Ռուսաստանում գտնվող ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարել է, որ Եվրոմիության ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի ձգտումն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Սանկտ Պետերբուրգում մասնակցելով ռուսաստանյան պառլամենտարիզմի 100-ամյակին նվիրված Պետդումայի հատուկ նիստին, Արթուր Բաղդասարյանն, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, նշել է. «Ես կողմնակից եմ, որ մենք ինտենսիվորեն զարգացնենք հարաբերությունները Եվրոմիության հետ եւ հետեւողականորեն ինտեգրվենք եվրոպական կառույցներին»:
Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, կարծես լիովին արդեն հաշվի առած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի «դիտողությունը»ՙ Գերմանիայում նույն թեմատիկայով ԱԺ նախագահի արած հայտարարության առնչությամբ: Եթե գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում Արթուր Բաղդասարյանը մի քանի օր առաջ Հայաստանի համար նպատակ էր նշել ՆԱՏՕ-ին անդամակցելն, ինչի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հերքող հայտարարությամբ, երեկ արդեն Ազգային ժողովի նախագահն ասել է հետեւյալը. «Մենք ունենք գործակցության անհատական ծրագիր, բայց խոսքը միայն համագործակցության մասին է: Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն ընդգրկված չէ»:
Փաստորեն երկրի խորհրդարանի ղեկավարն ամենայն հանգստությամբ կարողանում է տարբեր երկրներում տրամագծորեն տարբեր հայտարարություններ անել: Պոպուլիզմը պոպուլիզմ, սակայն կարելի է ենթադրել, որ նման ծայրահեղ դրսեւորումը դուրս է որեւէ ընկալումից:
Ա. Հ.