«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2006-04-26 | #76, 2006-04-27 | #77, 2006-04-28


ՋԱԶԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ապրիլի 26-30-ը Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը կազմակերպում է «Ջազի օրեր Հայաստանում»: Ինչպես տեղեկացրեցին դեսպանատան պատասխանատուները երեկ հրավիրված մամուլի ասուլիսին, սա արդեն 5-րդ փառատոնն է, ինչի նպատակը հայ հանդիսատեսին Ամերիկայում ծնված, սակայն ողջ աշխարհում տարածում գտած ջազի մշակույթն ու մոտեցումները ներկայացնելն է:

Այս տարի հայ ջազմենների հետ ելույթ կունենա ԱՄՆ-ից ժամանած Ջուդի Բեյդինՙ իր քառյակով: Շաբաթ օրը Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երաժիշտները ելույթ կունենան Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի նվագախմբի, Հայաստանի ջազ նվագախմբի, Լեւոն Մալխասյանի, Արմեն Թութունջյանի (Չիկո) եւ հայ հանդիսատեսին հայտնի այլ անունների հետ, իսկ կիրակի հանդես կգան մենաահամերգով:

Խմբի կատարողներից Հանս Գլավիշնիկը անցյալ տարի նույնպես Հայաստանում մասնակցել է ջազի օրերին: «Լավ տպավորություններ ունեմ հայ երաժիշտներից, ասաց նա, հաճելիորեն զարմացած եմ նրանց լավ կրթությամբ եւ գործիքներին տիրապետելու հմտությամբ»: Մինչ այդ Հանսն ու խմբի դաշնակահար Միշա Պիտիգորսկին համերգներով հանդես են եկել Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ:

Հայ երաժշտական դպրոցը ծանոթ է նաեւ խմբի մեներգչուհի Ջուդի Բեյդիին, ում դաշնամուրի առաջին ուսուցիչը ամերիկահայ դաշնակահար Գրեգորի Թորոյանն է, իսկ Հայաստան նրան հրավիրել է կրկին ամերիկահայ դաշնակահար Արմեն Դանիելյանը: Ջուդին Հայաստան գալուց առաջ ծանոթացել է Չիկոյի կատարումներին եւ մեծ տպավորություններ ստացել:

Խմբի անդամները անհամբերությամբ սպասում են հայ երաժիշտների հետ հանդիպմանը եւ ակնկալում համերգին հայկական ազգային տոնայնություններ ու մեղեդիներ լսել:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4