Կառուցապատողների աչքը հնարավո՞ր է վախեցնել
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո հասարակության լայն շրջաններին առավելապես հուզող հարցն այն է, թե ի՞նչ հետեւանքներ կլինեն եւ ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ Երեւանի կառուցապատման գոտիների այն բնակիչները, որոնց դեմ կառավարության որոշմամբ կիրառված իրավական ակտերը Սահմանադրական դատարանում ճանաչվեցին հակասահմանադրական: Այս հարցին տրվել են բազմաթիվ մեկնաբանություններ, որոնց գերակշիռ մասի հետ ես եւ իմ գործընկերները համաձայն չենք: Համակարծիք ենք միայն այն հարցի վերաբերյալ, որ Սահմանադրական դատարանի որոշումները ուժի մեջ են մտնում հրապարակման պահից եւ վերանայման ենթակա չեն: Հողային եւ քաղաքացիական օրենսգրքերի այն նորմերը, որոնց հիման վրա իրականացվել են կառուցապատման աշխատանքները եւ այսպես կոչված պետական կարիքների համար բազմաթիվ քաղաքացիների զրկել անշարժ գույքից, այդ բոլոր նորմերը ճանաչվել են հակասահմանադրական: Այս հարցին այլ մեկնաբանություն հնարավոր չէ տալ, քանի որ հակասահմանադրական ճանաչված նորմերը երբեւէ չեն կարող նորից սահմանադրական դառնալ: Այս առումով ես համաձայն չեմ որոշումից հետո հնչած այն տեսակետին, թե որոշ ժամանակ անց կառուցապատում իրականացնող ծրագրերի գրասենյակը (ԾԻԳ) կամ քաղաքապետարանը կարող են դիմել դատարան եւ իրավական ակտերի հիման վրա փոխհատուցում տալով վտարել քաղաքացիներին: Եթե նմանատիպ հայցեր ներկայացվեն դատարան, դրանք կլինեն ակնհայտ անհիմն, քանի որ դրանց հիմքը համարվող որոշումները ճանաչվել են հակասահմանադրական», կարծում է փաստաբան Արթուր Գրիգորյանը: ՀԺԿ գրասենյակում հրավիրված քննարկման ժամանակ երեկ հիշյալ հարցի վերաբերյալ կարծիքներ հայտնեցին նաեւ ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանը, ՀԺԿ մամլո ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը, մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը, Բուզանդի փողոցից վտարված բնակիչները եւ ուրիշներ:
Փաստաբանը նաեւ նկատեց, որ մեզանում առկա կամայականությունները մտահոգվելու տեղիք են տալիս, եւ եթե առաջիկայում գրանցվի ԾԻԳ-ի կամ քաղաքապետարանի նման հայցապահանջ բավարարելու որեւէ դեպք, կհամարվի կամայականության ճչացող երեւույթ:
Ըստ փաստաբանի, որոշման գործնական կիրառման տեսանկյունից քաղաքացիների վիճակի հետ կապված կան մի քանի տարբերակներ: Սահմանադրական դատարանի որոշումը որեւէ դրական նշանակություն չի ունենա այն քաղաքացիների համար, որոնց տներն արդեն քանդվել են: Դրամական փոխհատուցման հարցը կորոշվի օրենսդիր մարմինների ստեղծելիք փաթեթից: Որոշումը կարող է օգտավետ լինել այն քաղաքացիների համար, որոնց սեփականության օտարման վճիռները կան, բայց դեռ չեն իրականացվել: Նրանք կարող են նորից դիմել դատարան, մանավանդ որ այս անգամ նրանց սեփականության անձեռնմխելիությունը պահպանվում է, եթե իհարկե հետագայում նոր իրավական ակտերի հիման վրա նոր գործընթացներ չլինեն:
Աժ պատգամավոր Վարդան Մկրտչյանի կարծիքով, սեփականության իրավունքի ոտնահարումների դեմ պայքարի լավագույն ձեւը իրացվող գոտիների բնակիչներին բարոյական աջակցություն ցույց տալն է, միայն այդ դեպքում կարձանագրվեն դրական երեւույթներ, ինչպես, օրինակ, Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումը: «Եթե մի երկրում խախտվում է սահմանադրությունը, նշանակում է այդ երկրում խախտվում է ամեն ինչ»:
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ պետք է աչքի տակ ունենալ այն հանգամանքը, որ Հայաստանում ձեւավորվել է Սահմանադրական դատարանի որոշումը անտեսելու ավանդույթ, ինչը պարտադրում է աչալուրջ լինել եւ ընդունված որոշմանը հետամուտ լինել մինչեւ վերջ: Նրա համոզմամբ, քաղաքացիներին փոխհատուցում պետք է տրվի ոչ միայն սեփականության կորստի, այլեւ հոգեկան ու բարոյական ապրումների համար:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ