Այն պահին, երբ ԱՄՆ պետքարտուղար Ռայսը Անկարայից անսպասելիորեն ուղեւորվում է Բաղդադ
«Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի Անկարա կատարած այցին, նշել էր, որ դա համընկնում է Իրաքի սահմանին զորք կուտակելու Թուրքիայի ձեռնարկումների հետ: Դա հիմք էր ծառայել մեր թերթին ընդգծելու, որ Անկարայում Ռայսը սակարկել է Իրանի միջուկային հարցը Իրաքի հյուսիսում տեղակայված PKK-ի հենակետերի հարցի հետ:
Ըստ երեւույթին, սակարկությունում կողմերը համաձայնության են եկել: Այլապես Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը պետքարտուղարի հետ հանդիպման ավարտին ՆԱՏՕ-ի արտգործնախարարի հանդիպմանը մասնակցելու համար Սոֆիա ուղեւորվելիս չէր հայտարարի. «ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններն այնքան են լավ, որ ոմանց նախանձն են շարժում»:
Այդ մասին ապրիլի 27-ի համարում նշել է «Ենի շաֆաքը»: «Աքշամն» էլ նշում է, որ այն պահին, երբ Ռայսը հանգստանում էր Անկարայում, թուրքական զորքերը, հետապնդելով սահմանը խախտած PKK-ականներին, մտան Հյուսիսային Իրաք: Նրանք, ըստ թուրքական թերթի, այնտեղ գետնին են հավասարեցնում PKK-ի «որջերը»:
«Աքշամին» անուղղակիորեն լրացնում է «Միլիեթը», մատնանշելով. «Արտգործնախարարությունը ի պատասխան Հյուսիսային Իրաք ներթափանցման պատճառաբանությամբ Թուրքիային նոտա տված Իրաքի ասաց, որ քանի դեռ կշարունակվի PKK-ի ներկայությունը տարածքում, թուրքական զորքերը կմնան այնտեղ»:
Հարցը սակայն սոսկ թուրքական թերթերը չեն, այլ արտգործնախարարության խոսնակ Նամըք Թանը, որը միանշանակ ընդգծել է. «Թուրքիայում Իրաքի դեսպանին մի անգամ եւս տեղեկացրինք Իրաքում PKK-ի ներկայությունը եւ գործունեությունը չեզոքացնելու անհրաժեշտության մասին մեր տեսակետները»:
Որքան էլ ակնհայտ լինի թուրքական հատուկ զորամասերի ներխուժումը Հյուսիսային Իրաք, որոնք, ոչ պաշտոնական տվյալներով, երկրի տարածքում առաջխաղացել են 14 կմ եւ PKK-ի դեմ ռազմական գործողություններում օգտագործվում է նաեւ օդուժը, այնուամենայնիվ թուրքական մյուս թերթերն արձագանքում են միայն Իրաքի տված նոտային:
Տվյալ դեպքում միտումը ոչ այնքան ռազմական գործողությունների քողարկումն է, որքան դրանց մասին ինֆորմացիայի արտահոսքի կանխումը: Ի վերջո «Իրաքի տարածքից զորքերն անհապաղ դուրս բերելու» Բաղդադի նոտան Անկարային պատահաբար տրվել չի կարող: Հատկապես այն դեպքում, երբ ներխուժումը հաստատում է «Ազատություն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը, նշելով, որ Իրանի եւ Իրաքի սահմանին կուտակված թուրքական զորքերի թիվը հասնում է 200 հազարի:
PKK-ի դեմ ռազմական գործողությունների նպատակով թուրքական զորքերի ներխուժումը Հյուսիսային Իրաք նորություն չէ: Պարզապես վերջինը ոչ թե սահմանափակ, այլ լայնամասշտաբ գործողություններ են, որ իրականացնում են այն պահին, երբ Բաղդադում են գտնվում ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, այնպես էլ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը:
Այս հանգամանքը եւ հատկապես Գյուլի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղարի նախազգուշացումը, թե Վաշինգտոնը PKK-ի հարցում կարող է համագործակցել, բայց թույլ չի տա թուրքական զորքերի որեւէ ներխուժում Հյուսիսային Իրաք, հիմքեր են տալիս ենթադրելու, որ Թուրքիան ոչ միայն Իրանի հարցում տուրք է տվել ԱՄՆ-ի պահանջներին, այլեւ համաձայնել է միանալ վերջինի գլխավորած հակաիրաքյան կոալիցիային:
Օգտվելով առիթից նշենք, որ Ռայսի այցը Բաղդադ նույնպես անակնկալ էր, ինչպես Ռամսֆելդինը, որովհետեւ պետքարտուղարը պատրաստվում էր Անկարայից մեկնել Սոֆիա, մասնակցելու ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը: Թե ինչ առնչություն ունի թուրքական զորքերի Հյուսիսային Իրաք ներխուժումը Կոնդոլիզա Ռայսի Բաղդադ կատարած անակնկալ այցի հետ, դժվար է ասել: Բայց որ այդ ներխուժումը առանց ԱՄՆ-ի թույլտվության հազիվ թե իրականանար, ակնհայտ է:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ