«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2006-04-26 | #76, 2006-04-27 | #77, 2006-04-28


«ԵԹԵ ԹՈՒՐՔԻԱՆ ԱՌԱՆՑ ՓՈԽՎԵԼՈՒ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱ, ԵՎՐՈՊԱՆ ԿԹՈՒՐՔԱՆԱ, ՈՉ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ»

«Դաշնակցությունն ուտում է երկրի անկախությունը»

Ինչպես եւ սպասվում էր, դաշնակցական Կիրո Մանոյանի եւ հհշական Արամ Մանուկյանի հանդիպում-բանավեճը համարյա լեզվակռիվ դարձավ, իհարկե, պատշաճ ու ընդունելի մակարդակով, ինչպես վայել է քաղաքական անվանի գործիչներին: Ամբարիշտ կուսակցությունների հավատավոր ներկայացուցիչները վիճաբանում էին Հայաստանի բախտի ու այդ կուսակցությունների ճակատագրում առանցքային դեր կատարած ու կատարող խնդրի` հայ-թուրքական հարաբերությունների շուրջը: Ինչպես եւ անսպասելի չէր, երկու կողմերն էլ հակադիր պատկերացումներ արտահայտեցին միմյանց գործունեության ու գործողությունների իրական դրդապատճառների ու նպատակների մասին: ՀՀՇ-ն, ի դեմս Արամ Մանուկյանի, համոզված է, որ իր իշխանության օրոք ցեղասպանության ճանաչումը եթե ոչ առաջնային, բայց հետ ընկած խնդիր էլ չի եղել: Եվ ապացույցը` այդ տարիներին 9-10 երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն էր: Արամ Մանուկյանը դեմ է հայկական իշխանությունների արտաքին ասպարեզում վարած դիվանագիտությանը, որը, նրա բնորոշմամբ, երկիրը մեկուսացնում է արտաքին աշխարհից, խանգարում նրա ինտեգրմանը: Իր դատին տեր կանգնողների թիվը շատացնելու մտահոգությամբ իշխանություններն օտարին են տալիս ստրատեգիական կարեւոր օբյեկտներ եւ վարում, այսպես ասած, այս երկրի անկախությունն ուտելու քաղաքականություն: Մյուս կողմից, ցեղասպանության խնդիրն առաջ մղելով, Հայաստանն ընդամենն իր դեմ է համախմբում թշնամական պետություններին: Երկիրը դուրս է մնում միջազգային ինվեստիցիոն ծրագրերից, որոնք վերաբերում են տարածաշրջանին: Արամ Մանուկյանի մյուս մեղադրանքն այս իշխանություններին ու Դաշնակցությանն այն է, որ նրանք շրջանցում են քաղաքականության մեջ աֆորիզմներ դարձած այն ճշմարտությունը, որ իրենց հետ հարաբերվող բոլոր երկրները վարում են ընդամենը սեփական շահի եւ ոչ թե բարեկամի քաղաքականություն: Եվ որ քաղաքականության մեջ ոտքը վերմակից դուրս մեկնելն ու, ասենք, ցեղասպանության առիթով աշխարհի վրա հոխորտալը, թե եթե չճանաչեն Եղեռնը, նույն բանը կարող է իրեն սպառնալ, ընդամենը արկածախնդրություն է:

Կիրո Մանոյանը արծարծված գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսակետներ արտահայտեց: Նրա կարծիքով, այդ բոլոր բանաձեւերը լավ են միայն թղթի վրա, իսկ ցեղասպանության հարցով Թուրքիայի վրա ճնշում գործադրելու Դաշնակցության քաղաքականությունը միանգամայն բնական է եւ արդյունավետ: Իրենք ոչ ոքի չեն աղաչում ճանաչել ցեղասպանությունը եւ ամեն ապրիլի 24-ին Բուշի ոտքերը չեն ընկնում: Հակառակը, հանձին ամերիկահայ սփյուռքի, պահանջում են: Իրենց ճնշումների շնորհիվ է նաեւ, որ «այսօր Թուրքիայում փորձում են հանդուրժել ցեղասպանության խնդիրը», եւ այն արծարծելու ձեւեր են թափում, ինչպես հոկտեմբերին նախատեսվող կոնֆերանսը: Կիրոյանն այդ ճնշումների դրական արդյունք է համարում նաեւ Էրդողանի նամակը Ռոբերտ Քոչարյանին:

Այսօրվա վիճակով ընդամենը Թուրքիայի չկամությունն է պատճառը, որ երկուստեք դիվանագիտական հարաբերություններ չեն ստեղծվում: Թուրքիան մերժեց միջկառավարական հանձնաժողով ստեղծելու Հայաստանի առաջարկը: Կիրո Մանոյանը Թուրքիայի Եվրոմիության մեջ մտնելու հեռանկարը աղետ հայտարարեց Եվրոպայի համար: «Եթե Թուրքիան առանց փոխվելու Եվրոմիության մեջ մտնի, Եվրոպան կթուրքանա, ոչ թե հակառակը»: Արամ Մանուկյանը, հակառակը, կարծում է, որ Հայաստանի եվրոինտեգրման ավելի նպաստավոր ու կարճ ճանապարհ չկա, քան կլինի Թուրքիայի Եվրոմիության մեջ մտնելը:

Պե՞տք է բոյկոտել թուրքական ապրանքները անկախ դրանց որակից

«Արդյոք ճի՞շտ որոշում է թուրքական ապրանքների ներկրումների արգելքը հանրապետություն»ՙ մեր հարցադրմանը եւս բանավիճողներն իրենց կուսակցությունների ոգուն համապատասխան իրարամերժ բացատրություններ տվեցին: «Բոյկոտի հայտարարություններին ու այդ որոշմանը խիստ վատ եմ վերաբերվում: Հայաստանում այդպիսի որոշում կայացվել է բիզնեսմենների լոբբիինգի արդյունքում», համոզված է Արամ Մանուկյանը:

«Դաշնակցությունն ընդհանրապես կողմնակից չի եղել նպաստելու թուրքական տնտեսությանը` ի հաշիվ մեր տնտեսության: Թուրքիան հատուկ փորձում է այնպիսի ձեւով եւ այնպիսի էժան ապրանք հասցնել Հայաստան, որ Հայաստանի տնտեսության այս կամ այն բնագավառին հարվածի: Եվ դրա դեմն առնելու ավելի լուրջ հնարավորություններ չկան», սա էլ Կիրո Մանուկյանն ասաց:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4