«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2006-04-26 | #76, 2006-04-27 | #77, 2006-04-28


ԵՐԵՎԱՆԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՆՈՐ ՍԱԿԱԳՆԵՐԸ ԿՈՐՈՇՎԵՆ ԱՅՍՕՐ

«Երեւան ջրի» առաջարկը հավանաբար կընդունվի

Այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի «Երեւան ջուր» ընկերությանը ջրային համակարգի օգտագործման թույլտվության տրամադրման եւ սպառողներին խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների հաստատման հարցերը:

Ինչպես արդեն նշել էինք մեր նախորդ հրապարակումներում, «Երեւան ջուրը» ստեղծվել է ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերության կողմից: Երեւանի ջրմուղ-կոյուղու համակարգի վարձակալության միջազգային մրցույթը շահած ֆրանսիական ընկերությունն իր մրցութային առաջարկում ներկայացրել էր առաջիկա 10 տարիներին սակագների փոփոխման տարբերակը, համաձայն որի առաջին երեք տարիներին սակագինը կբարձրանա մինչեւ 144 դրամ առանց ավելացված արժեքի հարկի, ինչը ներառյալ ավելացված արժեքի հարկը կազմում է 172,8 դրամ, իսկ 4-րդ տարվանից սակագինը կսկսի նվազել, վարձակալության 10-րդ տարում կազմելով ավելի փոքր գումար, քան ներկայումս է:

Նաեւ տեղեկացրել էինք, որ «Երեւան ջուրն» իր գործունեությունը կսկսի մայիսի 1-ից, իսկ ջրամատակարարման եւ ջրահեռացման նոր սակագները, ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի փոխնախագահ Գագիկ Խաչատրյանի, Երեւանում կկիրառվեն այս տարվա հունիսի 1-ից: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի «Երեւան ջրի» սակագնային փոփոխության առաջարկին, քանի որ վարձակալության մրցութային պայմանների մեջ ներառված էին նաեւ հանձնաժողովի մոտեցումները:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4