Առատ տեղումներն ու գերխոնավությունը գյուղատնտեսությանը ոչ մի վնաս չեն հասցրել
Գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանը հենց սկզբից լրագրողներին հանգստացրեց, թե ջերմաստիճանի ապրիլյան անկումը եւ գերխոնավությունը ոչ այսօր, ոչ էլ առաջիկայում չեն վնասի գյուղատնտեսական մշակաբույսերին: Բարձրադիր գոտիներում նույնիսկ 0-ից ցածր ջերմաստիճանը եւ ձյան ծածկույթը բացասական հետեւանքներ չեն ունեցել, քանի որ այս տարածքներում հիմնականում հացահատիկ է աճում, իսկ վերջինս դիմացկուն է ջերմաստիճանային նման ռեժիմի հանդեպ: Նույնկերպ եւ կարտոֆիլի ցանքերը: Նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում 0-ից պլյուս 1 աստիճանը եւս էական վնաս չի հասցրել: Այս մակարդակի ջերմաստիճանային անկումը կարող էր վտանգավոր լինել միայն 10-15 օր հետո: Այս պահին չկան մշակաբույսեր, որոնք այսպիսի ցրտից կվնասվեին:
«Այնպես որ, եթե ուրիշ արհավիրքներ չլինեն, մենք այս տարի պտղի, հացահատիկի ու բանջարեղենի բարձր բերք կունենանք»: Ինչպես արդեն ասել ենք, Արարատյան հարթավայրում տեղումների քանակը 2,5 անգամ գերազանցել է տարեկան նորման: «Հայաստանի ռելիեֆի պայմաններում գերխոնավությունը մի քանի օրվա ընթացքում կգոլորշանա եւ դուրս կգա հողից, քանի որ եղանակը կրկին արագ տաքանալու է», հավատացնում է Գառնիկ Պետրոսյանը:
Իսկ ընդհանրապես, ջերմաստիճանային նման տարուբերումները մեր տարածաշրջանի համար սովորական են դարձել: Անցած տարվա ապրիլին ձյուն տեղաց: Բայց ծառերը դեռ չէին բողբոջել, բերքին վնաս չեղավ: 2004-ի ապրիլի 5-ի գիշերը ջերմաստիճանը նվազեց 10-15 աստիճանով եւ իսկապես մեծ վնաս պատճառեց բերքին ու բերքատվությանը:
Հենվելով օդերեւութաբանների կանխատեսումների վրաՙ Գառնիկ Պետրոսյանը ջերմաստիճանի նվազելու հավանականությունը փոքր է համարում, բայց Արարատյան հարթավայրի հողագործներին խորհուրդ է տալիս բույսերն ու տնկիները ցրտից պաշտպանելու ավանդական միջոցը կիրառել, դրանք տաքացնել ծխածածկույթներով:
Չնայած կլիմայի «նախազգուշական ազդանշաններին», մեր երկրում գյուղատնտեսության մեջ բերքի կամ եկամտի ապահովագրման համակարգն այդպես էլ չի կայանում: Ոչ մի գործարար չի ուզում ռիսկի ենթարկվել` նկատի առնելով անկանխատեսելի եղանակը: Քայլեր չեն ձեռնարկվում նաեւ ընդհանրապես ռիսկայնության մակարդակների գնահատման, եկամուտների թե բերքի ապահովագրման ձեւերի ու մեթոդների մշակման համար:
Եղանակային անակնկալների դեմ միակ միջոցառումն առայժմ հակակարկտային 15 տեղակայանքներն են, որոնք տեղադրվել են Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում` 1200 հա երկրագործական տարածքների պաշտպանության համար: Նպատակ կա նաեւ Արմավիրի մարզում նման տեղակայանքներ տեղադրել, ուր կարկուտները սովորական հյուրեր են:
Առատ տեղումները շարունակում են հեղեղումների սպառնալիքը իրական պահել Լոռու, Տավուշի մարզերում: Մասիսում բարձրացել է Հրազդան գետի մակարդակը, Դեբեդի վարարումներից կամուրջներ են վնասվել, երկաթգծի մի հատվածը ծածկվել է ջրով: Արմավիրի մարզի սահմանամերձ գյուղերում գյուղացիներին տագնապի մեջ է գցել հորդացած Արաքսը: Մարզպետարանը նույնիսկ նախապատրաստական աշխատանքներ է կատարել հնարավոր հեղեղումների առաջն առնելու համար:
Վերջին 7 օրերի անընդմեջ տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն: Այսօր հանրապետության լեռնային եւ նախալեռնային շրջաններում հնարավոր են ձյան տեսքով տեղումներ: Վաղը եւ առաջիկա երեք օրերին, առավելապես օրվա երկրորդ կեսին կրկին սպասվում են անձրեւներ: Արդեն այսօր կեսօրից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա մինչեւ պլյուս 15 աստիճան, քանի որ հանրապետություն այցի կգան տաք հոսանքները:
Նախալեռնային գոտու համեմատաբար բարձր հատվածների ճակատագրի համար այս գիշերվա ջերմաստիճանային ռեժիմը վճռական է եղել: Իրավիճակի գնահատականը փորձագետներն այսօր կտան: Նախանցած գիշեր այստեղ ջերմաստիճանը 0-ին մոտ է եղել կամ մի քիչ ցածր:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ