Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասն պատմեց օրեր առաջ կատարվածի մասին (տե՛ս «Ազգի» թիվ 74 համարում տպագրված «Դիմակավորները հարձակվել են Արամ Կարապետյանի վրա» հոդվածը), որակելով. «Նմանատիպ նայեզդները լուրջ քաղաքական գործիչների դեմ ծիծաղ են առաջացնում, եւ քաղաքականության մեջ նմանատիպ գործողությունները բնութագրվում են քաղաքական ագոնիայով... եւ մեր ունեցած տվյալներովՙ պատվիրատուն քաղաքական ղեկավարությունն է եղել: Ասեմ նաեւ, որ Ռ. Քոչարյանը երկու անգամ կատարվածի տեսաժապավենը դիտելուց հետո ասել է. «Արամ Կարապետյանը «ծանր» դեպք է»: Նա չբացատրեց, թե երկրի նախագահը իրՙ Ա. Կարապետյանի համար դրակա՞ն, թե բացասական երանգով է օգտագործել այդ արտահայտությունը: Իսկ այն հարցին, թե արդյոք Ա. Կարապետյանի ձեռքի գործը չէ՞ կատարվածը, պրն Կարապետյանը նշեց. «Այդ արարքները կատարողները, իմ ունեցած տվյալներով, «Ալֆա»-ի առաջին բաժնի տղաներն էին, որոնք գործում էին անփույթ, ավելի շատ վախենալով մեզանից, քան մեզ վախեցնելու փորձեր էին անում:
Պրն Կարապետյանը տեղեկացրեց, որ մինչեւ այժմ չեն վերադարձվել առգրավված զենքերը, չնայած բոլորի թույլտվության փաստաթղթերը ներկայացվել են: «Ազգի» այն հարցին, թե ի՞նչ քայլերի են դիմելու, պրն Կարապետյանը տեղեկացրեց, որ «մարմնական վնասվածք ստացած տղաներին դատաբժշկի ուղեգիր չտվեցին ո՛չ Էրեբունու ոստիկանությունում, ո՛չ դատախազությունում: «Նոր ժամանակներին» ոչ մի թուղթ չտալ ու ոչ մի թուղթ էլ չվերցնել», եղել է հրաման վերեւներից»:
Ապրիլի 28-ին, ժամը 15-ին Մատենադարանին հարող տարածքում «Նոր ժամանակներ» կուսակցությունն արտոնված հանրահավաք է անցկացնելու «Ուժային կառույցների անօրինական միջամտությունները քաղաքական գործընթացներին» թեմայով, որից հետոՙ երթ ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ շենքի մոտ, վանկարկելովՙ Գորիկ, հեռացիր... տեղեկացրեց պրն Կարապետյանը եւ հատուկ նշեց, որ «Ազգային անվտանգության ծառայությունն այսօր դարձել է քաղաքական ղեկավարների կցորդը»: Առաջիկայում պրն Կարապետյանը կտա իր կուսակցության այն 14 անդամների անունները, որոնք գործակալներ են` 8-ը ԱԱԾ-ի, 6-ը` ՀՀ ոստիկանության:
«Եթե այսպես գնա երկրի քաղաքականությունը ու չփոխվի, «Նոր ժամանակներ» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին, ասաց պրն Կարապետյանը եւ պնդեց, որ ինքը կդառնա ՀՀ նախագահ, «դա հաստատ եմ ասում»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ