Հովհաննես Շիրազի ծննդյան տարեդարձի օրըՙ ապրիլի 27-ին Գյումրիում ձյուն էր եկել, սակայն բանաստեղծի թանգարանի բակն ու դուռը առավոտից լի էր բազմությամբ, նրա պոեզիայի երկրպագուներով: Թանգարանի դիմաց մտերմիկ հանդիսությամբ բացվեց Շիրազի կիսանդրին, որի հեղինակը մեծանուն բանաստեղծի որդին էՙ քանդակագործ Արա Շիրազը:
Բացման ժամանակ ելույթ ունեցողները ջերմ խոսքով կարեւորեցին օրվա խորհուրդը, հնչեց Սիլվա Յուզբաշյանի ասմունքը: Սա սիրելի պոետի երրորդ հուշարձանն է իր ծննդավայրում: Ինչպես իր խոսքում դիպուկ նկատեց բանաստեղծի Անի դուստրը, Շիրազը հերթական անգամ իր հայրենի քաղաք վերադարձավ որպես ոգեղեն ներկայություն: Այդ ներկայությամբ լի էր նաեւ վերջում թանգարանի սրահում անցկացված ցերեկույթըՙ դպրոցականների նորաստեղծ բանաստեղծական թատրոնի ելույթով ու պարով, երգիչ Մուրադ Մալխասյանի «Գյումրի-Լենինական» կատարումով, Անիին նվիրված «Հիմա որպես ուխտավոր...» սրտաբուխ երգով (Բենիամին անունով գյումրեցի մի մարդու այս կատարումը ամեն անգամ հմայել ու հուզել է Շիրազ-բանաստեղծին):
Պոետի կիսանդրու կերտման ու տեղադրման հովանավորներն են Լոս Աջելեսից Անահիտ Մարտիրոսյանը եւ «Հայաստանի մանկատների հիմնադրամը»:
Գ. Մ.