Այս օրերին ազգային պատկերասրահի ցուցասրահներից մի քանիսը շնչում են Սարգիս Համալբաշյանի կտավներով: 50-ամյա հայտնի նկարչի հոբելյանական ցուցահանդեսը Հայաստանում հանդիսավորապես բացվեց եւ ներկայացավ ոչ միայն 50 «կենդանի կատարումների»` նկարների տեսքով, այլեւ ծավալուն մի գիրք-կատալոգի ներկայացմամբ, որի հրատարակչական ծախսերը հոգացել են ամերիկահայ բարերարներ Շողակ եւ Րաֆֆի Հովհաննիսյանները: Ինքը` ցուցահանդեսի հեղինակը բավականին հուզված էր դահլիճների մարդաշատությունից, պատվավոր հյուրերի ողջույնի ջերմ խոսքերից ու գնահատականներից, պարզվեց նաեւ` լրագրողների ներկայությունից, քանի որ մեզ հետ զրույցում ասաց, թե մի նկար էլ մեր թեմայով է նկարելու: Արդեն նկարածների մասին խոսելիս նկարիչը նշեց. «Նկարն իմ սրտի կարդիոգրամման է: Իմ նկարներում իմ կենսագրությունն է, իմ ապրելու ձեւը, իմ արյան բաղադրությունը: Ես ենթագիտակցորեն եմ նկարում, քանի որ ինչպես Սարյանն է ասում, երբ գործում է սառը դատողությունը, այդժամ վախճանվում է ստեղծագործությունը: Շատ անգամ նկարում եմ, ու պատկերը վերջում եմ տեսնում: Նույնիսկ ցուցահանդեսներն են առիթ, որ գիտակցեմ, թե ինչ եմ արել»:
Սարգիս Համալբաշյանի կոլեգա` նկարիչ Արամ Իսաբեկյանն այսպես արտահայտվեց նրա մասին. «Ես Սարգսին շատ վաղուց, նշանակում է` լավ եմ ճանաչում: Նա առավոտից երեկո արվեստանոցում է, եւ որ շատ կարեւոր է` այնտեղ զբաղված է նկարելով: Նա մտածող ու կայացած նկարիչ է: Սարգիսն իր ոճը գտել է, որն այլեւս պահանջված է երկրպագուի կողմից»:
Սարգիս Համալբաշյանի նկարներն աչքի են զարնում «ագրեսիվ» գունային զուգորդումներով, բառի, նախադասության ու մտքի մեջբերմամբ, անգամ հայտարարությունների, ցուցանակների վերարտադրությամբ, տարազավոր կամ կիսամերկ, մի քիչ գիրուկ մարդկանց առկայությամբ: Հատկանշական էր, որ իրար կողքի ներկայացվում էին «Կիրակի» եւ «Տնտեսի կիրակի» կտավները` իրենց իրական պատկերային ու բուն էութենական հակասականությամբ, իսկ մեկ այլ սրահում ցուցադրվող «Թաղամաս Երեւանում»-ը կարծես շենքի մանրակերտ լինի` թափանցիկ պատերով: Այնտեղ ամեն տան «թափանցիկ աղյուս» այդ տան տրամադրությունն ու մթնոլորտն է ցուցադրում: Իսկ պատերից «մոնտաժած» հայտարարությունները` վաճառքի հանվող տեսականու մանրամասներով ու կորցրած իրերի նկարագրությամբ ծառայում են որպես իրական մարդկանց հոգսերի կենդանի ապացույցներ:
Դիտելով Ս. Համալբաշյանի կտավները, այցելուներից մեկը նկատեց, թե այս նկարիչը ոչ միայն դիտողականության, ներքին աչքի, վերլուծող մտքի ու խիստ յուրօրինակ նկարչական խարակտերի ու խարիզմայի տեր մարդ է, այլեւ հումորի զգացումով հարուստ արվեստագետ:
Ս. Մ.