«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2006-04-26 | #76, 2006-04-27 | #77, 2006-04-28


ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊ. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա

Բջջային հեռախոսակապն այլեւս ճոխություն չէ, դարձել է անհրաժեշտություն: Հայաստանում կապի այս տեսակը հատկապես բուռն վերելք ապրեց անցյալ տարվա հուլիսի 1-ից, երկրորդ օպերատորիՙ «Վիվասելի» շուկա մուտք գործելով: Եթե հաշվի չառնենք գործունեության առաջին շաբաթներին առաջացած խառնաշփոթն ու կապի կաթվածահար վիճակը, ապա հետագայում որակն այստեղ մինչ այդ եղածի համեմատ բարելավվեց, սակագները նվազեցին, նախկին մենաշնորհ ունեցող «Արմենտելից» դժգոհությունները վերացան: Ավելացավ ե՛ւ անճանաչելիորեն դրականորեն փոխված «Արմենտելի», ե՛ւ նոր օպերատորիՙ «Վիվասելի» բաժանորդների թիվը: Ներկայումս Հայաստանում բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 350 հազարը, որը գրեթե հավասարապես բաշխված է երկու ընկերությունների միջեւ: Այսինքն, տեղի ունեցավ այն, ինչ կարելի էր սպասել շուկայական մրցակցության դեպքումՙ Հայաստանում բջջային կապի սակագները նվազեցին եւ համարժեք դարձան տարածաշրջանի երկրներում գործող սակագներին:

«Արմենտելի» բջջային կապի սակագները ներկայումս այսպիսին ենՙ SIM քարտի բաժանորդավճարը 5400 դրամ է (12 դոլար), 1 րոպեի խոսելու արժեքը` 48 դրամ (10 ցենտ): Կանխավճարային քարտի 1 րոպեի խոսակցության գինը «Արմենտելի» ցանցում վերջերս դարձավ 75 դրամ (17 ցենտ) նախկին 90 դրամի փոխարեն, այլ օպերատորներին կատարած զանգերի դեպքումՙ 80 դրամ: «Վիվասելի» սակագները շատ չեն տարբերվում վերոնշյալից: SIM քարտի ամսավճարը կազմում է 4000 դրամ (9 դոլար), խոսելավարձը 1 րոպեի համար նույն ցանցի ներսումՙ 48 (10 ցենտ) դրամ, դեպի այլ օպերատոր զանգի դեպքումՙ 55 դրամ (12 ցենտ): Կանխավճարային քարտի 1 րոպեի խոսելավարձը նույն ցանցում 80 դրամ է, դեպի այլ օպերատոր զանգի համարՙ 90 դրամ (20 ցենտ): Փաստորեն, «Վիվասելի» գներն այս պահին փոքր-ինչ բարձր են «Արմենտելի» սակագներից, բայց երկու ընկերությունները ժամանակ առ ժամանակ հայտարարում են սակագների իջեցման հերթական արշավի մասին եւ սակագների նվազեցման այս մրցակցության մեջ ավելի ցածր սակագնային առաջարկներով փոխվում տեղերով:

Վրաստանում գործող հիմնական ընկերությունները նույնպես երկուսն ենՙ «Ջեոսելը» եւ «Մագտիկոմը»: Այս ընկերությունները գրեթե հավասարապես բաժանել են վրացական շուկան: Որոշ առավելություն բաժանորդների թվով ունի «Ջեոսելը»ՙ ընդհանուրի մոտ 55 տոկոսը: Մնացածը «Մագտիկոմի» բաժանորդներն են: Ընկերության կայքէջից տեղեկանում ենք, որ SIM քարտի բաժանորդավճարը 5 լարի է (3 դոլար), ինչը ցածր է հայկական օպերատորների համանման քարտերի բաժանորդավճարից: Սակայն խոսակցության արժեքը ցանցի ներսում եւ դեպի այլ ցանց 0,288 լարի է կամ մոտ 19 ցենտ, ինչն ավելի բարձր է, քան հայկական օպերատորների առաջարկած խոսակցության գները: «Ջեոսելի» առաջարկած SIM քարտն արժե 10 լարի (6-7 դոլար): Սակայն իր ցանցի ներսում, համաձայն «Ջեոսելի» վեբ կայքի, առաջարկում է փոքր-ինչ ցածր սակագինՙ 0,259 լարի (մոտ 16 ցենտ): Բնականաբար, երկու օպերատորներն էլ ունեն զանազան այլ հատուկ առաջարկներ:

Տարածաշրջանում մեր հարեւան մյուս երկրումՙ Ադրբեջանում նույնպես գործում են երկու խոշոր ընկերություններՙ «Ազերսելն» ու «Բաքսելը»: Առաջինն առաջարկում է մի քանի տեսակ քարտերՙ «Էկոնոմ», «Ստանդարտ», «Բիզնես» եւ այլն: Դրանք տարբերվում են բաժանորդավճարի, րոպեավճարի եւ անվճար խոսելաժամանակի տարբեր պայմաններով: Օրինակՙ «Էկոնոմ» քարտերի բաժանորդավճարն արժե 4,9 մանաթ, որն, ըստ փոխարժեքի, կազմում է մոտ 4,5 դոլար: Խոսելավարձը նույն ցանցում 0,14 մանաթ է, դեպի այլ ցանցՙ 0,25: Այստեղ գործում է ամսական 10 րոպե անվճար խոսելու ժամանակը: Իսկ, օրինակ, «Ստանդարտ» քարտում բաժանորդավճարը 9,8 մանաթ է (մոտ 9 դոլար), տվյալ ցանցի ներսում խոսելավարձըՙ 0,10 մանաթ, դեպի այլ ցանց զանգի դեպքումՙ դարձյալ 0,25 մանաթ: Այստեղ արդեն գործում է ամսական 25 րոպե անվճար խոսելու ժամանակահատվածը: «Էկոնոմ» քարտի համեմատ այս քարտի բաժանորդավճարն ավելի բարձր է, բայց դա փոխհատուցվում է անվճար խոսելու եւ դեպի այլ ցանց խոսելու ավելի ցածր գնով: Այսինքն, առաջինն առավել ձեռնտու է քիչ խոսացողների, երկրորդըՙ շատ խոսացողների համար: «Ազերսելի» «բիզնես» քարտն այս առումով ավելի բարենպաստ է շատ խոսելու անհրաժեշտություն ունեցողների համար: Ադրբեջանի մյուս օպերատորիՙ «Բաքսելի» առաջարկած «կլաս» քարտի բաժանորդավճարն է 7,5 դոլար, խոսելավարձը ցանցի ներսում եւ դեպի այլ ցանցՙ 10 ցենտ: Փաստորեն, Անդրկովկասում ամենացածր սակագներն առաջարկում է Ադրբեջանի «Բաքսելը»:

Թուրքիայում գործող օպերատորներից հիմնականը երկուսն ենՙ «Թուրքսելը» եւ «Տելսիմը»: Առաջատարը «Թուրքսելն» է: Բնականաբար թուրքական շուկան շատ ավելի մեծ է եւ ընդգրկուն: Օպերատորների առաջարկած ծառայություններն էլ համապատասխանաբար տարբերակված են եւ բազմազան: Կան հատուկ քարտեր բանակայինների, անվտանգության, ոստիկանության եւ ուսանողների համար, որտեղ վերջիններս օգտվում են ավելի ցածր գներով ծառայություններից: «Թուրքսելի» «ստանդարտ» քարտի ամսական վճարը կազմում է 0,75 նոր թուրքական լիրա կամ մոտ 50 ցենտ: Ցածր բաժանորդավճարի փոխարեն բարձր է խոսելաժամանակըՙ 0,35 նոր թուրքական լիրա (25 ցենտ) ցանցի ներսում եւ 0,50 լիրա (37-38 ցենտ)ՙ դեպի այլ օպերատոր զանգի 1 րոպեի համար: «Թուրքսելի» առաջարկած նվազագույն խոսելավճարը կազմում է մինչեւ 0,2 նոր թուրքական լիրա կամ մոտ 15 ցենտ:

Բնականաբար, բջջային կապի օպերատորների առաջարկած ծառայությունների բոլոր տարատեսակներին ու զեղչային տարբերակներին անդրադառնալն անհնար է: Սակայն կարելի է ասել, որ տարածաշրջանի երկրների բջջային կապի հիմնական ծառայությունների սակագները շատ չեն տարբերվում: Ինչ մնում է որակին, ծածկույթի ապահովմանը, ընկերությունների տեխնոլոգիական զինվածությանը եւ այլ ցուցանիշներին, ապա դրանք արդեն այլՙ մասնագիտական մոտեցում պահանջող խոսակցության թեմաներ են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4