«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՈՐ ԵՐԿԻՐՆ ԻՆՉՊԵՍ Է ԶԱՐԳԱՆՈՒՄ

Տիգրան Սարգսյանն առաջարկեց Հարավային Կովկասի հակամարտությունների լուծման համար կիրառել Գերմանիայի եւ Ֆրանսիայի օրինակը

«Հարավային Կովկասի երկրների զարգացման դինամիկան 2005 թվականին»: Այս թեմայով «Կովկաս-2005» միջազգային գիտաժողովում զեկույցով հանդես եկավ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Մինչ այդ նա հիշատակեց մշտապես թշնամության մեջ գտնվող երկու հարեւան երկրների հաշտվելու օրինակը: Ֆրանսիան եւ Գերմանիան 1950 թ.-ից թշնամիներ չհամարվեցին, ինչը հնարավոր դարձավ այդ երկրները ներկայացնող մի քանի բարի կամքի տեր մարդկանցՙ ածխի եւ երկաթի հանքերի համատեղ շահագործման առաջարկի շնորհիվ: Տիգրան Սարգսյանն առաջարկեց այդ օրինակը կիրառել նաեւ Հարավային Կովկասի հակամարտությունների համար, քանի որ դրանց քաղաքական լուծումներն այսօր հնարավոր չէ գտնել:

Երբ Հարավային Կովկասի երեք երկրները խոսում են Եվրոմիությանը միանալու ցանկության մասին, ապա, ըստ Հայաստանի ԿԲ նախագահի, նախ դիտարկվում է, թե որքանով են նրանք համապատասխանում Մաաստրիխտի համաձայնագրում ամրագրված չափանիշներին: Դրանք ենՙ գնաճի, պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի, բյուջեի պակասորդի եւ երկարաժամկետ տոկոսադրույքների ցուցանիշները:

Գնաճի առումով առայժմ միայն Հայաստանն է համապատասխանում այդ չափանիշներին, իսկ Ադրբեջանն ու Վրաստանը դեռ հեռու են դրանից: Ադրբեջանը իրականացնում է փոխարժեքի պահպանման քաղաքականությունը եւ ձգտում գնաճը կարգավորել վարչական մեթոդներով, ինչը բերում է գնաճային կուտակումների եւ մակրոտնտեսական կայունությունը խաթարելու սպառնալիքների: Վրաստանից ու Ադրբեջանից առնվազն երեք տարի կպահանջվի Հայաստանի ցուցանիշներին հասնելու համար: Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս եւ մյուս եզրակացությունները կատարվել են միջազգային տնտեսական կազմակերպությունների ուսումնասիրությունների հիման վրա:

Պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի հետ ցուցանիշի առումով երեք երկրներն էլ լավ վիճակում են: Վրաստանը դժվար վիճակում էր, բայց կարողացավ դուրս գալ այդ վիճակից: Պետբյուջեի պակասորդը չպետք է գերազանցի 3 տոկոսի սահմանը: Այստեղ նույնպես երեք երկրները կարողացել են ապահովել դա: Սրան հակառակ երկարաժամկետ տոկոսադրույքների ցուցանիշի առումով երեք երկրներն էլ դժվարություններ կարող են ունենալ: Ֆինանսական միջնորդությունը երեք երկրներում էլ ցածր մակարդակի վրա է: Նույնը նաեւ արժեթղթերի եւ ապահովագրության ոլորտներում է: Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումները նոր են սկսվել, իսկ հարեւան երկրներումՙ դեռ ոչ:

Բնականաբար, Եվրոմիությանը միանալու ցանկություն ունեցող երկրների համար կարեւոր են տնտեսական աճի եւ կյանքի բարելավման տվյալները: Այստեղ արձանագրվել են հետեւյալ ցուցանիշները: Հայաստանում միջին աշխատավարձը 145 դոլար է, Վրաստանումՙ 113 դոլար, Ադրբեջանումՙ 124 դոլար: Աղքատությունը Հայաստանում 34 տոկոս է, Վրաստանումՙ 52 տոկոս, Ադրբեջանումՙ 29 տոկոս: Առողջապահության ծախսերը Հայաստանում կազմում են համախառն ներքին արդյունքի 1,3 տոկոսը, Վրաստանումՙ 0,5 տոկոսը, Ադրբեջանումՙ 1,6 տոկոսը: Վարկային ռեսուրսների հասանելիության առումով Վրաստանում վիճակն ավելի լավ է քան Հայաստանում, Հայաստանումՙ ավելի լավը, քան Ադրբեջանում: Սեփականության իրավունքը Հայաստանում ավելի լավ է պաշտպանվում, քան Ադրբեջանում, Ադրբեջանումՙ ավելի լավ, քան Վրաստանում: Դատական համակարգի անկախության առումով Հայաստանում վիճակն ավելի վատ է, քան Ադրբեջանում եւ Վրաստանում: Ինտերնետ հասանելիության առումով Վրաստանն էապես առաջ է անցել Հայաստանից եւ Ադրբեջանից: Հայաստանին այս առումով խանգարում է մենաշնորհը հեռահաղորդակցության ոլորտում: Լարային հեռախոսակապով Հայաստանը լավագույն ցուցանիշն ունի, իսկ բջջայինով զիջում է իր հարեւաններին:

Միջազգային տնտեսական ֆորումի 2005-2006 թթ. վերոնշյալ տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ կյանքի որակը երեք հարավկովկասյան երկրներում էլ նույնն է:

Տնտեսական աճի ցուցանիշները տարածաշրջանում հետեւյալն են: Ադրբեջանՙ 23,6 տոկոս, Վրաստանՙ 9,9 տոկոս, Հայաստանՙ 14 տոկոս: Առավել մեծ աճ ունեցել է Ադրբեջանը: ԿԲ նախագահը նշեց, որ համախառն ներքին արդյունքի մեջ գերակշիռ բաժին է կազմում նավթարդյունահանումըՙ 42 տոկոս, որի հաշվին էլ հիմնականում ապահովվում է տնտեսական աճն այդ երկրում: Վրաստանում տնտեսական աճն ապահովվում է հիմնականում ծառայությունների եւ գազատարի ու նավթատարի շինարարության, իսկ Հայաստանումՙ շինարարության եւ գյուղատնտեսության հաշվին:

Հարկաբյուջետային քաղաքականության առումով երեք երկրներն էլ ձգտում են ավելացնել մուտքերը: Ադրբեջանի բյուջեն դարձյալ հիմնականում համալրվում է նավթի հաշվին, ինչը, կախված նրա գնից, ռիսկային է դարձնում բյուջեն: Վրաստանի բյուջեն համալրվում է հիմնական տարանցիկ ճանապարհների շնորհիվ: Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմում են մոտ 650 մլն դոլար, ինչը չորս անգամ գերազանցում է Հայաստանի ռազմական բյուջեն:

Արտահանման մեջ Ադրբեջանի համար հիմնականը նավթն է, Վրաստանի համար սեւ մետաղը, Հայաստանի համարՙ ոչ թանկարժեք մետաղներն ու գյուղմթերքները: Ներմուծման առումով նոր տեխնոլոգիաների ներմուծման միտում Ադրբեջանում եւ Վրաստանում չի նկատվում, Հայաստանում նկատվում է, բայց ոչ մեծ ծավալներով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4