, թուրքի՛ն, որովհետեւ, չնայած հանդես էր գալիս հայկական անուններով, մտքերն արտահայտում, ավելի ճիշտՙ բարբաջում հայերեն, էությամբ թուրք է: Նրանցից մեկը, ինքն էլ պաշտոնյա, ասում էրՙ ձե՜ռ քաշեք Արցախից: Այս խորհուրդն ազգին պարտադրելովՙ թուրքի մարգարեն մխիթարելու հիմք էլ էր տալիս. Արցախի կորուստը կորուստ չէ. «մի բան կորցնելուց առաջ այն պետք է ունենաս»: Իսկ Ղարաբաղը մենք ոչ ունեցել ենք, ոչ էլ ունենալու ենք: «Ղարաբաղի հարցում Մոսկվա տանող բոլոր ճանապարհներն անցնում են Ադրբեջանով,- համոզված էր նոր փեյղամբարը եւ տալիս էր վերջին խորհուրդ-պատվիրանը. «Այսօր էլ խնդրելով պնդում եմՙ գնա՛լ Բաքու»:

Այսքանը հրապարակվել է 1991 թ. նոյեմբերի 20-ին, այն էլ «Հայք» կոչված թերթում: 91-ին, ուրեմն, 1990-ի հունվարին Բաքվում կատարված հայկական եղեռնից հետո: Այդ աշխարհին, նույնիսկ անհուսալի հիմարներին համոզել էր, որ Բաքվում հայ մարդուն սպանում են: Եվ ներքին թուրքը հանձնարարում-պահանջում էր գնալ Բաքու:

Առհասարակ միմաիտ բան կլիներ մտածել, թե բերանը բացող, նույնիսկ գրիչ բանեցնող ամեն մարդ էլ պարտավոր է արտահայտել միայն անառարկելի ճշմարտություններ: Սակայն պաշտոնյան մի՞թե պարտավոր չէ գոնե դուրս չտալ հիմարություններ:

Այսքանն ի միջի այլոց:

Բուն նյութը համայն հայության ինքնապաշտպանությունն էր Արցախում: Ինքնապաշտպանություն, որ հօդս ցնդեցրեց թրքության հայասպան ծրագիրը: Փորձենք իրականությունը քննել միայն առկա փաստերով: Այսօր, պայքարի ավելի քան յոթ տարիներից հետո ինչպիսի՞ն է իրականությունը, ինչպե՞ս է երեւում թրքական ծրագրի կատարման ընթացքը կամ հեռանկարը:

Կարելի է հաստատապես ասել, որ թրքության ծրագիրըՙ Այսրկովկասում եւս հայկական եղեռն իրականացնելու վերաբերյալ, հիմնականում տապալված է: Այդ ծրագրի մեջ կենտրոնական տեղ էր բռնում Լեռնային Ղարաբաղը, իսկ այստեղ ծրագիրը ոչ միայն խափանվել է, այլեւ մարզի շուրջը ազատագրված բավական ընդարձակ տարածքային մի շերտ, որ համարյա ամենուրեք բռնում է մեկ արկընկեց լայնություն, որը պարզապես անխոցելի պիտի պահի յոթ տարի ձգված պայքարի մեծագույն նվաճումըՙ Լեռնային Ղարաբաղի նորաստեղծ Հանրապետությունը:

Իհարկե, եղել են նաեւ դառնագին կորուստներ: Չհաշված զոհերը, ինչպես նաեւ տված մեծ ու փոքր կորուստները, Բաքվի ավելի քան երկու հարյուր հազար հայերի, մի շարք շրջանների հայազուն հին բնակավայրերի անդարձ տարտղնումը,- մենք կորցրել ենք դժբախտաբար, այստեղ եւս անդարձՙ Գետաշենի ենթաշրջանը: Մեր իշխանությունների անդեմ ու անհեռանկար քաղաքականությանը նայելովՙ մեծ հարց էՙ մե՞րը կդառնա Շահումյանի շրջանը, հին Վարդուտՙ Գյուլիստանը:

Այս երկու մեծ կորստյանՙ Գետաշենի ու Շահումյանի ցավն առավել մեծանում ու ահագնանում է, երբ հիշում ենք, որ մեր ազգի այդ երկու ազնիվ ու հերոսական հատվածները ոչ թե կորսվել են, որովհետեւ թողնված են եղել իրենց բախտին (դա երեւի թե կլիներ փոքր չարիք), այլ պարզապես թշնամուն են հանձնվել մի այնպիսի անհոգությամբ, ասես առաջմղիչ եղել է ինչ-որ թշնամանք, դավաճանության հավասար մի վարք:

Խարխլվում էր Խորհրդային Միությունը, եւ նրա մասերը բաժանվելու, սեփական ճակատագրի տերը դառնալու պղտոր եռուզեռի մեջ էին: Խելոքները ձեւացնում էին, թե շտապում են, սակայն ոտքերը կախ գցելով սպասում էին վիճակի պարզելուն, իրենց նոր քայլերն էին ծանր ու թեթեւ անում: Անհեռատեսները փնթի եռանդով դատ էին բացել խարխլվող Կենտրոնի հետ, անկախության ցույցեր էին անումՙ մահամերձ ու մաղձոտ Կենտրոնի փլուզվող պատերի տակ: Հայության խելոք ու հեռատես ներկայացուցիչները (ԱՄՆ-իցՙ Ռիչարդ Հովհաննիսյանը, Ռուսաստանիցՙ Սերգեյ Հարությունովը) եկել, ազգի ու նրա իշխանությունների հետ զրուցում էինՙ խորհուրդ տալով դեպքերից առաջ չընկնել: Մենք Արցա՜խ ունենք,- ասում էինք նրանք,- մենք իրավունք չունենք Կենտրոնի հետ բախվելու... Իսկ Սոս Սարգսյանը բեմից ու նրանից դուրսՙ ամենուրեք, մի խոսք ուներՙ թիրա՜խ չդառնանք... Իսկ այսրվայրկենական անկախության թմբկահարները, թիրախով էլ չգոհանալով, հակառակորդին գրգռում, դիվոտ էին անում, որ նա գրոհի մեզ վրա: Նրանց պետք էր օր առաջ տեր դառնալ կործանված կոմկուսի երեւանյան շենքերին: Ու սկսեցին կռիվ տալ, իբր թե այդ շենքերի տեր, հայատյաց, վերջին շնչում իսկ ատամի տակ հայոց դեմ թույն պահած Գորբաչովի հետ... Եվ նա կարգադրեց խորհրդային զորքերն ու Ադրբեջանի ավազակախմբերը քշել Գետաշենի ենթաշրջանի հայության վրա:

Իսկ Շահումյա՜նը: Ադրբեջանի առաջնորդ ընտրված Էլչեբեյը պետք է ապացուցեր, որ ինքը կարող է վերացնել Ղարաբաղի հանգույցը, իր ոհմակներն ու կաշառած ռուսական բանակը շուռ տվեց դեպի Շահումյան: 1992-ի հունիսի սկիզբն էր: Թշնամին կայծակնային արագությամբ նվաճել էր Շահումյանի շրջանը, մխրճվել էր Թարթառի հովիտ, եւ արցախահայությունը հայտնվեց օրհասական վիճակում: Միայն հանրահավաքների տված սպառնալիքից հետո, թուք ու մուր ուտելովՙ ՀՀ Գերագույն խորհուրդը հավաքվեց նստաշրջանի եւ, Արցախի ողբերգական վիճակի հարցը երկար-բարակ ծամծմելուց հետո էլ որոշեց «խորհրդարանի հանձնաժողովների ուժերով կազմակերպել քաղաքական վիճակի բազմակողմանի քննարկումներ, կատարել բարեխիղճ հետազոտություններ, այս բոլորը ներկայացնել խորհրդարան, որից հետո մտածել որոշման կամ ձեռնարկելիք որոշակի քայլերի մասին»: Այս խորհուրդն էր տվել ՀՀՇ-ական գաղափարախոսի ծիրանին ուսերին առած մեկը, եւ սա էլ դարձավ Հայաստանի Հանրապետության ուղենիշ ծրագիրը Շահումյանի «փրկության» համար:

Սա եղել է հունիսի 15-ին: Որոշեցին մեկ էլ հավաքվել երկու շաբաթ հետո... Երկու շաբաթ հետո էլ հավաքվեցին եւ պարզեցին, որ հանրապետության Գերագույն խորհուրդն իրավունք չի ունեցել Արցախի աղետալի հարցը քննելու, մանավանդ նրա մասին որոշում ընդունելու...

Եվ այն օրվանից Շահումյանում թուրքն է տիրաբար նստած, իսկ շահումյանցինՙ հալածական, նույնիսկ հարազատ Հայաստանում էլ ապաստան չգտնելով, թափառում է Ռուսաստանի հեռաստաններում:

Ժողովուրդը խելոք է իր յուրաքանչյուր անդամից, մանավանդ իր պատեհապաշտ ղեկավարներից: Ժողովուրդը հավատարիմ եղավ ավանդական իր համառությունը, շարունակեց անզիջում պայքարը եւ արդյունքը ոչ թե գոհացուցիչ, պարզապես հիանալի է: Ժողովուրդը փրկեց իրեն, եւ այդ փրկությունը հուսալիորեն ապահովելու համար էլ ատազագրեց 80 տարվա գերի Շուշին, մայր Հայաստանին կապվելու համար նորից իրենը դարձրեց Քաշաթաղ-Լաչինը, Քարավաճառ-Քյալբաջարը, նրա մասին մի նոր հերյուրանք տարածեցինՙ իբր, այն անկառավարելի է եւ վերջն իր գլուխն է ուտելու:

Ափսո՞ս չէ իր փրկության համար կռվողի անկառավարելիությունը, սո՞ւրբ չէ այն պայքարը, որը բերում է այսպիսի հաղթանակ, որ մեր ազգային երազանքն է եղել դարեր շարունակՙ սկսած այն չարահուշ ժամանակից, երբ մեր հորիզոնում երեւացել է թուրքը:

1. Ալ. Խատիսյան, Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը, Բեյրութ, 1968, էջ 86-89:

2. Ա-Դո, Հայ-թրքական ընդհարումները Կովկասում, էջ 259:

3. Ս. Վրացյան, Հայաստանի Հանրապետություն, էջ 156. «Նրա հողի տարածությունը, մոտավորապես, 12 հազար քառակուսի կիլոմետր էր: Եվ... մայրաքաղաքից յոթը կիլոմետր հեռու երեւում էին թյուրքական թնդանոթները»

4. Լեո, Անցյալից, էջ 425:

1995թ.

ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4