Կամ` նոր կառույցներ գործատուի գրպանում
2 ամսից կլրանա մեկ տարին, ինչ աշխատանքային նոր օրենսգիրքը գործողության մեջ է մտել: Աշխատաշուկայում գործատուի եւ աշխատողի միջեւ կիսաստրկական հարաբերությունների մասին շատ է խոսվել: Նախկին արհմիությունները, որ աշխատողի շահերի իսկական պաշտպանն ու արձանագրողն էին, այլեւս չկան: Նոր օրենսգիրքը, դատելով ոգուց, պիտի ծառայի դրանց վերակենդանացմանը: Սակայն մասնագետների կարծիքով (որոնք հիմնականում նախկին արհմիությունների ակտիվ շերտն են ներկայացնում), այն կիսահում վիճակում է: Արտաքուստ կարծես թե ամեն ինչ նկատի առնվում է աշխատողի շահերի պաշտպանության համար, սակայն օրենքի դրույթները չկատարելու լայն սողանցքեր են թողնվել նաեւ գործատուի համար: Օրենսգրքում մեծ դեր է հատկացված կոլեկտիվ պայմանագրերին, որոնք կնքողներից մեկը գործատուն պիտի լինի, մյուսը` արհմիությունները: Կոլեկտիվ պայմանագիրը ձեռնարկության յուրատեսակ սահմանադրությունն է, որի իմաստը աշխատողների համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծումն է, քան նույնիսկ նախատեսվում է օրենսգրքով: Այդ պայմանները կարող են լինել ավելի լավը, քան օրենքը նախատեսում է, բայց ոչ երբեք ավելի վատը դրանից: Նոր օրենսգրքով արձակուրդը 28 օրացուցային օր է, ոչ բյուջետային կազմակերպությունները կոլեկտիվ պայմանագրերով ավելի երկար արձակուրդ կարող են նախատեսել: Նույնկերպ եւ մնացած բոլոր դրույթները: Կոլեկտիվ պայմանագիրը նշում է նաեւ գործատուի պարտականությունների բաժինը` ստեղծել աշխատանքային անվտանգ պայմաններ, աշխատաժամանակն ու հերթափոխը 8 ժամից ավելի չսահմանել եւ այլն: Արհմիությունն իր հերթին սահմանում է սեփական պարտավորությունները` օգնել աշխատողին կյանքի ծանր, դժվար պահերին, խրախուսել, կազմակերպել հանգիստը, բուժսպասարկում կազմակերպել, կերակրողին կորցնելու դեպքում օգնություն տրամադրել, փոխհատուցում տալ աշխատանքային վնասվածքների ժամանակ եւ այլն: Կոլեկտիվ պայմանագիրը նաեւ գործադուլի իրավունք կարող է տալ աշխատողին, երբ գործատուն կխախտի օրենքը:
Սակայն աշխատանքային օրենսգիրքը նշում է, որ կոլեկտիվ պայմանագրի կնքումը կամավոր համաձայնություն է: Այսինքն, գործատուն կարող է կնքել, կարող է չկնքել: Մինչդեռ արհեստակցական միությունների մասին օրենքում (2000թ. դեկտեմբերի 5) նշվում է, որ գործատուն պարտավոր է կոլեկտիվ պայմանագիր կնքել: Հակասությունն օգտագործելով գործատուների մեծամասնությունը չի էլ մտածում այս ուղղությամբ: Մյուս կողմից, անհասկանալի առատաձեռնությամբ օրենսգիրքը գործատուին ամբողջ 3 տարի ժամանակ է տալիս իր կազմակերպությունը օրենքի նոր պահանջներին հարմարեցնելու համար: Սա եւս վնասակար գործոն է, որ կարծես դիտմամբ դանդաղեցնում է արհմիությունների վերակենդանացումը:
Կոլեկտիվ պայմանագրային սկզբունքը, համաձայն 44-րդ հոդվածի, չի տարածվում բանկերի աշխատողների, քաղաքացիական ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների վրա, այսինքն, վերջիններս կարող են ղեկավարվել սեփական օրենքներով:
Պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային արհմիության նախագահ Ելենա Հակոբյանն ասում է, որ իրենց համակարգում 411 կոլեկտիվ պայմանագրեր են կնքվել:
Սակայն այս ոլորտում խորհրդային տարիների 75 հազարի փոխարեն ընդամենը 20 հազար մարդ է արհմիության անդամ: «Այն ժամանակ մեր հիմնարկում աշխատում էր ընդամենը 14 մարդ, այժմ կառավարությունը հսկայական կառույցներ է ստեղծել (սոցապահովագրության ֆոնդը, սոցապ նախարարության առանձին բաժիններ, աշխատանքի պետական տեսչությունը), որոնք բոլորը միասին փորձում են անել այն, ինչ անում էին նախկին 14 հոգին: Բայց չեն կարողանում անել, պատրաստված չեն: Ես տեխնիկական տեսուչ եմ եղել եւ ամեն տարի վերապատրաստվել Մոսկվայում, 3 տարին մեկ քննություն հանձնել»:
Սովորաբար, աշխատանքային իրավախախտումներն արձանագրվում են մասնավոր սեկտորում: Հիմնականում սրանք չունեն կառույցներ, որ պիտի պաշտպանեն աշխատողին: Գործատուները չեն ուզում ավելորդ գումարներ ծախսել աշխատանքային նորմալ պայմաններ ստեղծելու համար եւ հայտարարում են, թե իրենք են վերցնում արհմիության պարտավորությունները:
Հայաստանի լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական ճյուղային միության նախագահ Կոժեմյակին Եվգենին էլ շարունակում է, որ նախկինում աշխատանքային օրենսգրքի դրույթների պահպանումը վերահսկում էր անմիջապես դատախազությունը: Եթե ինչ- որ օրինախախտում էր լինում, առանց դատ ու դատարանի, գործատուն պարտավոր էր դատախազի ցուցմունքների համաձայն աշխատանքային օրենսգրքի խախտումները վերացնել: Հիմա ՀՀ օրենքներով դատախազին այդպիսի իրավունք վերապահվում է միայն այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է պետական շահի պաշտպանությանը: Իսկ աշխատանքային օրենսգիրքը մնացել է անպաշտպան: Դատախազական վերահսկողության փոխարեն ստեղծվել է աշխատանքի պետական տեսչությունը, որը եթե հայտնաբերում էլ է խախտումներ, ապա բավարարվում է դրանց վերացման պարտավորությունը դնելով նույն խախտումների կնքահայր գործատուի վրա: Գառը գայլին կրկին պահ տալու նման մի բան:
Կոժեմյակինը նշում է, որ իրենց համակարգի գրեթե բոլոր խոշոր ձեռնարկություններում արհմիություններն ու կոլեկտիվ պայմանագրերը իրականություն դարձնելու քայլեր են ձեռնարկվում: Կան արհմիություններ, որոնք իսկապես աշխատում են, բայց ավելի շատ են այն կազմակերպությունները, որոնք վախենում են գործատուից եւ դրանցում ձեւական բնույթ ունի արհմիությունների գոյությունը:
Ալավերդու պղնձաձուլական գործարանում գործատուն բանվորներին պարտադրել է միաժամանակ ե՛ւ աշխատանքային պայմանագրեր, ե՛ւ իրենց ստեղծած արհմիության մեջ մտնելու պատրաստի դիմումի ձեւ: Եթե կմտնեին այդ արհմիության մեջ, պայմանագիր կկնքվեր նրանց հետ: Գործը հասել է դատարան, եւ բանվորները, որպեսզի պահեն աշխատատեղերը, մտել են գրպանային արհմիության մեջ:
Արհեստակցական կանոնավոր կազմակերպված միություն էր գործում նաեւ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Սրա տերը ամերիկահայ է` Սերոբ Տեր- Պողոսյանը: Գործի անցնելուն պես նա առաջինը «լարել» է արհմիության նախագահին, հետո կազմակերպությունը լիովին վերացրել: Երրորդ պրոբլեմային ձեռնարկությունը Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունն է: Այստեղ էլ /ե՛ւ Մեղրաձորի, ե՛ւ Զոդի հանքավայրերում/ ըստ կարգի ստեղծել են արհմիություններ, բայց գործատուն դարձյալ չի ընդունում նրանց գոյությունը: Ավելին, նոր պայմանագիր կնքելիս նախ ստուգվում էՙ աշխատողը արհմիության անդա՞մ է, թե ոչ: Եթե այո, աշխատանքից զրկվելու սպառնալիք կա: Եվ աշխատողը ստիպված ասում է` ոչ:
«Գործատուներն օգտվում են այն հանգամանքից, որ աշխատատեղի շուկա համարյա չկա, իսկ ազատ աշխատուժը շատ է: Մարդիկ վախենում են իրենց աշխատատեղը կորցնել եւ գլուխները կախ աշխատում են: Այստեղից էլ ստրկական պայմանների առկայությունը, ոչ մի լրացուցիչ վճար ծանր կամ գիշերային աշխատանքի համար, ոչ մի լրացուցիչ արձակուրդ»:
Աշխատանքը կորցնելու վախից նորօրյա ճորտերը բողոքում են միայն թաքուն, անկյուններում:
Կոժեմյակինը թվարկում է իր մյուս կարեւոր դիտարկումը` օրենքն արհամարհում են հիմնականում արտասահմանից եկած գործատուները, լինեն հայ թե այլազգի: Հայաստանում նրանք իրենց են օրենք համարում:
Սոցիալական հարցերի նախարարությունում արդեն ստեղծվել է հանձնաժողով, որը վերանայում է օրենսգրքի առանձին խոցելի դրույթներ, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ