Գլխավոր գանձապետը դա պայմանավորեց դրամի արժեւորմամբ
2005 թ.-ի պետական բյուջեի կատարողականը, որը կառավարությունը պետք է մինչեւ մայիսի 1-ը ներկայացնի Ազգային ժողովի հաստատմանը, երեկ լրագրողներին ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Անցյալ տարի Հայաստանում ստեղծվել է 2 տրիլիոն 243 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք (ՀՆԱ), տնտեսական աճը կազմել է 14 տոկոս, նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 0,2 տոկոս գնանկում եւ 0,6 տոկոս տարեկան միջին գնաճ: 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում 2005 թ.-ին եղել է 697 հազար դրամ, ինչը նախորդ տարվա համանման ցուցանիշից ավելի է 16 տոկոսով: Դրամը արժեւորվել է 7,3 տոկոսով:
Գլխավոր գանձապետը հայտնեց, որ բյուջեի եկամուտներն ավելացել են 24 տոկոսով, նրանց կատարողականը կազմել է 99,9 տոկոս: Ծախսերն ավելացել են 27 տոկոսով, իսկ կատարողականը կազմել է 97 տոկոս: Ատոմ Ջանջուղազյանը առանձնացրեց սոցիալական ծախսերը 27 տոկոսով ավելացումը:
Ինչ վերաբերում է ծախսերի ցածր կատարողականին, ապա դրա մի մասը փոխնախարար-գանձապետը պայմանավորեց այն բանով, որ անցյալ տարի աղքատության կրճատմանն աջակցության նպատակով նախատեսված 20 մլն դոլար վարկը տրամադրվել է այս տարի: Արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող բոլոր ծրագրերը թերակատարվել են: Վարկային ծրագրերը կատարվել են 75 տոկոսով, դրամաշնորհայինըՙ 56 տոկոսով: Դրանց պատճառների առարկայական բացատրություն փոխնախարարն այդպես էլ չտվեց:
Հայաստանի արտաքին պարտքը կազմել է 1 մլրդ 99 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ նվազելով 7,1 տոկոսով կամ 83 մլն դոլարով: Դա պայմանավորված է եղել դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությամբ: Ներքին պարտքը կազմել է 51 մլրդ դրամ նախորդող տարվա 46 մլրդ դրամի համեմատ: Թողարկված պետական պարտատոմսերի 13 տոկոսը կազմել են կարճաժամկետ, մնացածըՙ միջնաժամկետ եւ երկարաժամկետ պարտատոմսերը: 2005 թ.-ին առաջին անգամ թողարկվել են երկարաժամկետ պետական պարտատոմսեր:
Պահուստային ֆոնդը կազմել է 22 մլրդ դրամ եւ ամբողջությամբ ծախսվել է: Իսկ անցյալ տարվա բյուջեի ռիսկերի մասին հարցին պատասխանելով, Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ դրանցից կարելի է առանձնացնել դրամ-դոլար փոխարժեքի փոփոխությունը եւ գնանկումը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ