«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2006-04-20 | #73, 2006-04-21 | #74, 2006-04-22


ՉԵԽԻԱ. ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԿԱՐԵԼ ՀԱՆՍԱՅԻ «ԱՐԵՎԵԼՔԻ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ» ԳԻՐՔԸ

Պրահայում լույս է տեսել չեխ անվանի ճանապարհորդ եւ գրող Կարել Հանսայի «Արեւելքի սարսափները» գիրքը, որն առաջին անգամ հրատարակվել էր 83 տարի առաջ` 1923 թվականին, չեխական Բերոուն քաղաքում եւ նվիրված է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, հայոց ցեղասպանությանն ու բռնագաղթված հայ որբերի վիճակին:

Նկատի ունենալով, որ գիրքը 1923 թվականից ի վեր լույս չի տեսել եւ ծանոթ չէ չեխական հասարակության լայն զանգվածներին, եւ նպատակ ունենալով հնարավորինս արագ այն հասցնել չեխական կառավարական ու պետական ատյաններին, խորհրդարանականներին, մտավորականության լայն խավերին, այն տպագրվել է առանց խմբագրական փոփոխությունների եւ ժամանակակից չեխերենի փոխադրության, հուսալով, որ հետագայում այն կունենա նոր խմագրությամբ այլ հրատարակություններ` անհրաժեշտ ծանոթագրություններով ու մեկնաբանություններով: Գիրքը նվիրվել է Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին եւ Կարել Հանսայի ծննդյան 115 ամյակին:

Գրքի առաջաբանում «Օրեր» համաեվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը նշում է.

«Կարել Հանսան ծնվել է 1980 թվականի նոյեմբերի 25-ին Վիեննայում` Կարել եւ Ժոզեֆինա (աղջկական ազգանունը` Զբորիլովա) Հանսաների ընտանիքում: Նրա մանկության ու պատանեկության տարիների մասին շատ քիչ բան է հասել մեզ: Հանսաների ընտանիքը Ավստրիայից Չեխիա է տեղափոխվել մինչեւ 1919 թվականը: 1932 թվականին Հանսան ստացել է Չեխիայի քաղաքացիություն:

Թե որտե՞ղ է սովորել եւ ինչպիսի՞ կրթություն է ստացել, ոչ մի տեղ այդ մասին նշում չկա, բայց այն, որ նա շատ է սիրել ճամփորդել եւ գրել, ենթադրելու առիթ է տալիս, թե Հանսան ստացել է հումանիտար` պատմա-բանասիրական կրթություն: Ամեն դեպքում պաշտոնական բոլոր փաստաթղթերում ստորագրել է գրող-ճանապարհորդ: Նրան ժամանակակիցները համեմատել են չեխ հայտնի ճանապարհորդներ Ստ. Վրազի եւ Հոլուբի հետ, համարելով նրանց արժանի հետեւորդ:

1922 թվականից նա սկսել է ճամփորդել եւ առաջին իսկ ճամփորդությունը կատարել է Միջին Արեւելք: Արդյունքում լույս է տեսել «Արեւեքլի սարսափները» գիրքը:

Այս գիրքը ժամանակին մեծ աղմուկ է հանել եւ ինչպես վկայում է «Նովի Զլին» թերթը 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների կողմից գիրքը մտցվել է արգելված գրականության ցանկ: Այն թարգմանված է եղել մի քանի լեզուների, բայց հայտնի չէ ե՞րբ եւ որտե՞ղ: Վերոհիշյալ թերթն այդ մասին այլ մանրամասնություններ չի հաղորդում: Այդ տարիներին լույս տեսած մի այլ աղբյուրից մեզ հայտնի է դառնում, որ 1923 թվականի նոյեմբերի 25-ին` իր ծննդյան օրը նա հանդես է եկել դասախոսությամբ Պրահայի Հանրային տանը` ներկայացնելով արեւելք կատարած իր ճամփորդությունները, ինչն ուղեկցվել է 172 նկարների ցուցադրությամբ: Դահլիճում ասեղ գցելու տեղ չի եղել եւ դասախոսությունը տեւել է 3 ժամ: Ներկաները հիացել են լուսանկարներին տված նրա հետաքրքրական բացատրություններով: Այդ թեմայով էլ լույս է տեսել նրա հաջորդ գիրքը` հարեմների եւ արեւլքի մարդկանց կյանքի մասին` «Թափառումներ արեւելքով ու հարեմներով»(1926թ.): Այս գրքում հեղինակը նկարագրել է արեւելքի հարեմները, մասնավորապես Թուրքիայի հարեմները, գրելով նաեւ իր ճամփորդության ընթացքում հանդիպած հայերի, նրանց նիստուկացի, ավանդույթների մասին: Այս գրքում էլ Հանսան անդրդադառնում է հայ որբ երեխաների քարավաններին, որ Ուրֆայից գնում էին դեպի Հալեպ: Ի դեպ, իր գրեթե բոլոր գրքերում Հանսան հիշեցնում է «Արեւելքի սարսափները» գրքի մասին, հիշեցնելով, որ հայ որբերի օգնության հիմնադրամ է ստեղծել ` Չեխոսլովակիայի Կարմիր Խաչի ընկերությանը կից (Hansov fond pro armenske sirotky): Դրան զուգահեռ եղել է նաեւ ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչը Չեխոսլովակիայում: Հետագայում, ինչպես վկայում են որոշ արխիվային փաստաթղթեր, նա տեղացի չինովնիկների հետ որոշ խնդիրներ է ունեցել այդ ֆոնդի հետ կապված եւ նույնիսկ նրան հանել են այդ հիմնադրամի ղեկավարությունից, ինչի մասին վկայում է դատական մարմիններին նրա գրած 1925 թվականի մի փաստաթուղթ: Բուն պատճառների մասին ոչինչ չի նշվում, բայց չի բացառվում, որ դիտավորյալ նրան հեռացրել են, որպեսզի խափանվի հայանպաստ այդ ծրագիրը:

Այդ տարիներին է նաեւ, որ Հանսան կատարում է ակտիվ խմբագրական աշխատանք: Նրա խմբագրությամբ լույս են տեսնում «Անտառի ու որսորդների սուրհանդակ (1920-21), «Անտառ եւ մարգագետին» (1922) լրագրերը:

Կարել Հանսան գրել է նաեւ հետեւյալ գրքերը` «Ուրվագծերի եւ նկարների շարք Մերձկարպատյան Ռուսաստանից», Պրահա, 1935թ. եւ «Մերձկարպատյան ծննդյան տոների իդիլիա» 1937թ.Պրահա: Այս գրքում նույնպես զետեղված է 17 նկար եւ քարտեզ: «Ամառը հարավ սլավոնական երկնքի տակ»(1930թ. Պրահա): Այս գրքում անդրադառնում է Հարավսլավիա կատարած ճամփորդությանը, ներկայացնում բազմաթիվ լուսանկարներ` մոտ 80 նկար: Ավելի քիչ տեղեկություններ կան «Պատկերներ Բրիտանիայից եւ Ատլանտյան օվկիանոսի ափերից» գրքի մասին, որը նույնիսկ չի պահպանվել Չեխիայի կենտրոնական գրադարաններում:

Ցավոք, Կարել Հանսայի կյանքի վերջին տարիների մասին շատ քիչ բան է հայտնի :

Թոշակի անցնելուց հետո նա հիմնականում զբաղվել է դասախոսական աշխատանքով, իր ճամփորդությունների մասին դասախոսություններով հանդես է եկել ոչ միայն չեխական քաղաքներում, այլեւ Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում: Մասնակցել է Ժնեւում անցկացված Հայաստանին նվիրված միջազգային կոնֆերանսին:

Չեխիայի պետական արխիվում շատ քիչ բան է պահպանվել նրա մասին: Ճամփորդական անձնագրերի օրինակներ, ավտոտնակ դնելու մասին խնդրագիր կամ ատրճանակ կրելու դիմում, որն ի դեպ տեղական իշխանությունների կողմից մերժվել է:

Թեեւ սկզբնական շրջանում Կարել Հանսան հաստատված է եղել Չեսկի Բուդյովիցե քաղաքում, սակայն իր ողջ գիտակցական կյանքն անցկացրել է Պրահայում: Կյանքի վերջին տարին մեզ անհայտ պատճառներով նա տեղափոխվել է Վլտավայի մյուս ափը եւ բնակվել Նա Վալենտինցե 5 հասցեում: Ըստ 1950 թվականի մի փաստաթղթի նա ամուսնացած չի եղել, սակայն ինչը չի նշանակում, որ նա ընդհանրապես չի ունեցել կյանքի ընկերուհի: Մեր բոլոր հարցումները Պրահայի գերեզմանատներում եւ մահվան գրասենյակներում անցան ապարդյուն: Ոչ մի տեղ չհայտնաբերվեց ոչ միայն նրա մահվան թվականը, այլեւ գերեզմանը: Ըստ այդմ կարելի է եզրակացնել, որ նա մահացել է 1951 թվականից հետո` անհայտ պայմաններում, որովհետեւ պետական արխիվում այդ թվականից հետո նրա մասին ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել:

Գրական այն փոքր ժառանգությունը, որ թողել է Կարել Հանսան, իրավամբ կարելի է համարել շատ արժեքավոր, քանի որ միակ չեխ ճանապարհորդ-գրողն է, ով դեռ իր ժամանակներում համարձակորեն անդրադարձել է հայկական թեմային եւ առանց խմբագրումների հրապարակել իր տեսած ու հավաքած ճշմարտությունը:

«Արեւելքի սարսափները» գիրքը նվիված է հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին` սկսած վաղնջական ժամանակներից մինչեւ 20-րդ դարի 20-ական թվականները:

Գրքում հեղինակը նախ անդրադառնում է հայ ժողովրդի ծագմանը, լեզվին ու գրականությանը, քրիստոնեության ընդունմանն ու տարածմանը, հայ թագավորներին ու Կիլիկիայի հայկական թագավորությանը, Նարեկացու գրական ժառանգությանը, Հայաստանի մասին գրած օտար աղբյուրներին:

Բովանդակալից էջեր է հատկացնում Մխիթարյան միաբանությանը, հայ մամուլի սկզբնավորմանը, ռուսահայության եւ թրքահայության մշակույթին, հայ անվանի գործիչներին: Ներկայացնում է նաեւ հայկական ավանդական կուսակցություններից մեկի` Դաշնակցության պատմությունը, ծրագրերն ու գործունեությունը:

Գրքի ամենաարժեքավոր մասը նվիրված է 19-րդ դարի Թուրքիային եւ այնտեղ բնակվող հայերի վիճակին: Հանսան ցավով գրում է հայերի բռնագաղթի եւ ջարդերի մասին, տալիս դրանց պատմական գնահատականը, ներկայացնում Թուրքիայում ապրող հայերի թվաքանակի աղյուսակներ` ըստ բնակության վայրերի ու նաեւ ականատեսների բազմաթիվ վկայություններ:

Նա չի բավարարվում միայն թվեր ու փաստեր բերելով, այլեւ քննարկում է այն պատճառները, ըստ որոնց հայերին ու մյուս քրիստոնյաներին Թուրքիայում կոտորեցին: Նկարագրելով ցեղասպանության դրվագները, նա գրում է թուրքերի եւ քոչվոր քրդերի իրականացրած գազանությունների մասին, նշելով, որ գրիչը չի պտտվում այդ ամենի մասին ամբողջապես գրելու համար:

Հանսան անձամբ այցելել է Սիրիայի եւ Բեյրութի հայ փախստականների ճամբարներ եւ իր գրքում գրել այնտեղ գտնվող հայ երեխաների ու ծերերի վիճակի մասին, նրանց ապրած սասափելի օրերի մասին, անդրադառնալով նաեւ հայերին օգնություն ցույց տված օտար միսիոներների գործունեությանը:

Գիրքը եզրափակվում է 20-ական թվականների մամուլի գնահատականներով, հայ եւ հույն փախստականների ճամբարների մասին զեկույցով, Լոզանի կոնֆերանսի որոշումներով եւ աշխարհում ապրող հայության թիվը ներկայացնող ցանկերով, այդ թվում, թե որքան հայ է մնացել Թուրքիայում:

Գրքի վերջում հեղինակը կոչ է անում այն ժամանակվա Չեխոսլովակիայի բնակչությանը օգնություն ցույց տալ Միջին Արեւելքում ծվարած հայ որբերին` իր հիմնադրած ֆոնդի միջոցով:

Պետք է նշել, որ ամբողջ գրքում զետեղված են 60 ինքնատիպ լուսանկարներ` Արեւմտյան Հայաստանից, Սիրիայից եւ Լիբանանից, ինչպես նաեւ հայ հայտնի հոգեւորականների, գրողների ու եկեղեցիների լուսանկարներ, բռնագաղթի ու որբանոցների պատկերներ: Անշուշտ դրանց մի մասը հայտնի լուսանկարներ են, բայց մի մասի հեղինակը հենց ինքն է` հայ ժողովրդի մեծ բարեկամն ու մեծ հումանիստը` Կարել Հանսան:

Հուսանք, որ այս գրքի հետ ծանոթությունը կօգնի չեխ ընթեցողին ավելի մոտիկից ծանոթանալու ոչ միայն հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, այլեւ հայոց ցեղասապանությանը, որը համառորեն հերքվում է պաշտոնական Թուրքիայի կողմից եւ ցայսօր չի ճանաչվել Չեխիայի պետության կողմից:

«Արեւելքի սարսափները» գրքի վերահրատարակման ծախսերը հոգացել են Կիպրոսից հայ բարերարներ, որոնց հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4